ԲՈԼՈՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ
ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
Հուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի սահմանապահների և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև փոխհրաձգության հետևանքով թուրք զինվորականի սպանությունը ազդարարեց Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակի մասին: Արդեն հաջորդ օրը թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին իսլամիստների կայանները Հյուսիսային Սիրիայում, ավելին, թույլատրվեց «Իսլամական պետության» դեմ գործողություններում օգտագործել Ինջիրլիկի ռազմաօդային բազան:
Թուրքական իշխանության և «Իսլամական պետության» միջև փոխադարձ սպառնալիքների վերաճած տարաձայնությունները սկսեցին ի հայտ գալ դեռ գարնանը, երբ իսլամականները սկսեցին հայտարարել, թե հավակնում են նաև Թուրքիայի տարածքի վրա և չեն ճանաչում Թուրքիայի Հանրապետությունը: Հուլիսի 18-ին նրանք խոսքից գործի անցան՝ Ստամբուլում ուրբաթ օրվա աղոթքից հետո տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ հավատացյալներին կոչ անելով պատերազմ հայտարարել Թուրքիայի կառավարությանը: Նման ցույցեր տեղի ունեցան նաև թուրքական այլ քաղաքներում: Թեև թուրքական իրավապահ մարմինները որևէ կերպ չմիջամտեցին ծավալվող իրադարձություններին, այնուամենայնիվ՝ թուրքական կառավարող վերնախավի համար դա արդեն լուրջ մարտահրավեր դարձավ: Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ հուլիսի 20-ին, Սուրունջում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ քրդաբնակ քաղաքում շուրջ 30 մարդ զոհվեց և շուրջ 100-ը վիրավորվեց: Ողբերգությունը փաստեց, որ Թուրքիան «Իսլամական պետության» թիկունքային մատակարարից դառնում է նրա բացահայտ զոհերից մեկը, ինչը արդյունք է թուրքական իշխանության քաղաքական բացահայտ անհեռատեսության:
Դեռ 2011 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խանդավառվեց իր երկիրն իսլամական աշխարհի առաջնորդ դարձնելու մտքով: Այն ժամանակ այդ գաղափարն առավել քան իրատեսական էր թվում՝ Եգիպտոսում, Լիբիայում և Թունիսում հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերը ուշադրությունը սևեռում էին Անկարայի վրա: Արևմուտքում խոսվում էր նույնիսկ Օսմանյան կայսրության վերականգնման հնարավորության մասին: Էրդողանը ոչ միայն չէր հերքում այդ խոսակցությունները, այլև իր պահվածքով և հայտարարություններով հիմնավորում էր դրանք:
Սակայն Էրդողանի ծրագրերը «հօդս ցնդեցին» Սիրիայում. նախագահ Ասադին սատարեցին Ռուսաստանը, Իրանը և «Հեզբոլահը», իսկ ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Սիրիաբնակ քրիստոնյաները, ալևիները, դրուզները և այլ կրոնա-ազգային փոքրամասնությունները, ըմբռնելով, որ սունիների հաղթանակը կարող է հանգեցնել ոչ միայն արտագաղթի, այլ նույնիսկ ցեղասպանության, նախընտրեցին համախմբվել Ասադի շուրջ՝ որպես չարյաց փոքրագույնի: Այդ իրավիճակում Թուրքիան սկսեց աջակցել Հյուսիսային Սիրիայում իսլամականների հաստատմանը: Նա զենք էր մատակարարում, մարդկային և ռազմական ռեսուրսներ, գրոհայիններ, անվճար բուժօգնություն: Թուրքական իշխանության վերնախավը ոգևորությամբ ընդունեց «Իսլամական խալիֆայության» հռչակումը, հույս ունենալով, որ կառույցի կայանալն ավելի կարագացնի իր համար ցանկալի զարգացումները: Կարճ ժամանակի ընթացքում իր «դաշնակիցների» միջոցով Թուրքիան կարողացավ վերահսկել իրավիճակը ոչ միայն Հյուսիսային Սիրիայում և Հյուսիսային Իրաքում, այլ նաև երկու այդ երկրների քրդաբնակ շրջաններում: Եթե Անկարան դեռ կարող էր հանդուրժել քրդական պետականության կայացումը Իրաքում, ապա բացառում էր նման գործընթացը Սիրիայում: 2014 թվականի դեկտեմբերին քրդաբնակ սիրիական Քոբանի քաղաքի մոտ բռնկված ռազմական գործողությունների ժամանակ Էրդողանը բացահայտ հայտարարեց իսլամականներին սատարելու մասին, ինչով առաջացրեց թուրքաբնակ քրդերի դժգոհությունը: Ավելին, թուրքական կառավարությունն արգելեց ՆԱՏՕ-ին և ամերիկյան ռազմաօդային ուժերին օգտագործել Ինջերլիկի ռազմաօդային բազան, ինչը լարվածություն առաջացրեց Արևմուտքի հետ հարաբերություններում:
