ԵՐԿԻՐԸ ԶՈՐԵՂ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ
«Քվանտ» վարժարանի անունը հայտնի է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Վարժարանը Հայաստանի Հանրապետության փորձարարական ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից: Վարժարանի 32 դասարաններում սովորում է շուրջ 500 աշակերտ: Գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրով: Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին:
Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: Վարժարանի շրջանավարտների 95 %-ից ավելին բուհ է ընդունվում առաջին իսկ տարում և որպես կանոն զգալի մասը անվճար հիմունքներով: Վարժարանը դպրոցական քաղաքային և հանրապետական օլիմպիադաների անփոփոխ առաջատարն է: Վարժարանի սաները փայլուն հանդես են գալիս նաև միջազգային օլիմպիադաներում և բարձր են պահում Հայաստանի Հանրապետության պատիվը: Վարժարանն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Շվեդիայի դպրոցների հետ, հաջողությամբ համագործակցում միջազգային կազմակերպությունների հետ:
Այսպես կարելի է երկար գրել «Քվանտ» վարժարանի պատմությունը, մանկավարժական կազմի, սաների ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք հիրավի ձեռք են բերվել տքնաջան ու հայրենանվեր աշխատանքով , սակայն ուզում եմ ներկայացնել ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության աշխատակիցների, ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, գնդապետ Է. Ոսկանյանի ղեկավարությամբ այցը հրաշալի բնության գրկում «Ուղեծիր» ամառային ճամբար, որտեղ ականատեսը եղանք ռազմահայրենասիրական մի դասի, որը լրացնում-ամբողջացնում է «Քվանտ» վարժարանի պատմությունը:
Վարժարանը սկսած 1997թ.-ից նախնական զինվորական պատրաստության դասերն անցկացնում է ամառային ճամբարում` ռազմամարզական երկուշաբաթյա հավաքների տեսքով:
ՆԶՊ առարկայից բացի, դասավանդվում են առաջին բուժօգնություն, փրկարարություն, ֆիզկուլտուրա, ինտելեկտուալ և մշակութային տարատեսակ` 30-ի հասնող միջոցառումներ: Երեխաներն իրենց հրաշալի հանգիստն անցկացնում են՝ այն զուգակցելով ռազմագիտական առարկայական, հետաքրքրաշարժ դասընթացների հետ: Հարկ է նշել, որ «Քվանտը» միակ դպրոցն է, որն ունի ռազմամարզական ճամբար, և աշակերտներն այդ օրերի ընթացքում ծանոթանում են զինատեսակներին, զենքի օգտագործում, քանդում-հավաքում, ինչպես նաև ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, նկարների ցուցահանդեսներ, և միշտ հաղթողները պարգևատրվում են մրցանակներով:
Ինչպես նշեց վարժարանի տնօրեն, «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալով պարգևատրված Ռ. Վարդանյանը, երեք դասակների միջև (դասակների հրամանատարներ` Պ. Աիլիյան, Ա. Միլիտոնյան, Ա. Աղամիրյան) մշտապես անց են կացվում մրցումներ, գործում է կապը զորամասերի հետ, և ըստ սոցհարցումների` արդյունքը գոհացուցիչ է ինչպես տղաների, այնպես և աղջիկների մոտ: Եվ դա հիմք է հանդիսանում, որպեսզի հայոց բանակը համալրվի կիրթ, բանիմաց մասնագետներով: Ճամբարի պետ, պահեստազորի փոխգնդապետ Ե. Ներսիսյանի զեկույցից և գնդապետ Է. Ոսկանյանի ողջույնից հետո ձիգ, զինվորին վայել շարային քայլքով անցնում են դասակները:
Այնուհետև մասնակիցները գնդապետ Է. Ոսկանյանի գլխավորությամբ ծանոթանում են ճամբարականների առօրյային: Ինքնաձիգ զենքի քանդում-հավաքում է: Ա. Աթաբեկյանի, Մ. Մովսիսյանի, Կ. Ավագյանի, Զ. Ասլանյանի ցուցանիշները գերազանց են, և արժե նշել, որ աղջիկների արդյունքներն ավելի բարձր էին: «Ռազմական տերմինների բացատրություն» թեմայով լսարանում դաս է անցկացնում գրող-մտավորական Վ. Սարգսյանը: Աշխույժ մթնոլորտ է: Տրամաբանական տարբեր հարցադրումներ են հնչում, և աշակերտների պատասխանը ճիշտ է, ամբողջական: «ՀՀ հարակից երկրների (Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան) զինված ուժերը» թեմայով ռեֆերատն է ներկայացնում Ա. Ղազարյանը, որը ունկնդիրները լսում են մեծ հետաքրքրությամբ:
Սեմինարների դահլիճում տեղի է ունենում ռազմական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունների ցուցադրում (արգելքներ շրջանցող ռոբոտ, անօդաչու թռչող սարք), որոնց հեղինակները նույնպես «Քվանտի» աշակերտներն են: Զորանոց-կացարանները (ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների) հարդարված են, կահավորված, գործում է հերթապահությունը: Ճիշտ այնպես, ինչպես բանակում:
Ծանոթանալով ռազմամարզական ճամբարի պատմությանն ու ցուցադրական դասերին` գնդապետ Է. Ոսկանյանը իր ամփոփիչ խոսքում ասաց.
-Ծանոթանալով ձեր մեկօրյա ճամբարային կյանքին` ուրախությամբ պիտի նշեմ, որ այստեղ օգտակարն ու հաճելին համատեղվում է: Հաճելին հեքիաթային այս բնաշխարհն է, իսկ օգտակարն էլ այն է, որ հայրենի բնության գրկում դուք ավելի եք ըմբռնում հայրենիքի, նրա պաշտպանության վեհ ու կարևոր գործը: Գարեգին Նժդեհն ասում է. «Տվեք ինձ մի կիրթ սերունդ, և ես աշխարհի քարտեզին ցույց կտամ Հայաստանի տեղը»: Ես հպարտությամբ ուզում եմ ասել, որ եկել է այդ ժամանակը, և դուք եք այդ սերունդը: Ուզում եմ կարևորել ձեր վարժարանի ուղղվածությունն ու միևնույն ժամանակ ձեզ տեսնել հայոց բանակի շարքերում: Գիտատեխնիկական առաջընթացի մեր դարում, ինչպես նաև մեր տարածաշրջանի կացությունը մեզ պարտադրում են հետ չմնալ տարածաշրջանային զարգացումներից: Մշտապես կատարելագործվող արդիական զինատեսակները «սանձող», «բանեցնող» մասնագետներ են հարկավոր, և դուք եք այդ մասնագետները: Նաև հավելեմ, որ պաշտպանության նախարարությունը իրականացնում է կրթական ծրագրեր արտասահմանյան երկրներում և լավագույններին իր միջոցներով ուղարկում է կրթվելու, կատարելագործվելու: Ձեր շարքերում ես տեսնում եմ հայրենիքը պաշտպանողին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և մեր բոլորի անունից շնորհակալություն ենք հայտնում տնօրեն Ռ. Վարդանյանին, փոխտնօրեն Գ.Աղաբաբյանին, ճամբարի պետ, փոխգնդապետ Ե. Ներսիսյանին, ուսուցչական ամբողջ կազմին, ինչպես նաև ձեզ ու ձեր ծնողներին, որ գիտակցում ու առաջնային են համարում ամենակարևորը` Հայրենիքի անվտանգությունը:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Բանակ և հասարակություն