Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ



Վահե Շահմուրադյանն ապրեց փոթորկահույզ մի կյանք:

Նա ապրեց հայրենիքին անմնացորդ ծառայելու, բարությամբ, սիրով, մերձավորի հանդեպ կարեկցանքով և հոգատարությամբ լի տարիներ: Ապրեց` երբեք ի ցույց չդնելով իր արժեքը, ապրեց` երազելով մի ափ բարություն, ցաված սիրտը շոյող մի ջերմ խոսք, ինչն ինքը շռայլորեն բաժանեց ծանոթ ու անծանոթ մարդկանց:

Դեռևս Իրանում ապրելու տարիներին 21-ամյա Վահեն 1978թ.-ին իր տանը համարձակորեն հյուրընկալեց հատուկ ծառայությունների կողմից որոնվող Մոնթե Մելքոնյանին, ոգևորվեց նրա ազատատենչ գաղափարներով, անսպառ գիտելիքներով, վերջինիս խորհրդով զինակցեց ԱՍԱԼԱ-ին, դատապարտվեց քաղաքական հայացքների համար:

Երբ թշնամին փորձեց վերստին իր ատամների ամրությունը հայերի վրա փորձել, առանց վարանելու թողեց ծննդավայր Իրանը, տունուտեղը, կնոջ հետ եկավ Հայաստան, հաստատվեց մայր հայրենիքում ու շտապեց միանալ Մոնթեի ջոկատին: Ձեռնամուխ եղավ նորաստեղծ հայոց բանակին անհրաժեշտ զենք-զինամթերքի, սննդի հայթայթմանն ու հայրենիք տեղափոխելուն…

Կռվեց ամենադժվար ճակատներում, այնտեղ, որտեղ ապրելն ու մեռնելը միևնույն նժարի վրա էին, վիրավորվեց:

Շիտակ ապրելակերպն ու ուղղամիտ կեցվածքն էին հզոր այն հենքերը, որոնց վրա իրեն ամուր և ուժեղ էր զգում Վահե Շահմուրադյանը: Ապրած տարիների, հակասական օրերի մեջ նա երբևէ չդավաճանեց իր ծննդավայրից, ծնողներից թանկ ժառանգություն ստացած նվիրվածությունը հայրենիքին: Ապրեց համեստ, անաղմուկ: Որդիներին կոչեց մարտական ընկերների՝ Կարլեն Անանյանի ու Մոնթե Մելքոնյանի անուններով: Ուժերի սահմաններում հանրությանը ներկայացրեց մարտական ընկերներին, գիրք գրեց Կարլեն Անանյանի մասին, երգեր ձոնեց ընկերներին, խտասկավառակ թողարկեց, թարգմանեց և պարսիկ ընթերցողներին ներկայացրեց հայոց զինարվեստի պատմության կարևորագույն դրվագները…

Կիսատ մնաց նրա կյանքը, կիսատ մնացին նրա գործերը…

Գնաս բարով, սիրելի՛ Վահե, թող մայր հողը թեթև լինի վրադ, հիշատակդ՝ հավերժ:

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


16/07/2015