Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



Հակաօդային պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործումը ազգային բանակի հրամանատարության, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Մշտապես զարգանալով, ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները դարձել են միմյանց լրացնող ու փոխապահովող մարտունակ կառույց, որը լիովին վերահսկում, պահպանում է, իսկ անհրաժեշտության դեպքում հաջողությամբ կարող է պաշտպանել մեր երկրի օդային տարածքը եւ ապահովել ցամաքային զորքերի գործողությունները։
Անցած ուսումնական տարվա վերջին, երբ եղանք գնդապետ Արտակ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում, փորձառու հրամանատարը նշեց, որ անձնակազմը վճռականորեն պայքարում է լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Այդպես էլ եղավ. 2010թ. տարեվերջյան կոլեգիայի նիստի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը «ՀՀ ԶՈՒ լավագույն ՀՕՊ զորամաս» պատվո դրոշը հանձնեց գնդապետ Ա. Պողոսյանին։

Անցած ուսումնական տարում զորամասը հաջողությամբ է կատարել մարտավարական, շրջաթռիչքներով օպերատիվ մարտավարական եւ շտաբային բոլոր զորավարժությունները։ Միաժամանակ, ՀՕՊ համաբանակային մրցույթում առաջին տեղեր են գրավել զենիթահրթիռային դիվիզիոններից մեկի մեկնարկային հաշվարկը եւ խառը զենիթահրթիռային դիվիզիոնի ՕՍԱ-ԱԿ մարտկոցներից մեկը։ Այս ստորաբաժանումները ներկայացնող դիվիզիոնները լավագույնն են ճանաչվել ՀՕՊ զորքերի դիվիզիոնների միջեւ ծավալված մրցույթում։ Գնդապետ Ա. Պողոսյանի վկայությամբ՝ ձեռքբերումները ծառայողական կարգապահության ամրապնդման, նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ պետի, ինչպես նաեւ ՀՕՊ զորքերի վարչության պետ գնդապետ Նիկոլայ Բաբայանի ցուցումների ճիշտ կատարման, անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացման արդյունքն են։
-Մենք գիտենք, որ երկրորդ անգամ նույնպիսի հաջողության հասնելն ավելի դժվար է, սակայն պայքարելու ենք, որ պատվո դրոշը հաջորդ տարի էլ մերը լինի։ Ես վստահ եմ անձնակազմերի մասնագիտական իմացության, կարողությունների վրա, իսկ համազորային առարկաների գծով անելիքներ միշտ կան։ Ասեմ, որ ապրիլ ամսին մասնակցել ենք համատեղ զորավարժությանը, ուսումնական տարվա ընթացքում նման զորավարժություններ, մարզումներ էլի կլինեն, միաժամանակ հարկավոր է անձնակազմին նախապատրաստել հանրապետության անկախության քսանամյակի առթիվ նախատեսվող զորահանդեսին։
Անցած տարի իրեն շատ լավ դրսեւորեց ավագ լեյտենանտ Վ. Ալեքսանյանը։ Իրենց շատ լավ են դրսեւորում մայորներ Է. Սարիբեկյանը եւ Ստեփան Ստեփանյանը, Ա. Ադիլխանյանը, լեյտենանտ Ռ. Հարությունյանը եւ կապիտան Ա. Սարգսյանը։ Մարտկոցների հրամանատարները նույնպես կարող ուժեր են եւ ՀՕՊ զորքերը համալրել են մասնագիտական կրթություն ստանալուց հետո։ Զորամասում շատ են փորձառու սպաները, որոնք իրենց լավագույն կողմերով են դրսեւորել տարբեր ներկայացուցչական զորավարժություններում։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Այստեղ մարտական հերթապահությունը մշտական է՝ գիշեր ու ցերեկ։ Օպերատիվ հերթապահը մայոր Մաթոսյանն է, կապի հերթապահը՝ ենթասպա Սամվել Պապոյանը։ Իրենց տեղերում էին նաեւ մայոր Բ. Գրիգորյանը, պլանշետավարներ՝ կրտսեր սերժանտներ Մկրտիչ Սիմոնյանը, շարքայիններ Արթուր Պողոսյանը եւ Օգսեն Էլոյանը եւ ռադիոհեռախոսավար, շարքային Արեգ Ղազարյանը։ Պլանշետավարներն անընդհատ նշումներ էին անում եւ ցույց տալիս երկնքով անցնող ինքնաթիռների տեղը.
-Հետեւում ենք օդային իրադրությանը, այս պահին ունենք երկու հայտավորված նշանակետ,- ասաց մայոր Մաթոսյանը։
♦♦♦
Շարքային Տաճատ Վարդանյանը հրամանատարական կետի դիզելիստ-էլեկտրամեխանիկն է։ Նրան այստեղ շատ են սիրում, որովհետեւ առաջադրանքները լավ է կատարում եւ շատ կարգապահ է։ Տաճատն արթիկցի է, ծնվել է 1992-ին։ Չորս տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մեծացել է, դպրոց հաճախել, իսկ մեկ տարի առաջ վերադարձել է հայրենիք, որ զինվորական պարտքը կատարի։
♦♦♦
Շարքային Արեգ Ղազարյանն էլ մեխանիկ է։ Նա է նորոգում, կարգավորում հրամանատարական կետի սարքավորումները, Արեգը Զովունի գյուղից է, բանակ է զորակոչվել ագրարային համալսարանի երկրորդ կուրսից։ Բարեխիղճ ծառայության համար զորամասի հրամանատարությունը նրա ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկել։

