Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱՄԶԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



«Վիսբադեն». Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռադիոկենտրոնի ռադիստներին այս ծածկանունով էր հայտնի այն օպերատորը, որի հաղորդագրություններն առավել հաճախ էին ընդունում նրանք 1941 թվականին: Տագնապալի տեղեկությունները հեղեղի նման թափվում էին ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակմանը նախորդող գարնանային ամիսներին, ապա նաեւ ամռանն ու աշնանը: Այդ գաղտնագրված հեռագրերն անմիջապես ուղարկվում էին Մոսկվա: Կապավորներն այն ժամանակ, իհարկե, չգիտեին, որ կապի մեջ են Ռիխարդ Զորգեի եւ Տոկիոյի նրա խմբի անդամների հետ…

1940 թ. դեկտեմբերից Զորգեն ԿԲ գլխավոր շտաբի հետախուզական վարչությանը տառացիորեն ռմբակոծում էր հիտլերյան Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի վրա նախապատրաստվող հարձակման մասին տեղեկություններով՝ ստույգ նշելով հարվածի ուղղությունը: Սակայն Զորգեի հաղորդած ամենակարեւոր տեղեկությունն այն էր, թե «Ճապոնիան կմտնի պատերազմի մեջ այն դեպքում, եթե Մոսկվան գրավվի»: Իսկ երբ հաջողվեց ոչ միայն մայրաքաղաքը պաշտպանել, այլեւ հակահարձակման անցնել, նա Կենտրոնին հաղորդեց. Երրորդ ռեյխի հեռավորարեւելյան դաշնակիցը մարտական գործողություններ չի ձեռնարկի ԽՍՀՄ-ի դեմ, այլ հիմնական հարվածը կուղղի դեպի հարավային ծովերը: Այլ կերպ ասած՝ Զորգեից եւ նրա ցանցից ստացված տեղեկատվությունը թույլ տվեց, որ ԽՍՀՄ-ը, ապահով լինելով Ճապոնիայի կողմից հարձակման հնարավորությունից, հիանալի զինված սիբիրյան մարտունակ դիվիզիաները, ինչպես նաեւ՝ Կարմիր բանակի զորախմբերը եւ ծովային հետեւակի ուժերը Հեռավոր Արեւելքից տեղափոխի Արեւմտյան ճակատ: Այդպիսով, Ռամզայը (Զորգեի օպերատիվ ծածկանունն էր) եւ նրա խումբը խորհրդային ղեկավարությանը չտեսնված հնարավորություն ընձեռեցին նման պայմաններում փրկելու մայրաքաղաքը եւ առաջին ջախջախիչ հարվածը հասցնելու Գերմանիային, ինչը շատ կարեւոր էր թե՛ ռազմավարական եւ թե՛ ռազմաքաղաքական տեսանկյունից:

Հետախույզի կինոէպոպեան

1941 թ. հոկտեմբերի 18-ին՝ Զորգեի ձերբակալությունից հետո, ԽՍՀՄ-ում հետախույզի անունը պատվեց լռության ծանր քողով: Թվում էր, թե իշխանությունները, ռազմական գերատեսչությունն իսպառ մոռացել են նրա մասին: Ավելին, հալածանքների ենթարկվեց Զորգեի կինը՝ Եկատերինա Մաքսիմովան: Ստալինի եւ նրա մերձավոր շրջապատի որոշումը Մաքսիմովայի վերաբերյալ այն ժամանակ արդարացնում էին նրանով, թե, իբր, Զորգեն կրկնակի գործակալ է եղել: Իսկ նրա ճապոնական առաքելության մասին բոլոր փաստերն ավելի քան մեկուկես տասնամյակ պահվում էին յոթ փականի տակ: Եվ դա այն դեպքում, երբ արտասահմանում նրա անունը, նրա երախտիքը Մոսկվայի հանդեպ հանրահայտ էին: Արեւմուտքում Զորգեի մասին հրատարակվել է երեք տասնյակից ավելի գիրք, իսկ հենց միայն Ճապոնիայում՝ երեսունը: Ծագող արեւի երկրում Ռամզայի մասին ներկայացում է բեմադրվել, իսկ վերջերս էլ ֆիլմ է նկարահանվել:

Ռիխարդ Զորգեի նկատմամբ աղաղակող անարդարությունը վերացնելուն, ինչպես հաճախ է պատահում, օգնեց դիպվածը: Նիկիտա Խրուշչովը դիտեց ֆրանսիացի կինոռեժիսոր Իվ Չամպայի «Ո՞վ եք դուք, դոկտոր Զորգե» ֆիլմը, որը հանրահայտ էր Արեւմուտքում: Թե՛ կինոժապավենը եւ թե՛ Ռամզայի անձը չափազանց մեծ ազդեցություն գործեցին խիստ զգացմունքային խորհրդային առաջնորդի վրա: «Սա իսկական հերոս է»,- բացականչեց գլխավոր քարտուղարը եւ անչափ հետաքրքրված հետախույզի իրական պատմությամբ՝ հրահանգեց պարզել ինչն ինչոց է եւ զեկուցել իրեն: Արդյունքում՝ 1964 թ. Զորգեին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության Հերոսի կոչում, եւ նրա շիրմաքարին ավելացվեց ռուսերեն մակագրություն:

