Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՎԻՎԱՏ ՊՈԲԵԴԱ», ՎԻՎԱՏ «ԶՈՐԱԿԱՆ»



Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին էր նվիրված ապրիլի 28-ից մայիսի 2-ը Զելենոգրադ քաղաքում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի միջազգային մրցույթ-փառատոնը։ 24 համույթների, 36 մենակատարների եւ 18 հեղինակ կատարողների մեջ կրկին փայլեց ՀՀ պաշտպանության նախարարության «Սպայի տան» «Զորական» համույթը՝ այս անգամ Հայաստան բերելով փառատոնի գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակը։
-Արդեն ութ տարի է, որ «Զորականը» մասնակցում է այս մրցույթին եւ ամեն անգամ էլ պատվով։ Անուրանալի է համույթի գեղարվեստական ղեկավար մայոր Արամ Գալստյանի վաստակն այս գործում,- նշեց «Սպայի տան» պետ գնդապետ Գուրգեն Խաչատրյանը։
«Մեր համույթի հինգ մենակատարներն էլ՝ շարքայիններ Վիլեն Հովսեփյանը, Մարտին Ադամյանը, Արման Լազրյանը, Կարո Խաչատրյանը եւ Արթուր Կարապետյանը, փայլուն կատարումներով հանդես եկան եւ արժանացան միջազգային դափնեկրի կոչման»,- ասում է «Զորականի» գեղարվեստական ղեկավար մայոր Արամ Գալստյանը։
Աննկարագրելի էր այն հուզումը, ոգեւորությունը, որ համակել էր ունկնդիրներին։ Դահլիճի առաջին շարքում նստած վետերանները մեր տղաների ելույթից հետո ոտքի կանգնեցին եւ խոնարհվեցին։
-Սրանից ավելի բարձր գնահատական չկա,- նկատեց ժյուրիի անդամներից կոմպոզիտոր Ա. Լեբսկին, իսկ ժյուրիի նախագահը` դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Գալկինը, հավելեց. «Կրկին բարձր մակարդակ, ամեն ինչ պարզ է՝ հայերն են հաղթելու»։
Ու թեեւ մրցույթը դեռ շարունակվում էր, բայց բոլորը մոտենում էին «Զորականին» եւ անկեղծ շնորհավորում։ Իրոք, գեղեցիկ եւ անկրկնելի էին ե՛ւ երգերը, ե՛ւ կատարումները։ Հնչում է «Հայկական բանակ» երգը.
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը,
Մեր անունն է Հայկական բանակ։
«Սուր են, հուր են»… «հ» տառի վրա մի քիչ չարչարվելով՝ երգում էր ողջ դահլիճը։ «Զորականի» անզուգական կատարումները ոչ միայն հիացրել, այլ նաեւ մի քիչ էլ հայացրել էին ներկաներին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/05/2011