ՄԻ ԲՈՒՌ ՁՅՈՒՆ՝ ՄԱՍԻՍԻՑ

Մայոր Հուսիկ Մանվելյանը ծառայության պետ է։ 1993-ի մայիսին Հուսիկն ինքնակամ ներկայացել է զինկոմիսարիատ եւ զորակոչվել բանակ։ Ծառայել է սահմանային զորամասում եւ մասնակցել է տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին։
Ստորաբաժանումը, որի կազմում էր Հուսիկը, մի անգամ հայտնվում է ականապատված դաշտում։ Հետեւանքները շատ ծանր են լինում. զոհեր, վիրավորներ։ Հուսիկն էլ աչքից է վիրավորվում։ Հաղթահարելով ցավը, նա կարողանում է հայտնաբերել չպայթած ականները եւ զգուշությամբ տարածքից հանել վիրավորներին, զոհվածների մարմինները։ 1994թ. ապրիլին Հուսիկ Մանվելյանը, որպես երկրորդ խմբի հաշմանդամ, զորացրվում է։ 1995թ. դեկտեմբերին նրան հրավիրում են ծառայելու ՀՕՊ զորամասում։ 2001թ. նա գերազանց առաջադիմությամբ սովորում է սպայական դասընթացներում եւ ստանում «լեյտենանտ» զինվորական կոչում։
Մայոր Հուսիկ Մանվելյանը պարգեւատրվել է «Մարտական գործողությունների մասնակցի» կրծքանշանով, «Մարտական ծառայություն», «Արցախի մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայություն» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։ Նա ամուսնացած է եւ ունի չորս երեխա Գոհար, Նանե, Վահե, Արամե անուններով։
Հուսիկի վաղամեռիկ մայրը՝ Գոհարը, բացառիկ հայրենասեր, Հ. Շիրազի պոեզիան շատ սիրող կին է եղել։ Մի անգամ Երեւանում ամուսնու՝ Լեկդարի հետ փողոցում տեսնում է Շիրազին։ Անմիջապես պայուսակից հանելով պոետի գիրքը` տալիս է ամուսնուն եւ ասում՝ տար՝ թող մակագրի։ Շիրազը հարցնում է երիտասարդի անունն ու հետաքրքրվում, թե ի՞նչ է նշանակում Լեկդար։ Երբ լսում է «Լենինյան կոմունիստական դարաշրջան», հրաժարվում է մակագրել։ Այդ պահին Հուսիկի մայրը՝ տիկին Գոհարը, ամուսնու ձեռքից թռցնում է գիրքը եւ պարզում վարպետին։ Իմանալով երիտասարդ կնոջ անունը` Շիրազը մակագրում է՝
Գոհարին
Գոհար մնաս, գոհարի պես վեր բարձրանաս,
Թե մոռանաս Մասիսն հայոց.
Փուչ քարի պես կչքանաս։
-Երբ մայրս վերջին շնչում էր, հարցրի, թե ինչ է ուզում, ասաց՝ որդիս, Մասիսից մի բուռ ձյուն բեր։ Մորս այս վերջին ցանկությունը չկարողացա կատարել։
Սակայն տարիներ անց տիկին Գոհարի ցանկությունը կատարեց որդու՝ Հուսիկի մարտական ընկերը։ «Փյունիկ» միության անդամ, էջմիածնեցի Ալեքսան Բայանդուրը, որին Հուսիկը հանել էր ականապատված դաշտից։ Նա իր միակ ոտքով բարձրացավ Արարատի գագաթը եւ բերեց այն մի բուռ ձյունը, որ խնդրել էր մասիսապաշտ, շիրազապաշտ հայուհին։
♦♦♦
Զորամասում մեզ ներկայացրին պարեկային ծառայության լավագույն զինվոր շարքային Արթուր Խուդոյանին։ Նա քսան տարեկան է, ծնունդով՝ Արարատի մարզի Լանջապար գյուղից։ Դպրոցն ավարտելուց հետո Արթուրն ընդունվել է ագրարային համալսարան եւ զորակոչվել բանակ։ Ծառայության ընթացքում նա միշտ աչքի է ընկել պարտաճանաչությամբ եւ խրախուսվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, պատվոգրով։ Արթուրի ծառայությունը մոտենում է ավարտին, եւ նա մեկ ամսից կզորացրվի։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ԴԻՎԻԶԻՈՆԸ

Փոխգնդապետ Հ. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ԶՀԴ-ն վերջին չորս տարիների ընթացքում երեք անգամ լավագույնն է ճանաչվել զորամասի եւ ՀՕՊ զորքերի նմանատիպ դիվիզիոնների մեջ։ 2010թ. մասնագիտական համաբանակային մրցույթում հաղթող դարձավ մեկնարկային հաշվարկներից մեկը, որի կազմում էին սերժանտ Արտյոմ Նամալյանը, շարքայիններ Արտյոմ եւ Կոլյա Ղազարյանները, Հեկտոր Խաչատրյանը, Ռոման Ալոյանը, Պարույր Նազարյանը, Մեխակ Կատվալյանը։ Նրանց օգնում էին շարքայիններ Մինաս Հովակիմյանը եւ Ռաֆայել Պետրոսյանը։
Դիվիզիոնի հերթապահը հաշվարկի պետ լեյտենանտ Ռ. Հարությունյանն էր։ Երիտասարդ սպան աչքի է ընկնում բանիմացությամբ, իրեն լավ է դրսեւորում ծառայության կազմակերպման գործում եւ իրավամբ զորամասի հեռանկարային սպաներից է։ Նա ավարտել է մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը։
♦♦♦
Դիվիզիոնում շնորհալի տղաներ շատ կան։ Օրինակ` շարքային Արտավազդ Տեր-Խաչատրյանը համաբանակային սպարտակիադայի չեմպիոն է, շարքային վարորդ-էլեկտրամեխանիկ Ռոբերտ Ամիրյանը՝ Հայաստանի Հանրապետության բիլիարդի բազմակի չեմպիոն է, հատկապես «Բուրգ» խաղաձեւի վարպետ է։
♦♦♦
Ծառայելով սահմանամերձ զորամասում` Ա. Ադիլխանյանը մասնակցել է պաշտպանական գործողությունների։ 2003թ. մայոր Ա. Ադիլխանյանը մասնակցել է Աշուլուկում անցկացված ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի զորավարժությանը։ Նա պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով, խրախուսվել «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, պատվոգրերով։

ԽԱՌԸ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ԴԻՎԻԶԻՈՆՈՒՄ

Այս դիվիզիոնը նույնպես լավագույնն է ՀՕՊ զորքերում։ Հրամանատարը՝ փոխգնդապետ Կ. Աբգարյանը, զորատեսակի հմուտ մասնագետներից է։ Նա ծնվել է Էջմիածնում։ Ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ՀՕՊ բաժինը, ծառայության է նշանակվել սահմանի պահպանություն իրականացնող զորամասերից մեկում։ 2000թ. մարտկոցի երիտասարդ հրամանատարը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն՝ սովորելու ՀՕՊ բարձրագույն համալսարանում։ 2006 թվականից նա դիվիզիոնի հրամանատարն է։ Փոխգնդապետ Կ. Աբգարյանը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով, խրախուսվել պատվոգրերով, շնորհակալագրերով։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
-Վերջին չորս տարիների ընթացքում մեր հաշվարկները միշտ հաղթում են ՀՕՊ զորքերի համաբանակային մրցույթում։ Արդեն ավարտել ենք ուսումնական փուլի համար նախատեսված տեսական եւ գործնական պարապմունքները եւ նախապատրաստվելու ենք քննություններին։ Ապրիլի 18-23-ին մասնակցում էինք այլ զորատեսակների հետ անցկացվող զորավարժությանը։ Բոլոր առաջադրանքները կատարեցինք հաջողությամբ։ Այսօր զորամասի այն զինծառայողները, որոնք մարտական հերթապահության մեջ ընդգրկված չէին, մասնակցեցին կրակային պատրաստության գործնական պարապմունքին։ Որպես մարտական դիվիզիոնի հրամանատար` վստահեցնում եմ, որ մեր ստորաբաժանումները մարտունակ են եւ կարող են հուսալիորեն պաշտպանել մեր երկրի օդային սահմանները։ Իրենց ծառայությունը շատ լավ են կատարում մայորներ Գ. Իսախանյանը, Ս. Մելոյանը, Ռ. Նիկոլյանը, Ա. Բադոյանը։ Ի դեպ, նրա ղեկավարմամբ մեր զինվորները բարեկարգում են շրջանում եղած հուշարձանները, ինչի համար մարզի հուշարձանների պահպանման կոմիտեից շնորհակալական նամակ ենք ստացել։ Ասեմ նաեւ, որ համագործակցում ենք շուրջ 25 դպրոցի հետ, կազմակերպում ենք արիության դասեր եւ այլ միջոցառումներ։ Ուզում եմ նաեւ նշել մեր զինվորների՝ կրտսեր սերժանտներ Արշակ Վաթյանի, Սիփան Մեհրաբյանի, Արմեն Ներսիսյանի, շարքայիններ Վարդգես Գինոսյանի, Ժիրայր Թորոսյանի նվիրված ծառայությունը։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Ավագ լեյտենանտ Վ. Ալեքսանյանի տեղափոխությունից հետո լավագույն հաշվարկի պետ է նշանակվել լեյտենանտ Ա. Եգորյանը։ Պետի տեղակալն է սերժանտ Հայկ Աթանեսյանը։ Հաշվարկի մեխանիկ-վարորդը շարքային Ահարոն Գամեյանն է, օպերատորը՝ շարքային Կարապետ Սարգսյանը, փնտրման օպերատորը՝ շարքային Կոլյա Ազարյանը։ Գրեթե բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացած կամ էլ բուհից տարկետված տղաներ են, ծառայում են բարեխղճորեն։
Լավագույն հաշվարկներից մեկում են կրտսեր սերժանտ Արթուր Սիմոնյանը, շարքայիններ Արայիկ Կարապետյանը, Վարուժան Արիստակեսյանը, Ռաֆիկ Ավագյանը։ Հաշվարկի պետի պարտականությունները կատարում է կրտսեր սերժանտ Ա. Սիմոնյանը։

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ՝ ՄԵԿ ԴԻՎԻԶԻՈՆՈՒՄ

Այո՛, այստեղ միասին ծառայում են Նորայր, Հարություն եւ Արտակ Մանուկյան եղբայրները։ Նրանք մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի բնակիչներ Տիգրան Մանուկյանի եւ Գոհար Մամիկոնյանի որդիներն են։ Եղբայրներից մեծը՝ Նորայրը, սերժանտ է, բանակ է եկել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո։ Նա զորակոչվել է Հարությունի հետ, որն էլ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող է։ Մեկ տարի անց նրանց է միացել փոքրը՝ Արտակը։ Վերջինս էլ քոլեջի ուսանող է։ Նորայրը հաշվարկի պետի տեղակալն է, նաեւ՝ զորամասի սերժանտական խորհրդի նախագահը եւ շաբաթը մեկ գնում է զորամաս, ղեկավարում խորհրդի աշխատանքները։ Հարությունը հրամանատարաշտաբային մեքենայի հրամանատարն է, իսկ Արտակը՝ մեխանիկ-վարորդը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/05/2011