Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՆՊԱՏԱԿԸ՝ ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉ



Ամառային զորակոչի պահանջներն ու հրամայականներն են` բացառել կոռուպցիոն ռիսկերը, ապահովել զորակոչի թափանցիկությունը եւ բարձրացնել բանակի հանդեպ հասարակության վստահությունը:

Կենտրոնական հավաքակայանի դարպասների մոտ այս օրերին մարդաշատ է: Հանրապետության տարբեր ծայրերից այստեղ են շտապում իրենց որդիներին ազգային բանակ ճանապարհող ծնողներն ու հարազատները՝ հետեւելու վիճակահանությանը, եւս մեկ անգամ ամուր գրկելու իրենց զինվորին եւ բարի ճանապարհ մաղթելու:

Շատերի համար թերեւս անակնկալ էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հուլիսի 16-ին ավանդույթի համաձայն այստեղ էր՝ զորակոչի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:

Մինչ ընթացող աշխատանքներին հետեւելը, նախարարը զրուցեց մուտքի մոտ սպասող ծնողների հետ. «Բանակի այսօրվա ղեկավարությունը, զինված ուժերի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում են արդար զորակոչի իրականացման անհրաժեշտությունը: Զինված ուժերում ոչ մի զինծառայող, ոչ մի զորակոչիկ չպետք է վաճառքի առարկա դառնա, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկերը պետք է հավասարեցնել զրոյի, իսկ դա կարելի է անել միայն հասարակության ու ծնողների աջակցությամբ»,- նշեց նա:

Մկրտիչ Գրիգորյանը, որ եկել էր միակ որդուն՝ Նարեկին ճանապարհելու, ասաց. «Այն, որ գործընթացը Ձեր անմիջական վերահսկողության ներքո է, արդեն վստահություն է ներշնչում: Ծնողներիս համար արդարության, ազնվության, անաչառության սկզբունքները, իրոք, ամենակարեւորներն են: Երեխաների միջեւ տարբերություն չպետք է դրվի»:

Ծնողները նաեւ իրենց գոհունակությունը հայտնեցին կանխարգելիչ պատվաստումները զորակոչից 2-3 ամիս առաջ բժշկական հիմնարկներում իրականացնելու որոշման առիթով. «Երկրորդ որդուս եմ ուղարկում բանակ եւ պիտի նշեմ, որ այս նորամուծությունն անհրաժեշտություն էր: Անցած անգամ անհանգիստ էի՝ ինչպես կընթանա հետպատվաստումային շրջանը, հիմա այդ մտահոգությունը չունեմ»,-անկեղծացավ Արթուր Բաղդասարյանը:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ կարեւոր այս միջոցառումն ավելի արդար եւ արդյունավետ անցկացնելու համար կշարունակվեն նոր մեթոդներ ներդրվել:

Նախարարի հաջորդ կանգառը վիճակահանության սենյակում էր: Այստեղ ծնողների ներկայությամբ նախարարը զինակոչիկներին ներկայացրեց իր պատգամները. «Պետք է լսել ծնողներին, հնարավորինս արագ մերվել զինվորական ծառայությանը եւ հետեւել հրամանատարների ցուցումներին: Յուրաքանչյուր զինվոր պետք է նաեւ տեղեկացված լինի իր իրավունքներին: Այս սկզբունքները ավելի դյուրին կդարձնեն ծառայությունը»:

Ըստ զինղեկ Նշան Եդիգարյանի, որ ճանապարհում էր իր հարազատին, տղաները ավելի վստահ կծառայեն, եթե հրամանատարները նրանց չխնայեն, կոփեն, ծանրաբեռնեն առաջադրանքներով. «Ուսումնական գումարտակում լիարժեք նախապատրաստությունը թույլ կտա ավելի համարձակ կանգնել դիրքում: Ծավալուն աշխատանք պետք է կատարեն նաեւ հոգեբանները, որպեսզի նորակոչիկները գիտակցաբար ստանձնեն իրենց պարտականությունները»:

Սեյրան Օհանյանը նկատեց. «Այսօր ես չտեսա մի զորակոչիկի, որը չէր ցանկանում ծառայել կամ գիտակցաբար չէր ներկայացել: Մենք տարեցտարի մեր բանակը դարձնում ենք մարդակենտրոն, այսինքն` յուրաքանչյուր զինծառայող բանակի հրամանատարության համար ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն, որից կախված է զինված ուժերի մարտունակությունը: Այդ անհատականությունը հնարավորություն ունի բանակում ե՛ւ սովորելու, ե՛ւ արագ տիրապետելու զինվորի մասնագիտությանը, ե՛ւ նաեւ ապահովելու իր զարգացումը»:

Հայրենիքի պաշտպանությունը բարձր մակարդակով իրականացնելու համար պաշտպանական գերատեսչությունը կարեւորում է նաեւ ճանաչողական այցերը պատմամշակութային վայրեր. «Զինակոչիկներին տանում ենք մշակութային օջախներ, նրանց հնարավորություն ենք տալիս Երեւանում այցելելու Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Պատմության թանգարան, իսկ մարզերում՝ ծանոթանալու տվյալ մարզի պատմամշակութային արժեքներին: Դրանք հպարտության եւ պատասխանատվության զգացում են առաջացնում յուրաքանչյուր անհատի մեջ»:

Այնուհետեւ նախարարը զրուցեց զինակոչիկների հետ, հետաքրքրվեց, թե դպրոցում ինչպես է անցել նախնական զինվորական պատրաստություն առարկան, ովքեր են զբաղվել սպորտով, ինչ տրամադրությամբ են մեկնում ծառայության: «Մարտակա՛ն»,-եղավ տղաների պատասխանը: Սեյրան Օհանյանը հաջողություն մաղթեց զինակոչիկներին եւ ամուր սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/07/2015