«Իսլամական պետության» և Թուրքիայի միջև փաստացի ձևավորվել էր յուրահատուկ մի դաշինք: Սակայն մեղրամիսը կարճ տևեց. Անկարան փաստացի հայտնվեց ծուղակի մեջ, քանի որ իսլամականները հանդես էին գալիս նոր պահանջներով: Որոշ ժամանակ անց «ԻՊ» ներկայացուցիչներն այլևս սկսեցին չթաքցնել Թուրքիայի նկատմամբ իրենց հավակնությունները: Իսլամականների նոր գործելաոճը ստիպեց Էրդողանին վերանայել իսլամականների հետ կապված իր ծրագրերը: Թուրքիայում սկսեցին կասեցնել գրոհայինների համալրումը, փակել իսլամականների կայքերը և այլն:
Թուրքիայի ղեկավարությունը հայտնվեց երկընտրանքի առջև. ընդունել «Իսլամական պետության» օրեցօր հանդուգն դառնող պահանջները կամ հանուն ներքին խաղաղության և կայունության զոհաբերել երկրի ինքնիշխանությունը: Այս ճանապարհով երկրում քայլ առ քայլ կվերանային պետական ինստիտուտները, կանոնավոր զինված ուժերը, կպարտադրվեին «շուրաներ» և շարիաթի դատարաններ: Ծայրահեղ իսլամականները Թուրքիայում կիրականացնեին արդեն փորձված հնարքը՝ կգան իշխանության քաղաքական և տնտեսական իրավիճակի խիստ վատթարացման արդյունքում ծագած քաոսի միջոցով՝ տապալելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության չափավոր իսլամականներին: Տվյալ պարագայում քրդաբնակ Սուրունջում ահաբեկչության կազմակերպումը նպատակային էր իշխանափոխության հասնելու համար: Էրդողանի բուծած կառույցը փաստորեն դուրս եկավ իրեն հովանավորողի դեմ:
«Իսլամական պետության» ղեկավարները մասնակիորեն հասան իրենց նպատակին. պայթյունը մեծ անհանգստություն առաջացրեց Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, սկսվեցին բախումներ, և նույնիսկ իշխանամետ քրդերը դժգոհեցին, որ թուրքական քաղաքական վերնախավն այլևս չի վերահսկում երկիրը: Զոհերի և նրանց հարազատների նկատմամբ պետության անտարբեր վերաբերմունքը իշխանության դեմ հանեց նաև թուրքական հանրության ստվար զանգվածի: Ներքաղաքական հասունացող մեծ ճգնաժամը ստիպում է Էրդողանին և նրա շրջապատին իրենց փրկելու նոր ճանապարհներ հարթել: Եվ օգնությունը եկավ դրսից՝ իսլամականների դեմ պայքարում աջակցելու պատրաստակամություն հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ի պատասխան՝ Թուրքիան ամերիկյան ռազմաօդային ուժերին թույլատրեց օգտագործել Ինջիրլիկի օդանավակայանը:
Ներկայումս Անկարան ստիպված է գործել երկու ճակատով: Թուրքական քաղաքական վերնախավի համար պարզ է, որ Թուրքական Քուրդիստանում սկիզբ առած նոր լարվածության նախաձեռնողը հենց «Իսլամական պետության» տեղական կառույցներն են: Իրավիճակը վերահսկելի դարձնելու համար թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայում ռմբակոծում են թե՛ «ԻՊ»-ի, թե՛ քրդական զինյալների բազաները: Անկարան պատրաստ է նաև ցամաքային գործողությունների: Էրդողանը փորձում է օգուտներ քաղել նույնիսկ իր պետությանը սպառնացող լրջագույն վտանգից՝ չհրաժարվելով ցանկացած գնով Սիրիային իր ենթակայության տակ գցելու ծրագրերից:
Փաստացի Սիրիայի, Իրաքի և այսօր արդեն Թուրքիայի տարածքներում թուրքական, իսլամիստական, ասադական և քրդական զինյալների մասնակցությամբ ստեղծվել է զավեշտալի մի իրավիճակ՝ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Այս իրավիճակի անուղդակի մասնակիցներ կարող են դառնալ տարածաշրջանի բոլոր խաղացողները:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան