Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԿՈՒՅԶԸ ՝ ՄԵՂՐՈՎ…



-1992թ. դեկտեմբերի 28-ն էր: Մանիքլու-Փափրավենդ հատվածում էինք: Պետոյի (Պետրոս Ղևոնդյան) հրամանատարությամբ ընկել էինք շրջափակման մեջ: Երբ Պետոյին այդ մասին զգուշացրին, Պետոն ասաց. «Հոգ չէ, Թալինի տղաները հետս են, դուրս կգանք»: Ուժեղ հրետակոծություն էր: Կեղծ դիրքեր էինք կառուցել, և թշնամին անընդհատ ռմբահարում էր այդ դիրքերը: Թշնամու հարձակումներին դիմադրում էինք, սակայն տղաները քաղցած էին ՝ հարկավոր էր մի բան մտածել: Առավել ևս Ամանորին հաշված օրեր էին մնացել: Կողքի ձորակում լիքը ընկույզի ծառեր էին: Պետոյի հետ ես, Արմեն Ղազարյանը, Արմեն Բոդոյանը գնացինք հավաքելու, որ բաժանենք տղաներին, որ քաղցը մեղմեն,- պատմում է Արագած Մկրտչյանը, ու շարունակում,- գնացինք, ահագին հավաքել էինք ու արդեն վերադառնում էինք, երբ ծառերից մեկի տակ մեղվի չորս փեթակ գտանք: Շատ ուրախացանք ՝ բոլոր շրջանակները մեղրով լցված էին: Ու Պետոյի միտքը գործեց մի հրաշալի մտահղացմամբ: Մեղրը բերեցինք, ողջ գիշեր ընկույզը ջարդեցինք, սկսեցինք մեղրով պատել ցելոֆանը ու վրան ընկույզ շարել: Այսպես մեղրը քսում, ընկույզը շարում ու փաթաթում էինք: Մինչև առավոտ տղաների համար արդեն ահագին պաշար էինք փաթաթել: Առավոտը բացվեց` 1993թ.-ի հունվարի մեկը, ու մենք դիրքեր հասցրինք «Ձմեռ պապի» նվերը: Իրենց ջոկատներով դիրքերում էին թալինցի Սամվել Կարապետյանը, հրազդանցի Աբոն, երևանցի Դուդուլ Արթուրը: Տղաների այն հարցին, թե էս ի՞նչ է՝ պատասխանում էինք՝ ֆրանսիացիներն են ուղարկել: Տղաները հավատացել էին: Միայն նրանցից մեկնումեկը մեկ էլ ասում էր. «Դե խելոք ժողովուրդներն ուրիշ են, էլի: Բայց մինչև ֆրանսիացիները, մերոնք էլ էին այսպես փաթաթում պոպոքը: Միայն ցելոֆանի փոխարեն լավաշով էին փաթաթում: Բայց դե էս դեպքում Ֆրանսիայից լավաշով կհասնե՞ր: Երևի ստիպված են եղել ցելոֆանով փաթաթել»,- ասում էին տղաները:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Հոգևոր-մշակութային


23/07/2015