Կատարելով գլխավոր քարտուղարի հրահանգը՝ «իրավասու մարմինները» հետախույզի վախճանից քսան տարի անց մի տեղեկանք կազմեցին նրա գործունեության վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում էր Զորգեի հանդեպ նրա անմիջական ղեկավարության կանխակալ վերաբերմունքը, բայց ոչինչ չէր ասվում երկրի առաջին դեմքերի դիրքորոշման մասին: Տեղեկանքում մեջբերվում էր ամերիկյան գեներալ Ուիլլոբիի հայտարարությունը, որը մանրակրկիտ ուսումնասիրել էր խորհրդային հետախույզի դատավարության փաստաթղթերը. «Զորգեի խմբի բոլոր անդամները, որքան էլ արտառոց հնչի, գործել են հանուն գաղափարի, հանուն ընդհանուր գործի, այլ ոչ թե հանուն փողի: Դրամական այն միջոցները, որ նրանք ստացել են Կենտրոնից (մեր չափանիշներով՝ շատ համեստ միջոցներ), ծախսվում էին ընդհատակյա գաղտնի բնակարաններ վարձելու եւ տեղաշարժի վրա»:

Կարծես կորսվածը ետ բերելու ակնկալիքով՝ ամբողջ թափով սկսեց գործել պաշտոնական քարոզչամեքենան՝ ձեւավորելով «անտեսանելի ռազմաճակատի հերոսի» անընկճելի եւ անաղարտ կերպարը: Միայն 1964 թ. վերջին չորս ամիսների ընթացքում խորհրդային մամուլում հայտնվեց գրեթե 40 հրապարակում հետախույզ Ռիխարդ Զորգեի եւ ֆրանսիացի ռեժիսորի կինոնկարի մասին:

Սակայն, բացի Իվ Չամպայի հիշյալ կինովարկածից, Ռամզայի մասին նկարահանվել է եւս մեկ ուշագրավ ֆիլմ՝ ճապոնացի ռեժիսոր Մասահիրո Սինոդի «Հետախույզ Զորգեն», որի սյուժեն հետախույզի կյանքի վերջին շրջանն է Ճապոնիայում՝ Շանհայում լրագրող Օձակիի հետ հանդիպումից մինչեւ նրանց մահապատիժը 1944 թ. նոյեմբերի 7-ին: Սցենարի հիմքում ընկած է «Զորգեի գործի անվերջ շարունակությունը» փաստագրական գիրքը, որի հեղինակը Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Սիրաի Հիսայան է:

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2001 թ. եւ արժեցել 2 միլիարդ իեն (16,7 միլիոն դոլար): Նկարահանումները կատարվել են Բեռլինում, Տոկիոյում, Շանհայում: Ֆիլմը էկրան դուրս եկավ 2003 թ. հունիսին: Կինոժապավենի գլխավոր հերոսներն են Զորգեն, նրա ընկերը եւ զինակիցը՝ լրագրող Օձակի Հոձումին եւ Ռամզայի քաղաքացիական կինը՝ Իսիի Հանակոն: Ռամզայի դերը կատարում է անգլիացի դերասան Յան Գլենը: «Զորգեն սիրում էր կանանց, գինի եւ արագություն, բոլոր ծանոթները գերված էին նրա հմայքով, եւ ես կարիք չունեի որեւէ բան հորինելու: Ավելի հեշտ էր նրան ներկայացնել այնպես, ինչպես եղել էր իրականում»,- այսպես է ներկայացրել իր հերոսին ճապոնացի ռեժիսորը:

Օվկիանոսից անդին ԿՀՎ տնօրենը Ռիխարդ Զորգեին անվանել է «խորհրդային հետախուզության աստղ»: Սակայն նրա մասին կարծիքները շատ հակասական են: Զորգեին ներկայացնում են որպես եսասեր, անարխիստ, ցինիկ, արկածախնդիր, փլեյբոյ, նրբաճաշակ գուրման: Մինչդեռ խորհրդային գրականության մեջ նա ներկայանում է միմիայն որպես «կոմունիստական պայծառ ապագայի» համար պայքարող մարտիկ, որպես «կոմունիստ-ինտերնացիոնալիստ», քաջարի ասպետ, որին խորթ են սխալները եւ կասկածները: Մինչդեռ նա սովորական, հողեղեն արարած էր, որը կարող էր իրեն թույլ տալ երբեմն թուլանալ կամ տարվել գեղեցիկ կանանցով:

