Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՄՈԹԸ



Հարութ Սասունյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին լիովին կորցրել է իր հեղինակությունը բազմաթիվ արտառոց պնդումներ անելու պատճառով:

Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինաամերիկյան մահմեդականների Էրդողանն ասաց, որ մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ:

«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին…. Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»:

Երբ մարդիկ ամբողջ աշխարհում ծաղրուծանակի ենթարկեցին նախագահի անհիմն պնդումը, թուրք լրագրող Օրեյ Էգինը պարզաբանեց, որ Էրդողանը լրիվ խեղաթյուրել է այն, ինչ Կոլումբոսը գրել էր իր հուշերում՝ Կուբայում սարի գագաթը համեմատելով «մի գեղեցիկ մզկիթի» հետ: Թուրքիայի ղեկավարը սխալմամբ եզրակացրել է, որ Կոլումբոսը տեսել էր մահմեդական նավաստիների կառուցած մզկիթը…

Էրդողանին ծաղրող բազմաթիվ կատակներից մեկում ինչ-որ մեկը հեգնանքով պնդել է, որ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն իր ինքնակենսագրականում գրել է. «Երբ մենք իջանք Լուսնի վրա, տեսանք մի հոյակերտ շենքի ավերակներ: Ես ու Բազ Օլդրինը շշմեցինք, երբ մոտեցանք այդ ավերակներին: Դա խնամքով կառուցված մի օսմանյան փոքրիկ մզկիթ էր: Երբ վերադարձանք երկիր, ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) և ամերիկյան կառավարությունը մեզ հանձնարարեցին այդ մասին լռել»:

Թուրքիայի ղեկավարին վերագրվող նման տարօրինակ հայտարարություններ հաճախակի են հայտնվում համացանցում: Հաշվի առնելով Էրդողանի հիմար պատմություններ հորինելու սովորությունը՝ շատ մարդիկ հակված են հավատալու այն ամենին, ինչ կարդում են նրա մասին:

Ահա մի թարմ օրինակ՝ «Օսմանցիներն առաջինն են հասել Լուսին,- ասում է Թուրքիայի նախագահը»,- գրում է Բարբարա Ջոնսոնը «Վորլդ նյուզ դեյլի ռիփորթ» թերթում (World News Daily Report): Նա մեջբերել է Էրդողանի խոսքերը. «Ասում են, թե Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն էր, որ 1969 թվականին ոտք դրեց Լուսնի վրա: Իրականում, մահմեդական տիեզերական ճանապարհորդներն են հասել այնտեղ դրանից 334 տարի առաջ՝ 1635 թվականին: Բոլորը գիտեն հայտնի օդաչու Լագարի Հասան Չելեբիի՝ «օսմանյան տիեզերագնացի» մասին, որն առաջին հաջող հրթիռային թռիչքը կատարեց 1633 թվականին: Միգուցե դուք չգիտեք, որ երկու տարի անց նա փորձեց հասնել Լուսին, որը հնարավոր է բարեհաջող ավարտ ունեցավ»:

Ըստ թուրքական դիցաբանության՝ առասպելական օսմանյան օդաչու Լագարի Հասան Չելեբին 1633 թվականին ուղևորվեց յոթթևանի հրթիռով՝ օգտագործելով մոտ 60 կգ վառոդ: Թռիչքից առաջ նա բացականչեց. «Իմ սուլթան, օրհնյալ լինեք, ես գնում եմ Հիսուսի հետ զրուցելու»: Ծովի վրա վայրէջք կատարելուց հետո Չելեբին, իբր լողալով, հասավ ափ և ասաց. «Իմ սուլթան, Հիսուսն իր ողջույնն է ուղարկում Ձեզ…»:

Լրագրող Ջոնսոնը շարունակեց իր տարօրինակ պատմությունը. «Նախագահ Էրդողանի զարմանալի հայտարարությունը որոշ շշնջոց և քմծիծաղ առաջացրեց դահլիճում, և նման արձագանքը զայրացրեց թուրք քաղաքական գործչին: Նա խստորեն քննադատեց թերահավատներին իրեն ծաղրելու համար՝ հավելելով, որ շուտով իր խոսքերը հաստատող ապացույցներ կներկայացնի. «Ինչո՞ւ չեք հավատում: Որովհետև երբեք չեք հավատացել, որ որևէ մահմեդական ունակ է նման բան անելու…. Հնարավոր է, որ ՆԱՍԱ-ն ոչնչացրել է օսմանյան հաջողության բոլոր իրեղեն ապացույցները «Ապոլոն-11» առաքելության ժամանակ, բայց մենք կփորձենք որևէ թաքցված վկայություն գտնել»:

Իհարկե, Ջոնսոնի գրածը ճիշտ չէր: Էրդողանը երբեք այդ խոսքերը չի արտասանել: Սակայն հետաքրքիր է, որ շատ թուրքեր հավատացին այս կեղծ պատմությանը և հետևյալ մեկնաբանությունները տեղադրեցին՝ արձագանքելով Ջոնսոնի հոդվածին.

«Ալի Էմրե Դեմիր – Ցավոք, նա մեր նախագահն է:

Բերքայ – Սարսափելի է, երբ դու ապրում ես այդ երկրում և ականատես լինում այդ մարդու արածներին ու տեսնում, թե նա ինչքան շատ աջակիցներ ունի: Խայտառակություն է:

Դենիզ – Խեղճ թուրք աշխարհիկ ժողովուրդ… Այս Թայիփը Թուրքիայի ամոթն է:

Հուսեյն – Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք տառապում: Նա դաժան բռնապետ է…. Նա ամբողջովին անարգանք է մեզ համար»:

Իրոք, Էրդողանը մեծ խայտառակություն է. միլիոնավոր թուրքեր ամաչում են նման նախագահ ունենալու համար: Ցավոք, Թուրքիայի նախագահի գործողություններն ավելի անողոք են, քան նրա խոսքերը. նա ազատազրկում է լրագրողներին, հրամայում կրակել քաղաքացիական ակտիվիստների վրա, դատի է տալիս նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ, թաքցնում է կոռուպցիայի միջոցով ձեռք բերված միլիոնավոր դոլարները, աշխատանքից ազատում է դատավորներին և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց, որոնք հրաժարվում են կատարել նրա ապօրինի հրահանգները, և աջակցում է «Իսլամական պետության» ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա ու Իրաք:

Միջազգային հանրությունը պետք է ավելի շատ մտահոգվի Էրդողանի սարսափելի գործողություններով, այլ ոչ թե նրա զառանցանքներով…

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Տարածաշրջան


23/07/2015