ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏ
Զրույց ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Պարոն գնդապետ, ես ուզում եմ այս զրույցը նվիրենք բացառապես պայմանագրային սերժանտների նոր ինստիտուտի լուսաբանմանը՝ այն ակնկալիքով, որ մանրամասն իրազեկումը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին կողմնորոշվելու և բաց չթողնելու աշխատանք ունենալու այս հնարավորությունը:
-Անկեղծ ասած՝ բնակչության շրջանում որոշակի հետաքրքրություն կա այս ծառայության նկատմամբ, և շատերը արդեն 7 տարի ծառայում են որպես պայմանագրային սերժանտ, դարձել են հմուտ ու բանիմաց զինվորականներ:
-Ինչպե՞ս են հավաքագրվում պայմանագրային սերժանտները:
-ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի գործունեությունը կանոնակարգված է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգով»: Թեկնածուների հավաքագրումն իրականացվում է տարածքային զինկոմիսարիատների և զորամիավորումների միջոցով՝ ամբողջ տարվա ընթացքում, իսկ ընտրությունը՝ տարին երկու անգամ՝ հունիս և դեկտեմբեր ամիսներին: Հավաքագրված թեկնածուներից ընտրություն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է համապատասխան հանձնաժողով՝ շահագրգիռ վարչությունների սպաների ընդգրկմամբ:
– Ի՞նչ սկզբունքով է կատարվում ընտրությունը:
-Հավաքագրված թեկնածուներից ընտրություն կատարվում է՝ ելնելով հետևյալ պահանջներից. թեկնածուն պետք է ունենա 1,5 տարվա ժամկետային պարտադիր զինծառայության ստաժ, միջնակարգ կրթություն և պիտանի լինի շարային ծառայության կամ հաշվառված լինի պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի պահեստազորում: Կարևորվում են նաև բարձր բարոյական-կամային հատկանիշները և ֆիզիկական որակները:
-Այս վերջին խմբի համար ո՞րն է տարիքային շեմը:
-30 տարեկանը:
-Խնդրում եմ՝ պատմեք պայմանագրային ավագ սերժանտների ուսուցման ծրագրի և գործընթացի մասին:
-Պայմանագրային ավագ սերժանտների պատրաստության ծրագիրը մշակված է ուսումնական փուլում չորս ամսվա համար: Վերջին շաբաթում անցկացվում են քննություններ: Ուսուցման նպատակն է ավագ սերժանտներին տալ բարդ իրավիճակում համազորային մարտի վարման, դժվարին խնդիրներ լուծելու և զինվորներին բարոյամարտական բարձր ոգով դաստիարակելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Ավագ սերժանտների պատրաստության ընթացքում գլխավոր ուշադրությունն ուղղվում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մարտի դաշտում քաջաբար ու վճռական գործելու, իրենց տրամադրության տակ եղող սպառազինությունը հմտորեն կիրառելու ու մարտական տեխնիկան մարտական խնդրի կատարմանը նախապատրաստելու ունակությունների ձևավորմանը: Ավագ սերժանտների պատրաստությունն իրագործվում է գլխավորապես դաշտային պայմաններում, վաշտի բոլոր տեսակի սպառազինության և մարտական տեխնիկայի ուսումնասիրմամբ և կիրառմամբ: Պարապմունքների առնվազն 30 տոկոսը անցկացվում է գիշերային պայմաններում: Ուսումնական կենտրոն կամ դաշտային պարապմունքների ու զորավարժությունների մեկնելիս, ինչպես նաև հրաձգարանում կրակային պատրաստության պարապմունքների ժամանակ ուսումնական օրը չի կանոնակարգվում:
-Այսինքն՝ նույնանում է զինվորական ռեժիմի հետ:
-Այո՛: Ամեն ամսվա վերջում անցկացվում են ստուգողական պարապմունքներ, մեթոդական խորհրդակցություններ, և ամփոփում են առաջադրված խնդիրների կատարման արդյունքները: Դասացուցակում նախատեսված է նաև ինքնապատրաստություն, որի համար օրվա կանոնակարգում հատկացվում են հատուկ ժամեր: Կուրսանտ պայմանագրային սերժանտների ուսուցման ժամանակ կիրառվում են ուսումնասիրվող նյութի բանավոր շարադրման, քննարկման, ցուցադրման, վարժման գործնական և ինքնուրույն աշխատանքի մեթոդներ: Նրանց հետ անցկացվում են տևական, գործնական, մեթոդական պարապմունքներ և խմբային վարժություններ:
-Պայմանագրային սերժանտները պետք է զինվորական ստորաբաժանումը ղեկավարելու կարողություն ունենան և պետք է ենթակա անձնակազմին փոխանցեն իրենց գիտելիքները: Ուսուցման ծրագիրը կարո՞ղ է լուծել խնդիրը:
-Մարտավարաշարային պարապմունքները կուրսանտների ուսուցման հիմնական ձևն են: Մարտավարաշարային պարապմունքներում մշակվում է մարտի տարբեր տեսակների ժամանակ զինվորների կողմից գործողությունների, վարժաձևերի կատարման տեխնիկան, ինչպես նաև ձեռք է բերվում ենթակա ստորաբաժանումների ղեկավարման փորձ: Մեթոդական պարապմունքներն անցկացվում են մարտավարաշարային պարապմունքների համապատասխան թեմաների մշակումից հետո, ինչպես նաև դաշտային եռօրյա պարապմունքներում, որպեսզի կուրսանտները դասակի հրամանատարի տեղակալի դերում գործելիս ձեռք բերեն մարտավարաշարային պարապմունքների անցկացման փորձ: Ուսումնական գործընթացի ժամանակ հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է կուրսանտների գործնական գիտելիքների և փորձառության ձեռքբերմանը, որպեսզի հետագայում կարողանան ուսուցանել իրենց դասակներին: Կուրսանտների ուսուցման համակարգում մարտավարական պատրաստությունը անձնակազմի դաշտային վարժվածության հիմքն է: Այն լիովին ապահովում է անձնակազմի համալիր ուսուցումը և հմուտ ու ներդաշնակ գործողությունները մարտի դաշտում: Պարապմունքների ժամանակ մարտի կազմակերպման ու վարման եղանակների ու ձևերի հետ մեկտեղ մշակված են նաև կրակային, ինժեներական, հետախուզական, ռազմաբժշկական, զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության, ռազմատեղագրական պատրաստության ուսումնական հարցեր: Կուրսանտների դիմացկունությունը բարձրացնելու նպատակով հաճախակի անցկացվում են երթարշավներ:
-Ի՞նչ քննություններ են հանձնում պայմանագրային սերժանտները ուսուցման ավարտին:
-Ուսուցման փուլի վերջում անցկացվում են ավարտական քննություններ հասարակական-պետական, մարտավարական, կրակային, ֆիզիկական պատրաստությունից և համազորային կանոնադրությունից:
-Ո՞վ է ընդունում քննությունները:
-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով համապատասխան վարչությունների առավել պատրաստված սպաներից կազմված հանձնաժողովը: Կուրսանտների մարտավարական, կրակային պատրաստության ավարտական քննություններն ընդունվում են դաշտում, զենքով՝ առանց հարցաթերթիկի, իսկ հրաձգության հիմունքների ու կանոնների իմացությունը ստուգվում է հատուկ պատրաստված ուսումնական տեղերում:
-Բոլո՞ր առարկաներից են քննություններ հանձնում:
-Ո՛չ, այն առարկաները, որոնք ընդգրկված չեն քննությունների ցանկում, գնահատվում են ստուգարքով: Երկու և ավելի ստուգարքներից անբավարար ստացած կուրսանտներին ավարտական քննություններին մասնակցելու իրավունք չի տրվում:
-Իսկ ի՞նչ կասեք պայմանագրային սերժանտների նշանակման կարգի մասին:
-Դեռևս հավաքագրման ժամանակ տարածքային զինկոմիսարիատներում որոշվում է թեկնածուների հետագա ծառայության վայրը սահմանամերձ զորամասերում (ընտրվում են թեկնածուների բնակավայրերին մոտ զորամասերը): Ավարտական քննությունները հաջող հանձնած շրջանավարտները ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով նշանակվում են համապատասխան պաշտոններում:
-Պայմանագրային սերժանտները օգտվո՞ւմ են զինծառայողների՝ սպաների ու ենթասպաների համար սահմանված սոցիալական փաթեթից:
-Այո՛, պայմանագրային սերժանտական զինվորական ծառայություն անցած զինծառայողների սոցիալական և իրավական երաշխիքներն իրականացվում են «Զինվորական ծառայության անցնելու մասին» և «Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով:
-Պարոն Բադասյան, գաղտնիք չէ, որ պայմանագրային սերժանտների փորձը ազգային բանակ ներմուծվեց՝ տեղայնացնելով ՆԱՏՕ-ի փորձը: Սա ավելի շատ «ներդաշնակվելո՞ւ» խնդիր ուներ, թե ինստիտուտը, իրոք, առավելություններ ունի:
-Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում պայմանագրային սերժանտների ինստիտուտը գործում է և մեծ նպաստ է բերում բանակին: Պայմանագրային սերժանտները փոխարինում են պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող զինվորներին: Ինքներդ դատեք՝ ո՞վ ավելի լավ կղեկավարի ջոկը, ո՞վ դասակի հրամանատարի ավելի լավ տեղակալ կլինի. զինվորներին հասակակից զինվո՞րը, թե՞ զինծառայության որոշակի փորձառություն ունեցող, սերժանտական դպրոցն ավարտած և տարիքով պայմանագրային սերժանտը: Ջոկի հրամանատարը կամ դասակի հարամանատարի տեղակալը զինծառայության ընթացքում մինչև ինչ-որ բան է սովորեցնում, մինչև մի քիչ հմտանում է, գալիս է զորացրվելու ժամանակը, իսկ պայմանագրային սերժանտը անընդհատ զինվում է գիտելիքներով, ավելի ու ավելի փորձառու է դառնում՝ տարիներ շարունակ ծառայելով: Մեր պարբերական զրույցները զինվորների հետ մեկ անգամ ևս հաստատում են, որ պայմանագրային սերժանտների ինստիտուտը բանակին անհրաժեշտ կառույց է և պետք է զարգացում ապրի:
-Ի՞նչ եք պարզել զինվորների հետ զրուցելիս, նրանք գո՞հ են պայմանագրային սերժանտներից:
-Այո՛, նրանք գերադասում են ավելի տարիքով, ավելի փորձառու հրամանատար ունենալ, քան ենթարկվել հասակակից զինվորին: Եվ դա բնական է:
-Շնորհակալություն: Դուք շատ մանրամասն և համակողմանի ներկայացրիք պայմանագրային սերժանտների՝ զինծառայության անցնելու ճանապարհը՝ հավաքագրումից, ուսումնական գործընթացից մինչև ծառայական պարտականությունների կատարումը: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ սա բացառիկ հնարավորություն է հայ տղամարդու համար արժանապատիվ աշխատանք ունենալու և ինքնադրսևորվելու: Հաջողություն մաղթենք բոլոր ներկա և ապագա պայմանագրային ավագ սերժանտներին և անփորձանք ծառայություն:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում