Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ 21 – ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԵՄ



Կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտի ուսանող, երևանցի Ասպետ Շերմազանյանի «Մի՛ գողացիր» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ծիրան» փառատոնին:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում 2004թ.-ին «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ.-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»:

♦♦♦

Տասներկուերորդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվեց հուլիսի 12-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի բացմանը նախորդեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելա Մուտին եւ Նաստասյա Կինսկին, ինչպես նաեւ լեգենդար Արտավազդ Փելեշյանը:

Միջազգային խաղարկային մրցույթում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի (1-ին մրցանակ) արժանացավ կոլումբիացի ռեժիսոր Սիրա Գերայի «Օձի գրկում» կինոնկարը:

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ռեժիսոր Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք», (Հայաստան/Գերմանիա/ Նորվեգիա) ֆիլմն արժանացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ին (1-ին մրցանակ):

-Ասպե՛տ, նայում եմ քեզ ու նախանձում. այնքան ինքնատիպ ես, ոճային, գունագեղ: Իմ ուսանողական տարիներին տղաները քեզ նման ընդգծված ու ինքնավստահ չէին, մի տեսակ, միանման էին: Անչափ գեղեցիկ է քո հայկական տարազ հիշեցնող գլխարկը, մոդեռն կաշվե թևնոցի համադրումը նրբաճաշակ հագուստիդ հետ:

-Այո՛, գլխարկս ազգային ոճի մեջ է, ինչ վերաբերում է կաշվե թևնոցին, այն որքան մոդեռն է, նույնքան էլ հին է: Նման կաշվե թևնոցներ են կրել հայ զինվորականները: Ես 21-րդ դարի հայ եմ` ազգային հենքով և ժամանակակից մտածողությամբ:

-Միևնույն է, ես անհանգիստ եմ` ВГИК-ը ավարտելուց հետո այս 21-րդ դարի հայը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ կգնա նվաճելու աշխարհը` մեզ թողնելով իր ազգանունը հեռուստատեսությամբ կամ ինչ-որ փառատոնների ժամանակ լսելիս հպարտանալու բարեբախտությունը: Կշարունակի՞ ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները, աշխարհի հետ հայերեն կխոսի՞, թե՞ մի ուրիշ, ավելի հասկանալի լեզվով ու գեղագիտությամբ…

-Նայե՛ք, հայ կինոգործչի ամենագլխավոր խնդիրը պետք է լինի բոլոր ժամանակակից տենդենցներին համահունչ կինոարտադրանք թողարկելը, որպեսզի համաշխարհային կինոշուկային ճիշտ ու գրագետ ներկայացնենք մեզ ու մեր երկիրը: Մենք պիտի սևեռվենք ոչ թե աշխարհի հետ հայերեն խոսելու ցանկության, այլ ժամանակի պահանջներին ու ծավալներին վայել նախագծեր կյանքի կոչելու գաղափարի վրա, որովհետև ինչպես ճապոնացին չի կարող իտալական կինո նկարել, ռուսը չի կարող ֆրանսիական կինո ստեղծել, այնպես էլ մենք` հայերս, միմիայն հայկական ենք ստեղծելու, որովհետև ամեն մարդ անձամբ կրում է իր ազգի մշակութային գույները, ինքնությունը, ընկալումների յուրահատկությունը:

Ավելին, աշխարհին հետաքրքիր լինելու համար պիտի ամուր կառչես արմատիցդ, սնվես ազգային ինքնության ակունքից, որ լինես գունեղ, գրավիչ, ճշմարիտ: Հրանտ Մաթևոսյանը` Ծմակուտում, Վիլյամ Սարոյանը` Ֆրեզնոյում: Ինձ սրտամոտ կինոռեժիսորներից, օրինակ` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Էմիր Կուստուրիցան և Ջուզեպե Տորնատորեն, չէին լինի այդքան հզոր, եթե չգային իրենց ազգային ակունքներից, չկրեին իրենց ազգային կոլորիտը: Այնպես որ, աշխարհը նվաճելու համար պետք է ազգային ակունքներից սնվես: Աշխարհը նվաճելու ուրիշ ճանապարհ չկա:

-Ինչ էլ լավ անուն ունես` Ասպետ, իմ ուսանողական տարիներին ոչ մի Ասպետ չկար իմ շուրջը:

-Ուղղակի՞ իմաստով, թե՞ անուղղակի…

-Ե՛վ ուղղակի, և՛ անուղղակի: Իսկ եթե կատակը թողնենք, այդ անունը հաճախ չի հանդիպում: Որտեղի՞ց ես արմատներով…

-Օձունեցի եմ: Ամբողջովին.

-Ուրեմն` ամբողջովի՞ն…

-Այո՛, բարբառը, մարդկանց սկզբունքներն ու ապրելակերպը, թասիբն ու նամուսը: Լոռվա բոլոր եղանակների գույները, պատկերները…ես հյուսված եմ այդ ամենից:

Գիտեք, ո՞րն է մեր ազգի ամենամեծ առավելությունը և ամենամեծ թերությունը:

-Ո՞րն է:

-Ամենամեծ առավելությունն այն է, որ մենք չենք բավարարվում ձեռքբերումներով, միշտ ձգտում ենք առավելագույնին, կանգ չենք առնում: Խոսքս օժտված ու արարող հայի մասին է` լինի կոշկակար, բիզնեսմեն, երգիչ, լրագրող, դերձակ, թե ֆերմեր… մենք աշխատասեր ենք, ուզում ենք հիմնավոր կապիտալ ունենալ…

-Գիտես, իմ մանկության տարիներին շատ փող ունենալու ցանկությունը նույնացվում էր քաղքենիության հետ: Մեր երազանքները ավելի վեհ էին:

-Ազնվաբար, սեփական փեշակը զարգացնելով, ավելի հմուտ դառնալով կապիտալ ստեղծելու ցանկությունը առաջընթացի ամենամեծ խթանն է: Մենք հպարտանում ենք, որ մեր հայրերը «անկախության սերունդ» պատվանունը շնորհեցին մեզ, հնարավորություն տալով ազատվելու կաղապարներից, մտածելու ազատ, ինտեգրվելու աշխարհին: Անկախության սերնդի պարտքն է հաղթել նաև մշակութային պատերազմում, որը պակաս կարևոր չէ և ազգի լինելության իրավունքն է վիճարկում: Մենք պիտի աշխարհին «պարտադրենք» մերը, «մեր»-ի առավելությունները ցույց տալով, «մեր»-ը մրցունակ դարձնելով:

-Մեր ազգի ամենամեծ առավելությունը նշեցիր, թերությունը` ոչ:

-Մեր ազգի ամենամեծ թերությունը հանդուրժողականությունն է բացասական երևույթների հանդեպ: Եթե մենք դարեր շարունակ օտար լծի տակ կամ օտար երկրում ապրելով` ձգտել ենք ինքնակատարելագործման, առավելագույնին, որ դիմանանք մրցակցությանը, պահպանել ենք մեր ազգային գույնը, քրիստոնեությունը, որ չձուլվենք, ցավոք, նաև ձեռք ենք բերել վնասակար հանդուրժողականություն օտարի կողմից պարտադրվող բացասական երևույթների հանդեպ:

-«Ոսկե Ծիրան» փառատոնին ներկայացված քո կարճամետրաժ ֆիլմը կոչվում է «Մի՛ գողացիր»:

-Դա Աստվածաշնչյան ութերորդ պատվիրանն է. մի վերցրու ուրիշինը, ուրիշի բաժինը: Ես փորձել եմ պատվիրանը համադրել հայկական ասացվածքի հետ. «Գողը գողից գողացավ….»: Ֆիլմը հումորային է, աշխույժ ու իմաստալից:

-Մի վերցրու ուրիշի բաժինը: Գիտես՝ ի՞նչ եմ մտածում. եթե քո երեխան հինգ հատ կոշիկ ունի, երեք հատ վերարկու, իսկ մեկ ուրիշի երեխան մոլորակի մյուս ծայրում բոբիկ է կամ քաղցում է, ուրեմն` դու ուրիշի բաժինն ես վերցրել: Անկախ այն բանից` այդ գումարը ոնց ես աշխատել, ես այդպես եմ մտածում:

-Իրավունք ունեք… մենք ВГИК-ի մի խումբ տարբեր ազգերի ուսանողներով որոշեցինք ֆիլմաշար նկարահանել: Ես դարձյալ ընտրեցի Աստվածաշնչյան թեմա` «Անառակ որդու վերադարձը»: Ֆիլմը նկարահանելու եմ Ահնիձորում, Հրանտ Մաթևոսյանի տանը` այն դարձնելով հայրենիքի խորհրդանիշ: Իմ «անառակ» որդին Հայաստանից հեռացած հայն է: Ի տարբերություն Աստվածաշնչյան անառակ որդու, նա վերադառնում է ոչ թե աղքատանալուց հետո, այլ կայացած, հաջողակ:

-Հասկանալի է: Այսինքն` հայրենիքը պետք է բոլորին` և՛ հարուստին, և՛ աղքատին, որովհետև այն, ինչ կա հայրենիքում, ոչ մի փողով չես գնի, ոչ մի շքեղությամբ չես փոխհատուցի:

-Այո՛: Ծրագրերիս մեջ է ֆիլմ նկարել նաև մեր ժամանակի հերոսի մասին:

-Ո՞վ է մեր ժամանակի հերոսը.:

-Անշուշտ, սահմանին կանգնած զինվորը: Պիտի ընտրեմ մի պարզ, հասարակ, գյուղացի տղայի: Արմատը` հայրենի հողում, զենքը` ձեռքին:

-Ասպե՛տ, ե՞րբ քեզ կտեսնենք արմատդ` հայրենի հողում, զենքը` ձեռքիդ:

-Շուտով, երբ մյուս ձեռքումս «Օսկար» լինի: Որ սահմանին հպարտ ու հիմնավոր կանգնեմ:

-Գիտեմ, որ գերազանց գնահատականներով ես սովորում: Թող իրականություն դառնան բոլոր ծրագրերդ: Նվաճի՛ր աշխարհը:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


23/07/2015