Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱՄԶԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Սակայն ամենակարեւոր գործոնը, որն աշխատում էր հետախույզի դեմ, այն էր, որ նա շփվում էր գերմանական հատուկ ծառայությունների հետ: Թեպետ այդ շփումները պայմանավորված էին հենց աշխատանքի բնույթով, գործակալական գործունեության առանձնահատկությամբ եւ, որ ամենակարեւորն է, թույլատրված էին: Այնուհանդերձ, թույլատրված լինելով հանդերձ՝ Զորգեն կասկածի տակ էր հայտնվում, քանի որ աշխարհի բոլոր հատուկ ծառայություններում էլ նման հատուկ գործակալներին ավանդաբար չեն վստահում եւ մշտապես ստուգում են:

Ձերբակալությունից հետո Զորգեն հերոսաբար դիմանում էր բոլոր կտտանքներին, որոնց ենթարկվում էր հարցաքննությունների ընթացքում: Բանտախցից բանտախուց էին շրջում լուրերը «երկաթե կաղի» մասին (Առաջին համաշխարհային պատերազմում վիրավորվելուց հետո Զորգեն թեթեւակի կաղում էր): Բայց երբ կտտանքներին չդիմանալով՝ կոտրվեց խմբի ռադիստը, Զորգեն հասկացավ, որ իմաստ չունի ամեն ինչ ժխտել եւ սկսեց խոսել: Սակայն նա այդպես էլ ոչինչ չասաց իր խմբի աշխատանքի մասին եւ չհաստատեց ռադիստի ասածները: Եթե անգամ մարդկանց անուններ էր տալիս, ապա՝ միայն նրանց, ում ճապոնական հակահետախուզությունը չէր կարող ձեռք գցել: Իսկ ամենակարեւորն այն էր, որ Զորգեն, ըստ ճապոնական աղբյուրների, ոչինչ չասաց խորհրդային ռազմական հետախուզության հետ իր կապերի մասին:

Մինչդեռ Զորգեին փրկել հնարավոր էր: Այսպիսի կարծիք է հայտնել, մասնավորապես, պաշտոնաթող գեներալ-մայոր Միխայիլ Իվանովը: Պատերազմի տարիներին վերջինս որպես ՊՀՎ սպա աշխատել է Տոկիոյում խորհրդային դեսպանատանը եւ կապ պահպանել Ռամզայի գործակալական ցանցի հետ: Գեներալ-մայորի խոսքերով՝ պատերազմի վերջում ճապոնացի պաշտոնյաները մի քանի անգամ ակնարկներ են արել Զորգեին փոխանակելու մասին:

Ռիխարդ Զորգեն մահապատժի ենթարկվեց…

Ի՞ՆՉ ԷՐ ԲԵՌԼԻՆԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՇՏԱՆԴԱՐՏԵՆՖՅՈՒՐԵՐ ՄԱՅԶԻՆԳԵՐԸ

2001 թ. օգոստոսին Ռամզայի գործով նոր մանրամասներ ի հայտ եկան: Ճապոնացի հետազոտողներին դրանք հայտնի էին դարձել, երբ նրանք ուսումնասիրել էին Տոկիոյում գերմանական դեսպանատան ՍՍ-ի անվտանգության ծառայության պետ Յոզեֆ Մայզինգերի՝ Բեռլին ուղարկված գաղտնի հաղորդակցությունների բովանդակությունը: 1941 թ. հոկտեմբերին վերջինիս բավական դժվար առաքելություն էր բաժին ընկել. հարկավոր էր համոզել ճապոնական համառ ոստիկանությանը ՝ ազատել Տոկիոյում Գերմանական ինֆորմացիոն բյուրոյի աշխատակից, «Ֆրակֆուրտեր ցայտունգ» թերթի թղթակից, հայտնի լրագրող Ռիխարդ Զորգեին: Հակառակ դեպքում՝ գործը կարող էր աղմկալի ընթացք ստանալ: Չէ՞ որ պարոն Զորգեն Տոկիոյում գերմանական համայնքի հարգարժան անդամներից է, ծանոթ է Ճապոնիայի կառավարական շրջանակների հետ: Իսկ ամենակարեւորը՝ նա դաշնակից Ճապոնիայում ռեյխի դեսպանի մտերիմ ընկերն է:

Սակայն տեղի ունեցավ այն, ինչը շտանդարտենֆյուրերի համար միանգամայն անսպասելի էր. նա պարզապես շշմած էր Զորգեին վերաբերող այն բոլոր փաստերից, որ ճապոնացի քննիչները հրամցրին նրան: Եվ շփոթահար Մայզինգերն ստիպված էր դրանք հաղորդել Բեռլին…

Եվ ահա, ուսումնասիրելով Մայզինգերի հաղորդագրությունները՝ ճապոնացի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դրանք հերքում են կամ, համենայն դեպս, զգալիորեն սրբագրում են այն վարկածը, թե Զորգեի եւ նրա խմբի ձերբակալությունը կատարվել է դավաճանության շնորհիվ: Զորգեն, անկեղծացել էին ճապոնացիները, 1933 թվականից աշխատել է Տոկիոյում եւ աներեւակայելի կապեր է ունեցել ճապոնական վերնախավի հետ, էլ չենք խոսում գերմանական դեսպանի հետ մտերմության եւ նրա գեղեցկուհի կնոջ հետ սիրային կապի մասին: Հակահետախուզությունը կամաց-կամաց բացահայտել է Ռամզայի ամբողջ խմբին: Շտանդարտենֆյուրերի հետ զրույցում ճապոնացիները նաեւ պարծեցել են, թե կարողացել են վերծանել հենց նրա հասցեին արված մի քանի ռադիոհաղորդումներ եւս, մասնավորապես՝ Մոսկվայի շնորհակալությունը՝ ԽՍՀՄ-ի վրա գերմանական հարձակման ճշգրիտ ամսաթիվը հայտնելու համար…

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻՑ

Խորհրդային շրջանում ականավոր հետախույզի մահապատժի ընթացակարգը ներկայացվում էր ժամանակի գաղափարախոսությանը համապատասխան. իբր, մահվան շեմին աննկուն Զորգեն նետել է բանտապահների երեսին. «Հաղորդեք բոլոր ողջերին, որ ես մեռնում եմ՝ կոմունիստական կուսակցության հանդեպ հավատը սրտումս»:

Բայց ահա վերջերս՝ այդ ողբերգական իրադարձությունների վաթսունամյակի նախօրեին, Ճապոնիայում ի հայտ եկավ նախկինում անհայտ մի փաստաթուղթ, որտեղ նկարագրվում է Զորգեի եւ նրա մերձավոր զինակից Հոձումի Օձակիի մահապատժի ընթացակարգը: 2004 թ. հոկտեմբերի 18-ին ճապոնական ազդեցիկ «Ասախի» լրագիրը հրապարակեց չորս թերթիկ մի բնագրից, որում բավական մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես են ի կատար ածվել երկու մահապատիժները: Այս փաստաթուղթը պատահականորեն նույն տարվա օգոստոսին Տոկիոյի բուկինիստական խանութում, ԱՄՆ-ի օկուպացիոն զորքերի շտաբի նյութերի մեջ հայտնաբերել էր Զորգեի խմբի գործունեությամբ զբաղվող Տոմիա Վատաբեն: Նրա կարծիքով՝ այս գտածոն վերջակետ է դնում ականավոր հետախույզի կյանքի վերջին րոպեների մասին առասպելներին: Մասնավորապես, Տոկիոյի Իտիհայա բանտի գրանցման մատյանում մահապատիժներն ի կատար ածելու վերաբերյալ գրառումներում կարդում ենք. «Բանտապետը, ստուգելով դատապարտյալի անունն ու տարիքը, նրան հաղորդեց, որ համաձայն Արդարադատության մինիստրության հրամանի՝ դատավճիռն ի կատար է ածվելու այդ օրը, եւ դատապարտյալից ակնկալում են, որ նա հանգիստ կընդունի մահը»: Ապա բանտապետը հարցնում է, թե արդյո՞ք դատապարտյալը չի ուզում իր դիակի եւ անձնական իրերի վերաբերյալ որեւէ բան ավելացնել կտակում, որն ավելի վաղ էր կազմվել: Զորգեն պատասխանում է. «Իմ կտակը մնում է նույնը՝ ինչպես որ գրել եմ»: Բանտապետը հարցնում է. «Ուրիշ ասելիք չունե՞ք»: Եվ Զորգեն պատասխանում է. «Ո՛չ, ուրիշ ոչինչ»: Ապա նա շրջվում է բանտապահների կողմը եւ ավելացնում. «Շնորհակալ եմ ձեր բարության համար»: Եվ նրան տեղափոխում են մահապատժի ի կատար ածման խուցը, որտեղ նա հանգիստ ընդունում է մահը:

Այս ամենը տեղի է ունեցել 1944 թ. նոյեմբերի 7-ին, Տոկիոյի ժամանակով ժամը 10.20-ից մինչեւ 10.36:

«Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»
Թարգմ.՝ Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Հոգևոր-մշակութային


23/07/2015