Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՏԱԾՈՒՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ



«Պենտագոնը 2009թ.-ից ի վեր 287 մլն դոլար է ծախսել ԱՄՆ բանակում մարտական ոգին բարձրացնելու ծրագրերի վրա, սակայն այդ ջանքերը կարող են արդյունք չտալ, քանի որ տարբեր զորքերում զինվորների 52%-ը «հոռետես է բանակում իր ապագայի վերաբերյալ»,- ասվում է USA Today-ի հաշվետվության մեջ:

Վերջին տասնամյակների ընթացքում՝ մինչև Իրաքի և Աֆղանստանի պատերազմները, վերլուծաբանները բազմիցս նախազգուշացնում էին ամերիկյան բանակի ցածր բարոյական վիճակի մասին:

2014թ. Military Times-ի հետազոտությունն արդեն թույլ մարտական ոգու այլ պատճառ է բերում: Եթե 2009թ. զինծառայողների 87%-ը դրամական բավարարման մակարդակը գնահատել է «լավ» կամ «գերազանց», ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 44%: Բանն այն է, որ 2014թ.-ին ԱՄՆ կառավարությունը զինվորականների դրամական վճարումները բարձրացրել է ընդամենը 1%-ով, որն ամենացածրն է վերջին 41 տարվա ընթացքում:

Այսուհանդերձ, ցածր աշխատավարձը բանակում հոռետեսության միակ պատճառը չէ: Շատերն անհանգստանում են, որ ապագայի պատերազմներին նախապատրաստվելու առումով պատշաճ ուշադրություն չի հատկացվում զինված ուժերին, և մարտական ոգու անկումը կարող է ահազանգել բանակային ղեկավարության նկատմամբ վստահության թուլացման մասին:

MSNBC-ը հաղորդում է, որ 2011թ.-ին բանակային հրամանատարների միայն 26%-ն է համաձայնել այն մտքին, որ բանակը «ճիշտ ուղղությամբ է շարժվում՝ հաջորդ տասնամյակի մարտահրավերներին նախապատրաստվելու համար»:

Ի հավելումն, զինված ուժերում հեղինակություն չի վայելում նաև երկրի նախագահը՝ Օբաման: Military Times-ի սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ 2014թ.-ին զինվորների շրջանում Օբամայի վարկանիշը եղել է շատ ցածր՝ 15%: Իսկ մարտական ոգին միշտ էլ ընկնում է, երբ զինվորները հավատ չեն տածում իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ռազմաքաղաքական


30/07/2015