Ի՞ՆՉ ԿԹՈՂՆԵՍ ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ
Անկեղծ ասած՝ կարդալով Լյուդվիգ Կարապետյանի «Դասեր ողջ կյանքի համար» գիրքը` ես ցանկացա իմ մտքերն ու խոհերը կիսել հայոց բանակ զորակոչված մեր բոլոր զինվորների հետ, որոնց կրթության, ինքնահաստատման ճանապարհին, հավատացած եմ, նաև ուղեցույց են հանդիսանում այսպիսի գրքերը, և նաև հենց այսպիսի գրքերի «դասերն» են, որ կրթում, դաստիարակում են` Զինվորներ ամբողջ կյանքի համար:
Ի՞նչ հետագիծ ես թողնելու կյանքիդ ճանապարհին՝ մանկական առաջին թոթով բառերից, առաջին անվստահ ու դողդոջուն քայլերից, դպրոցի շեմին առաջին անգամ ոտք դնելուց, գիտելիքների աշխարհում մշտապես ճանապարհորդելու և իբրև զինվոր հասուն մարդ կայանալու ընթացքից մինչև… կյանքի վերջին կայարան… Ի՞նչ մնայուն արժեքներ ես դավանելու և ի՞նչ մերժելի, բացասական լիցքերից ես հրաժարվելու՝ ընտրած ճանապարհն ուղիղ, շիտակ և ազնիվ անցնելու համար։ Ովքե՞ր են այդ ճանապարհին նեցուկ և զորավիգ լինելու քեզ՝ ծնողնե՞րդ, մերձավորնե՛րդ, ընկերնե՞րդ, ուսուցիչնե՞րդ, զինակից ընկերներդ, քո բարին անկեղծորեն ցանկացող այլ մարդիկ՝ իրենց շահեկան խորհուրդներով, իրենց «դասերով»։ Բնավորության ու վարքագծի ի՞նչ կայուն հատկանիշներ ես պատվաստելու քո մեջ, որ վաստակես իսկական մարդ լինելու վեհ կոչումը, որ դու լիարժեք և արժանավայել ապրես Աստծո կողմից քեզ պարգևած կյանքը ու քեզնից հետո սերունդներին թողնես բարի անուն և լուսավոր հետագիծ։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորը հենց այդ հարցի պատասխանն է՝ ի՞նչ կթողնես քեզնից հետո։
Իր «Դասեր ողջ կյանքի համար» նոր գրքում այդ հարցի ինքնատիպ պատասխաններն է «փոքրիկ ու մեծ ընթերցողներին» ներկայացնում բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանը։ Շատերը նրան գիտեն որպես հայ մանկապատանեկան գրականության պատմության ու տեսության խորագիտակ հետազոտողի և իրավամբ համարում են «մանկագրական մոլորակի տարեգիր»՝ նկատի ունենալով գրականության այդ ոլորտի վերաբերյալ նրա տասնյակից ավելի գրքերը. «Ոսկեդարից»… մինչև 21-րդ», «Դասը վարում է գրողը», «Հանդիպումներ մանկության մոլորակում», «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը», «Արևմտահայ և սփյուռքահայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագիծ», «Հետագիծ» և այլն։ Բայց Կարապետյանը նաև ճանաչված հրապարակախոս է, մի շարք գեղարվեստավավերագրքերի հեղինակ՝ հիմնականում կրկին հասցեագրված մանուկ ու պատանի ընթերցողներին. «Արևային զանգակներ», «Քարե հուշամատյան», «Անունը… կյանք», «Հավերժական կանթեղ» (այն 2014թ.-ին արժանացավ «Հրայր և Մանուշակ Միմոնյաններ» հայ-ամերիկյան գրական հիմնադրամի մրցանակին)… շա՜տ են։
Եվ ահա լույս է տեսել հանրամատչելի զրույցների և երեխաներին ուղղված փոքրիկ բացիկների ժողովածուն՝ «Դասեր ողջ կյանքի համար»։ Ավելի քան 30 զրույցներն ամփոփվել են երեք բաժիններում՝ «Լուսավոր հետագիծ՝ կյանքի ճանապարհին», «Բնավորության գաղտնիքները», «Հրաշալի մոլորակ՝ անունը… կյանք»։ Զրույցների խորագրերն արդեն իսկ խոսում են նրանց բովանդակության մասին։ Հայրենախոս թեմաներին («Իմ սուրբ հայրենիք, դո՛ւ սրտիս մեջ ես», «Հայրենիքը լեզուն է», «Երկու նվիրական բառ՝ ազգ, ժողովուրդ», «Այդ թանկագին գանձի անունն է… գիտելիք», «Կյանքը մարդուն տրվում է մի անգամ», «Աշխատանքը մայրն է բոլոր բարիքների», «Աշխարհը սկսվում է… ծնողից» և այլն) հաջորդում են բնավորության, վարքագծի լավ ու վատ հատկանիշներին, արարքներին, մարդկային փոխհարաբերությունների տարբեր դրսևորումներին, կյանքի ճանապարհին հանդիպող դժվարությունների հաղթահարմանը և այլ երևույթներին նվիրված տարաբնույթ զրույցները՝ հյուսված մտերմական, մատչելի ոճով, համեմված իրականությունից, երեխաների առօրյայից բերված դիպվածներով («Եթե քո առաջ նպատակ ես դրել», «Ստի ոտքերը կարճ են», «Իմ ի՜նչ գործն է», «Իսկական մարդ լինելը՝ բարձրագույն նպատակ», «Աշխարհը գիրք է, որի էջերը մեր առջև բացվում են ամեն քայլափոխի», «Ասելը հեշտ է, անելն է դժվար», «Ինտերնետը մեր բարեկա՞մն է, թե՞՝ թշնամին»… Այսպես մեկ տասնյակից ավելի զրույց)։
Յուրաքանչյուր զրույց ավարտվում է տվյալ երևույթի, բնավորության ու վարքագծի դրական ու բացասական գծերի, մարդկային մնայուն արժեքների վերաբերյալ հայոց և այլազգի նշանավոր մարդկանց իմաստախոս ասույթներով, ժողովրդական ասացվածքներով, ինչը ավելի տպավորիչ ու հաստատուն հետագիծ է թողնում ընթերցողների հոգում։ Իրոք, Լյուդվիգ Կարապետյանը այս գրքով հետաքրքրաշարժ և ուսանելի դասեր է ավանդում մեծ ու փոքրիկ ընթերցողներին՝ մեր դժվար կյանքի ճանապարհին նրանց տոգորելով բարու, լավի, գեղեցիկի վեհ զգացումներով։ Սիրելի՛ հայ զինվոր, սրանք դասեր են` ամբողջ կյանքը որդիաբար ծառայեցնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Հոգևոր-մշակութային