ԱՆԽԱԽՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Ֆատոյի Սադոևը ծնվել է 1953թ. հունվարի 28-ին, Երևանում (ծննդյան օրը նա ժպիտով է նշում` «ծնվել եմ բանակի օրը»): Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ճանապարհային տեխնիկումում և 1981թվականից ծառայության անցել ներքին գործերում: Եղել է ջոկի հրամանատար, կատարել տարբեր ծառայություններ, ունի բազմաթիվ պարգևներ: Եվ որպես ընտանիքի հայր` հետևել, դաստիարակել, ուսման է տվել իր հինգ զավակներին: Այսպես համընթաց էլ կշարունակվեր Սուրենի կյանքի ճանապարհը, եթե ինչպես միշտ պատմությունը փորձության չենթարկեր մեր ժողովրդին, իսկ երբ փորձության է ենթարկվել հայ ժողովուրդը` նրա հետ այդ դժվարություններն ու տառապանքները կրել է նաև եզդի ժողովուրդը: Սպիտակի երկրաշարժի օրերին Սուրենը իր ծառայակից ընկերների հետ օգնության ձեռք մեկնեց աղետյալներին, իսկ վերադարձին, երբ արդեն հայ-ադրբեջանական սահմաններում, ինչպես նաև Արցախում իրավիճակը լարվել էր, Երևանի ՆԳ Լենինյան բաժնում, և առաջինը հանրապետությունում, թվով 28 ՆԳ ծառայողներից կազմվեց հատուկ ջոկատ և փոխգնդապետ Սլավիկ Հովհաննիսյանի հրամանատարությամբ (որը կադրային զինվորական էր, Բաքվի փախստականներից) անցան փառավոր մարտական մի ճանապարհ` Երասխ, Կոռնիձոր, Ասկերան, Օմար: Այդ ընթացքում վիրավորվել է, ցնցահարված տարել: Պարգևատրվել է ՀՀ «Արիության մեդալով», ինչպես նաև ՄՀՆՋ հ/կ միության նախագահ, պահեստազորի գնդապետ Գ. Սարգսյանի կողմից «Փառապանծ մարտիկ» հուշամեդալով: Ներկայացնելով Սուրեն Սադոևին, հարգարժան գնդապետն ասում է.
-Հայերի և եզդիների բարեկամությունը գալիս է դարերի խորքից: Ճակատագրի բերումով այս հողի վրա նրանք ապրել են կողք կողքի` իրենց արդար վաստակով: Ուրախացել մեկմեկու ուրախությամբ, տխրել տխրությամբ: Պատմությունը պահպանել է բազմաթիվ փաստեր Անդրանիկ փաշայի ու Ջհանգիր աղայի (ի դեպ՝ Սուրենը Ջհանգիր աղայի ազգականներից է), Ուսուբ բեկի ու Կոմիտասի, Միրզա աղայի և Պողոս քահանայի նվիրվածության, մեկմեկու սատար կանգնելու մասին: Իսկ հայ գրականության լուսավորիչ Աբովյանը նաև գրի է առել եզդի ժողովրդի բանավոր զրույցներից ու բանահյուսական նմուշներից: Եվ ինչպես Սարդարապատի, այնպես էլ Արցախյան պատերազմի օրերին մեզ հետ կողք կողքի կռվել են նաև եզդի կամավորականները: Ես՝ որպես ՆԳ հատուկ ջոկատայինների հրամանատար, բազմիցս կռվի դաշտում ականատեսն ու վկան են եղել եզդի մարտիկների քաջագործությունների, որոնց թվում և Սուրեն Սադոևը: Եվ միայն այն փաստը, որ Արցախյան պատերազմում եզդի ժողովուրդը տվեց 43 զոհ և երեք անհայտ կորած` վկայում է մեր դարավոր եղբայրության մասին, – ասաց գնդապետ Գ. Սարգսյանը, ապա հավելեց.
