ԱՅՍՕՐ ԻՄ ՈՒ ՔՈ ՀԵՐԹՆ Է…
ՀԻՆԳ ԽՈՐՀՈՒՐԴ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Վաչե Ստեփանյանը մի քանի օրից կբարձրանա դիրք, կստանձնի մարտական հերթապահությունը` փոխարինելով զորացրված ընկերներից մեկին: Նա ծառայում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամենաբարդ հատվածում, հինգ ամիս ուսումնական գումարտակում կոփվել ու հմտացել է, մարտական պատրաստության փորձ ձեռք բերել եւ հիմա պատրաստ է դիրքային ծառայությանը:
Վաչեին առաջարկեցի ամփոփել ծառայության հինգ ամիսների գլխավոր դասերը:
ՄԻՇՏ ՆԵՐԻՐ
Ծառայությանս երկրորդ օրն էր: Զորամասի հրամանատարը` գնդապետ Հ. Ամիրխանյանը, եկավ մեզ հետ ծանոթանալու, զրուցելու: Նա մի միտք ասաց, որը ուղենշային դարձավ իմ զինվորական կյանքում. «Եթե այստեղ ինչ-որ մեկը տրորի ոտքդ, ինքդ շտապիր ներողություն խնդրել, մի՛ սպասիր, ասա` ոտքս սխալ տեղ էի դրել…»: Ճիշտն ասած՝ սկզբում մի քիչ դժվար էր ընկալել այս խոսքը, բայց հետզհետե այն ավելի ու ավելի ամրապնդվեց, հասկացա, որ բանակում շատ բան զինվորի համբերատարությունից, ներողամտությունից, բարյացակամությունից է կախված: Ներողություն խնդրելն այստեղ պարտություն չէ, այլ միասնությունն ամրապնդող քայլ… Ներիր եւ մոռացիր, այլապես ոչինչ չի ստացվի:
ԿԱՏԱՐԻՐ ՀՐԱՄԱՆԸ, ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ՎԵՐԼՈՒԾԻՐ
Բանակում ամենակարեւորը հրամանը ճիշտ եւ ժամանակին կատարելն է: Հաճախ է պատահում, որ այս կամ այն հրամանի իմաստը չես հասկանում, մտածում ես` ինչու պիտի անեմ, ներսումդ տարաձայնություններ են առաջանում… Կատարիր, այնուհետեւ միայն վերլուծիր, քանի որ կատարելուց հետո ես հասկանում` պետք էր, թե ոչ, արդյունավետ էր արդյոք: Դիրքապահ տղաներից մեկը պատմում էր, որ վրան տեղադրելու հրաման էին ստացել, իսկ զինվորներից մեկը համառել էր, հրաժարվել մասնակցել աշխատանքին: Բայց իր հերթապահության ժամին կիզիչ արեւից պատսպարվել էր նույն վրանի տակ: Երկու ժամ անց մոտեցել էր տղաներին եւ շնորհակալություն հայտնել վրանի համար…
ԳԻՏԱԿՑԻՐ ՔՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…». Մոնթե Մելքոնյանի այս խոսքը խոշոր եւ մուգ տառերով գրված է մեր զորամասի ճակատային մասում: Այս խոսքը ես հարյուր անգամ լսել էի ե՛ւ համալսարանում ուսանելիս, ե՛ւ միջոցառումների ժամանակ, բայց այն երբեք այդքան մոտ, այդքան տպավորիչ չէր եղել… Հիմա ամբողջ օրը գլխումս է` վազելիս, ձգվելիս, կրակելիս, ճաշելիս, հանգստանալիս… Մոնթեի այս խոսքը ոգևորում է ինձ, հստակեցնում առաքելությունս, անելիքներս… Մենք զիջելու իրավունք չունենք, թուլանալու իրավունք չունենք, կորցնելու իրավունք չունենք…
ԱՅՍՕՐ ԻՄ ՈՒ ՔՈ ՀԵՐԹՆ Է
Մատաղիսի ազատագրման 20-ամյակի առթիվ մեզ հյուր պիտի գային ծառայության ընթացքում հակառակորդի գնդակից զոհված զինվորների մայրերը: Եթե անկեղծ, ապա մենք խուսափում էինք հանդիպումից, մտածում էինք` ինչպես ենք նայելու որդեկորույս մայրերի աչքերին, ինչպես ենք սփոփելու նրանց վիշտը: Բայց ամեն ինչ հակառակը եղավ. նրանք ժպտում էին, ոչ մի ճնշվածություն, մեզ համար նվերներ, գրքեր էին բերել, ինտելեկտուալ խաղ էլ կազմակերպեցին: Մենք ապշած էինք. որտեղից նրանց այսքան ուժ, տոկունություն: Այդ օրը մեզանից յուրաքանչյուրը մի հզոր շնչառություն զգաց իր թիկունքում… Այդ օրը ես հասկացա, որ շարունակում եմ այն երիտասարդի գործը, որը չնահանջեց, որն ընդամենը 19 կամ 20 տարեկան էր, բայց կանգնեց ու դիմադրեց մինչեւ վերջ, որը կյանքի գնով ամուր պահեց սահմանը եւ թույլ չտվեց թշնամուն առաջ անցնել… Այսօր իմ ու քո հերթն է, այսօր մենք պետք է տանք մեր բաժինը…
ԶԻՆՎՈՐԸ ԶԻՆՎՈՐԻՑ Է ՍՈՎՈՐՈՒՄ
Պիտի ասեմ, որ զորամասում կլինեն տղաներ, ովքեր քեզանից թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր կարողություններով առավել կլինեն, ձգտիր հավասարվել նրանց եւ երբեք մի ընկճվիր այդ փաստից… Շատ կարեւոր է օրինակելի զինվոր ունենալ աչքի առաջ, ի վերջո, զինվորը զինվորից է սովորում… Ինձ համար այդպիսին հետախուզական ջոկի հրամանատար, սերժանտ Դավիթ Ջանումյանն է: Ըմբշամարտիկ է: Նա վերջերս պարգեւատրվեց «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանով: Դավիթը եւ նրա ջոկի տղաները ամբողջ օրը պարապում են, այնպիսի տպավորություն է` ասես պատերազմի են պատրաստվում: Վերջերս մարտական պատրաստության քննությունը գերազանց հանձնեցին: Երբ հետեւում եմ նրանց պարապմունքներին, համոզվում եմ, որ համարձակությունը, հաստատակամությունը, ուժը նաև ձեռքբերովի բաներ են, կարելի է դաստիարակել, պետք է պարզապես չհանձնվել եւ ձգտել… Իսկ վերջում իմ մաղթանքը` բարի ծառայություն քեզ, նորակոչի՛կ…
Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ազգային բանակ