Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ



Նորակոչիկների հետ աշխատանքը զինված ուժերի կենսագործունեության կարեւորագույն գործընթացներից է, առավել եւս՝ ուսումնական զորամասերում: Այս օրերին, երբ ընթանում է զորակոչը, եւ դեռ չի մեկնարկել նոր ուսումնական փուլը, ուսումնական զորամասերի անձնակազմի ուշադրությունը կենտրոնացած է հենց այդ խնդիրներին:

Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասը պատրաստում է ապագա ռազմական ինժեներներ: Վեցամսյա դասընթացներից հետո ստանալով կրտսեր հրամանատարական կոչումներ, նորաթուխ ռազմական ինժեներները կտեղափոխվեն գործող զորամասեր: Այստեղ կրթական և մասնագիտական հմտություններին զուգահեռ կարևորվում են բարոյահոգեբանական և կարգապահական խնդիրները: Եվ այս գործում վճռորոշ դեր ունեն ոչ միայն սպաները, այլև ուսումնական ստորաբաժանումների կրտսեր հրամանատարները, որոնք ուսումնական գործընթացի անմիջական մասնակիցներն են:

Ուսուցման ներկա փուլում նորակոչիկների հետ են աշխատում կրսեր սերժանտներ Ալիկ Ապրեսյանը, Տիգրան Մարգարյանն ու Հովհաննես Ռափյանը: Նրանք լավ են գիտակցում ստանձնած գործի պատասխանատվությունը և ձգտում են բարձր պահել իրենց զորամասի, որ բազմիցս հանդես է եկել միջազգային տարբեր միջոցառումներում և հաղթել, բարի համբավը:

-Բացի ուսումից՝ շարային վարժություններ, կանոնագիրք, մասնագիտական առարկաներ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նորակոչիկի բարոյահոգեբանական դաստիարակությանը` հարգանք միմյանց նկատմամբ, փոխադարձ վստահություն, համատեղ ապրելու, աշխատելու մշակույթ, ինչ էլ կոչվում է զինվորական առօրյա կամ կյանք: Բնական է, որ տղաները եկել են տարբեր վայրերից, տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակություն են ստացել, հոգեբանական տարբեր տիպեր են ներկայացնում, բայց զորամասում նրանք պետք է հետևեն զինվորական ընդունված չափանիշներին ու համակեցության ընդունելի կանոններին: Մեր` սերժանտներիս խնդիրը այդ ամենը նորակոչիկների մեջ ամրագրելն է: Մենք ինքներս եղել ենք նորակոչիկ և տալիս ենք մեր նոր ընկերներին այն, ինչ ստացել ենք ժամանակին մեր հրամանատարներից: Բնական է, որ տղաները դեռ շատ կաշկանդված են, բայց ժամանակի ընթացքում դա կանցնի,- նշում է կրտսեր սերժանտ Հովհաննես Ռափյանը:

Ուսումնական գումարտակի հրամանատարի ուսումնական գծով տեղակալ, մայոր Արթուր Բաբաջանյանը իր հերթին նշում է, որ զորամասի հրամանատարությունը հետևողական է, որ նորակոչիկների հետ աշխատեն բարոյահոգեբանական և մասնագիտական բարձր ունակություններով օժտված սերժանտները.

-Կրտսեր հրամանատարական կազմը կարևոր օղակ է մեր զինված ուժերում և մեծ է նրա դերը զինվորներին կրթելու գործում: Եթե համեմատենք, ասենք՝ մեքենայի շարժիչի հետ, ապա կրտսեր հրամկազմը այն յուղն է, որն ազդում է շփման գործակցի վրա: Ուստի թերացող, մեր պահանջները չբավարարող սերժանտին մենք հեռացնում ենք ուսումնական գործընթացից: Նորակոչիկների համար կրտսեր հրամանատարը պետք է ընդօրինակման արժանի զինվորականի կերպար լինի:

Ըստ գումարտակի հրամանատարի տեղակալի՝ կրտսեր հրամանատարական կազմն իր հերթին մշտապես պետք է գտնվի սպայական հրամանատարության սևեռուն ուշադրության կենտրոնում.

-Չմոռանանք, որ սերժանտների տարիքն այն տարիքն է, երբ մարդ առաջնորդվում է հաճախ ոչ այնքան ուղեղով, որքան սրտով: Իհարկե, խրախուսելի է նրանց աշխուժությունը, ոգևորվածությունը, ինքնուրույնությունը, սակայն սպաներիս խնդիրը այդ ամենն ընդունելի սահմանների ու չափի մեջ պահելն է: Չնսեմացնելով կրտսեր հրամանատարի արժանապատվությունը, մենք պարտավոր ենք հետևել, որ նրա օրինապահությունը չվերածվի օրենքի տառից կառչելուն, իսկ խստապահանջությունը` դաժանության:

Խոսելով զորակոչից՝ ուսումնական գծով տեղակալը մտահոգություն է հայտնում, որ գոհացուցիչ չէ նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև կրթական ընդհանուր մակարդակը:

-Ես համաձայն չեմ այն կարծիքներին, թե զորակոչիկի ֆիզիկական պատրաստվածության համար պատասխանատու են միայն դպրոցները: Ո՛չ, բնա՛վ: Նման իրավիճակը պայմանավորված է նորակոչիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակով: Շատ պատանիներ պարզապես ի վիճակի չեն հաճախելու սպորտային խմբակներ, մարզվելու: Բացի այդ, իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև նորագույն տեխնոլոգիաները: Այսօրվա երիտասարդությունն ապրում է ավելի շատ վիրտուալ կյանքով: Պատանին նախընտրում է ինտերնետը, համակարգչային խաղերը, քան բակ դուրս գալը, ֆուտբոլ խաղալը: Իմ պատանեկան տարիներին, երբ տրանսպորտային լուրջ դժվարություններ կային, ես չէի զլանում ոտքով Աջափնյակից հասնել Երևանի կենտրոն՝ բռնցքամարտի պարապմունքների, հետո էլ ոտքով տուն վերադառնալ: Այսօր այդպես չէ: Եվ եթե նույնիսկ նորակոչիկը մարզված է, շատ դեպքերում բացակայում է ճարպկությունը, դիմացկունությունը,- նշում է Արթուր Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ նորակոչիկների մասնագիտական ունակությունը մեծապես կախված է նորակոչիկի մտավոր պաշարից, ձիրքից, գիտելիքներից: Մայոր Բաբաջանյանը նկատում է, որ զորակոչվող պատանիների զգալի մասը ընթերցասեր չէ և գալով բանակ՝ նոր է փորձում ընթերցանությամբ զբաղվել, երբեմն՝ նույնիսկ ինքնակրթվել:

– Օտար լեզուների իմացությունը խիստ կարևոր է ապագա մասնագետների կերտման գործում: Ուսումնական փուլի ընթացքում մենք հետևողական ենք, որ մեր զինվորները սովորեն ռուսերեն և ծանոթանան մեզ այնքան անհրաժեշտ ռուսական տերմինաբանությանը,- տեղեկացնում է մայոր Բաբաջանյանը,- փոխարենը անգլերենի իմացությունը գերակշռում է երիտասարդների շրջանում:

Նա միաժամանակ վստահեցնում է, որ վեցամսյա դասընթացներից հետո զորամասը կունենա փորձառու նոր փորձագետներ, բանիմաց կրտսեր հրամանատարներ, որոնք իրենց ստացած գիտելիքները կծառայացնեն ազգային բանակի շահերին ու նրա մարտունակության բարձրացմանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/07/2015