-Ուզում եմ նաև անպայման նշել այն փաստը, որ կռվի տարիներին նաև թիկունքում ապրող եզդիները մեծ աջակցություն են ցուցաբերել սահմաններում գտնվող ջոկատներին, ինչպես նյութական, այնպես էլ սննդի` (մսի, հացի, պահածոների) հարցում:
Սուրեն Սադոևը այսօր ղեկավարում է եզդի-քրդական համայնքը: Ինչպես ինքն է ասում. «Եզդիների բոլոր համայնքների նպատակն այն է, որ մեր ժողովուրդների միջև ավելի սերտանան դարերով ձևավորված մշակութային կապերը: Ինչպես նաև աշխարհը ծանոթանա փոքր ազգերի մշակույթին, պատմական անցյալին: Սուրեն Սադոևը լինելով կիրթ, գրագետ անձնավորություն, պատմում է համայն աշխարհի սրբատեղի «Սուրբ Լալիշի» մասին և կողքին շրջանաձև կառուցված 366 շինություններից, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրել է փիլիսոփայական, աստվածաբանական, աստղագիտական տարբեր խորհուրդներ: Եվ պատահական չէ, որ իսլամական պետության գրոհայինների կողմից կատարված անմարդկային ավերածությունների, բռնի գործողությունների դեմ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրին նաև Հայաստանում ապրող այս համայնքի ներկայացուցիչները:
-Դա մի նոր եղեռն էր: Իսկ մենք գիտենք, թե դա ինչ է: Իմ Մստո պապին ու Նավադ տատին, երբ Իգդիրից Անդրանիկն ու Ջհանգիր աղան եղեռնի օրերին անթիվ գաղթականների հետ անցկացրել են Արազի այս ափը, նրանք մի կերպ հարմարվել և փորձել են պահպանել իրենց գոյությունը: Մի օր էլ, երբ պապս հարսներից մեկի հետ գնացել է, որ բերքը հավաքի` հայտնվել են թուրք ասկյարներ և պապիս էլ մոտ 400 գյուղացիների հետ հասցրել են Արդահան: Արդահանում տաք ջրեր կան: Որպեսզի իզուր տեղը գնդակ չվատնեն, նրանք գերյալներին ստիպում են մնալ տաք ջրերում, իսկ երբ վրա է հասնում իրիկվա ցուրտը, նրանք դուրս են հանում մարդկանց և ամբողջ գիշեր այդպես պահում: Առավոտյան այդ 400-ից ավելի մարդկանցից ողջ են մնում միայն 12-ը, որոնց թվում և պապս: Նա մեծ դժվարությունների գնով նորից փնտրում-գտնում է իր ընտանիքը և միասին գոյատևում են: Սա էլ եղեռնի մի դրվագ է, որը սերնդեսերունդ փոխանցվել է: Տարիներ առաջ, երբ ես անցնում էի Արդահանով, եղա տաք ջրերում և նորից վերապրեցի պապիս տառապանքները:
Հիմա, երբ ինձ հարց են տալիս, թե Արցախյան պատերազմում ես ինչու զենք վերցրի` ես առաջինը պատմում եմ Հայոց մեծ եղեռնի օրերին պապիս կրած տառապանքները: Մեր ժողովուրդները մշակութային ընդհանուր շատ բաներ ունեն: Մեր երկու ժողովուրդներն էլ, օրինակ, ունեն այսպիսի ասույթներ. «Եթե ատամդ ցավում է` հանիր, շպրտիր, երեխայիդ տանը կերակրիր, որովհետև չգիտես, թե հարևանիդ երեխան ինչ է կերել»: Կա նաև այսպիսի ասույթ. «Եթե հարևանդ վատ է` տունդ փոխիր»: Մեր երկու ժողովուրդներն էլ տուն սիրող, հարևան սիրող են, պարզապես մեզ ուժով ստիպեցին թողնել մեր տները: Եվ արդեն պապ դարձած Սուրենը բանակ է ճանապարհում իր թոռներին:
Եվ այսօր մեր երկու ժողովուրդները նորից ապրում են կողք կողքի, և մեր բարեկամությունը խորհրդանշող հուշարձաններ են կառուցվում: Արժանի է հիշատակել եզդի գործարար Միրզա Չոլոյի Սլոյանի գործը, որը Ակնալիճ գյուղի մոտ կառուցեց եզդիների սրբատեղին: Հոգևոր սրբատեղիի բացումից 2 տարի անց` 2014թ. էլի նրա հովանավորությամբ կառուցվեց հայ-եզդիական «Բարեկամության ծառուղին», որտեղ կողք կողքի տեղադրվեցին 5 հուշարձաններ` եզդի ժողովրդի հավատը խորհրդանշող սիրամարգ, Ջհանգիր աղայի, Զորավար Անդրանիկի, Ուսուբ բեկի և Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը խորհրդանշող հուշարձան: Ի դեպ, պետք է հիշատակել, որ այդ տարածքը գործարարին էր նվիրել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
-Այսպես դար ու դարեր մենք ապրել ենք կողք կողքի, իրար ձեռք մեկնել, և մեր ժողովուրդների եղբայրության, նվիրվածության օրինակները օրհասական պահերին միշտ կրկնվել են:
Ամենաթարմ օրինակներից մեկը թերևս Արցախյան գոյամարտում միասին տանկի դեմ դուրս եկած հայազգի Սիմոն Թաթոյանի և եզդի Հասան Հուսեյանի հերոսական մահն էր Ֆիզուլիում: Հասանը Արշալույս գյուղից էր, իսկ Սիմոնը` Ակնալիճ: Նրանք երկուսն էլ այսօր ննջում են կողք կողքի Ակնալիճ գյուղի եղբայրական գերեզմանոցում…
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ճակատագրեր