Իսկապես, գաղտնիք չէ, որ Զորգեն կանանց մեծ սիրահար էր: Արեւմտյան կենսագիրները հաշվել են, որ Ռիխարդ Զորգեն «կայուն հարաբերություններ է պահպանել» 52 կանանց հետ, եւ դա ոչ միայն չի խանգարել, այլեւ նպաստել է նրա աշխատանքին:

Զորգեի վերջին սերը՝ Իսիի Հանակոն, նրա հետախուզական խմբում չի եղել եւ չի մասնակցել նրա աշխատանքներին: Նրանք ծանոթացել էին Տոկիոյի «Ռեյնհոլդ» ռեստորանում, որտեղ աշխատում էր Իսիին: Հետագայում նա հուշեր գրեց Զորգեի մասին:

Բացի կանանցից եւ գրքերից՝ Զորգեն եւս մի թուլություն ուներ՝ արեւելյան խոհանոցը: Նա ոչ միայն այդ խոհանոցի երկրպագուն էր, այլեւ մեծ գիտակ էր: Սակայն Զորգեն կարող էր նրբախորտիկներ ճաշակել միայն դիվանագիտական ընդունելությունների ժամանակ եւ բարձրաշխարհիկ հավաքույթներում, որտեղ հաճախ էր լինում, այսպես ասած, «ի պաշտոնե»: Ամերիկացի մի գեներալ, որ ուսումնասիրել էր խորհրդային հետախույզի գործունեությունը, պատերազմից հետո խոստովանել է. «Ես պարզապես ցնցված էի այն գումարից, որը Զորգեն ծախսում էր իր վրա: Միացյալ Նահանգներում իմ վարորդը դրանից երեք անգամ շատ է ստանում»:

Անվստահության ակունքները

Ականավոր հետախույզի դժբախտությունն այն էր, որ իրերի բերումով՝ ԽՍՀՄ քաղաքական վերնախավը եւ անձամբ Ստալինը նրան չէին վստահում: Եվ դա այն դեպքում, երբ 1941 թ. ընթացքում Ռամզայն իր գործն անում էր ազնվորեն, համակարգային խոշոր վերլուծաբանի, ռազմավարի, երկրագետի, ի վերջո՝ հոգեբանի բարձր պրոֆեսիոնալիզմով:

Հարց է ծագում՝ ինչու՞ Ստալինը չէր հավատում Գերմանիայի հարձակման վերաբերյալ Ռամզայի հաղորդագրություններին: Այստեղ աշխատում էր մի քանի գործոն: Այդ հաղորդումներն արժանահավատ համարելը եւ, համապատասխանաբար, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը կնշանակեր ընդունել սեփական ռազմավարական վրիպումները, այսինքն՝ ընդունել դառը, բայց ակնհայտ այն ճշմարտությունը, թե Հիտլերն ավելի խորամանկ դուրս եկավ իր երկարաժամկետ նվաճողական պլաններն իրագործելու հարցում: Ամենայն հավանականությամբ՝ սա գործոններից մեկն էր, որի համար Մոսկվան Զորգեին թողեց բախտի քմահաճույքին: Նա պարզապես պետք չէր առաջնորդին, քանի որ նրա հարձակողական հայեցակարգը մի րոպեում վեր էր ածվել անհեթեթության, եւ անհրաժեշտ էր մտածել պաշտպանության մասին:

Բայց շատ կարեւոր էր նաեւ մեկ այլ՝ զուտ քաղաքական գործոն: Բանն այն է, որ մինչ 1929 թ. ՊՀՎ-ում աշխատանքի անցնելը՝ Զորգեն աշխատել էր Կոմինտերնում եւ մոտիկից գիտեր պատասխանատու շատ աշխատակիցների, որոնք բռնադատվել էին 1937-38 թթ.: Ռազմական հետախուզությունում Զորգեին առաջարկել էր աշխատել Յան Բերզինը, որն այն ժամանակ ՊՀՎ-ի պետն էր: 1937 թ. Բերզինը ձերբակալվեց, մեղադրվեց լատվիական հակահեղափոխական կազմակերպություն ստեղծելու եւ հօգուտ լատվիական գլխավոր շտաբի՝ լրտեսության մեջ ու 1938 թ. գնդակահարվեց: Այս ամենը, եթե հաշվի առնենք բավական բարդ ու խճճված այդ ժամանակաշրջանը, չէին կարող չվարկաբեկել Զորգեին խորհրդային ղեկավարության աչքում:

Շարունակելի

«Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»
Թարգմ.՝ Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից


16/07/2015