Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3. ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐԱԿ



Սկիզբը՝ նախորդ համարում

Զինվորական անձնակազմի ղեկավարի մյուս կարևոր որակներից է հեղինակությունը, որը ենթակաների հետ հարաբերություններում առանցքային դեր է խաղում:

Հեղինակություն ձեռք բերելու համար կարևոր պայման են տվյալ անձնավորության խառնվածքն ու հոգեկերտվածքը, այսինքն` այնպիսի բնածին որակների ամբողջությունը, ինչպիսիք են` առինքնող արտաքինը, ներքին մարդկային գրավչությունը, հռետորական ձիրքը, ոգևորելու, իր ետևից տանելու ընդունակությունը և այլն: Որքան էլ սրանք կարևոր առանձնահատկություններ են լիդերի ձևավորման համար, այսուհանդերձ բավարար չեն: Մասնագիտական լավ պատրաստվածությունը, ֆիզիկական ուժը, ճարպկությունը ևս կարևոր նախապայման են ենթակաների շրջանում հեղինակություն ձեռք բերելու ճանապարհին, սակայն նույնպես` ոչ բավարար:

Հեղինակության ձեռքբերման և ամրագրման կարևոր պայմաններից է տվյալ անձի խոսքի և գործի համապատասխանությունը: Սա հատկապես կարևոր հանգամանք է նորանշանակ կրտսեր սպայի համար: Դատարկ ինքնագովեստն ու ինքնագոհությունը եթե զուրկ են որոշակի փաստական հենքից, շատ շուտ էլ հրամանատարին հեղինակազրկում են ենթակաների աչքին, և սա կարող է անդառնալի լինել: Ինչպես մեր հմուտ զորավարներից Գարեգին Նժդեհն էր ասում` զինվորները հեշտությամբ են մեծը տարբերում փքվածից:

Հեղինակության ձեռքբերման հաջորդ կարևոր պայմանն է արդարացի, տեղին և ժամանակին ասված գովեստը, խրախուսանքը կամ պատիժը, հակասությունների դեպքում ճիշտը սխալից տարբերակելու, արդար լուծումներ գտնելու ընդունակությունը: Հայ զինվորին, ընդհանրապես հայ տղամարդուն ներհատուկ է ընդգծված արդարության զգացումը: Եթե անգամ խիստ պատիժը համապատասխանում է ենթակայի թույլ տված սխալին, վերջինս, որպես կանոն, ընդունում է իր սխալը և քեն չի պահում: Այլ է անարդար պատժի կամ խրախուսանքի դեպքում, որը բացասական վերաբերմունք է առաջ բերում վերադասի նկատմամբ:

Արդարության սկզբունքի կիրառումը հաճախ նաև կարող է խոչընդոտվել «թիկունք ունեցող» զինվորի հետ հարաբերությունների ներքին թելադրանքով: Նորանշանակ սպաների մի մասը իր աշխատանքում առնչվում է նման դժվարությունների հետ: Սա մեծ մասամբ վերաբերում է թիկունքային զորամասերին, որտեղ այս խնդիրը առավել վառ է դրսևորվում, ինչը խոչընդոտում է կանոնադրային հարաբերությունների կայացմանը, և որին հատուկ ուշադրություն և գիտակցական վերահսկողություն պետք է ցուցաբերի հատկապես վերադաս հրամանատարությունը:

Հեղինակազրկումից խուսափելու հաջորդ կարևոր պայմանը ենթակայի արժանապատվությունը հանիրավի ոտնակոխ չանելն է` լինի հայհոյանք կամ մեկ այլ անհարգալից վերաբերմունք հասարակ զինվորի` մարդու, անհատականության նկատմամբ, ինչն էլ հենց կարող է քինախնդրության, երբեմն նաև վրեժխնդրության պատճառ դառնալ:

Անձնակազմի առաջ վստահություն շահելու տեսանկյունից կարևոր դերակատարում ունի հրամանատարի հռետորական ձիրքը` խոսքի կառուցման առանձնահատկությունները: Գոյություն ունի այսպիսի արտահայտություն, որին բնորոշ է սպայի ենթարկեցնող խոսելաոճը` «հրամանատարական առոգանություն», երբ կարևոր է ոչ միայն ձայնի հնչերանգը, այլ նաև խոսքի վերապահում չընդունող համոզչականությունը: Սպայի խոսքը պետք է հասկանալի, հստակ և հատու լինի տարբեր խավերից ելած, կրթվածության տարբեր մակարդակներ ունեցող զինվորների համար:

Արտասահմանյան երկրների` հատկապես ԱՄՆ-ի բանակում, հսկայական նշանակություն է տրվում սպայական կադրերի հռետորական ձիրքի զարգացմանը: Հատուկ դասընթացների օգնությամբ հղկվում և կատարելագործվում են դրա նախադրյալները, որոնց առկայությունը պարտադիր պայման է նաև ապագա սպայի մասնագիտական ընտրության փուլում նույնպես:

Սպայի հեղինակությունը մեծապես պայմանավորվում է նաև նրա խստությամբ և պահանջկոտությամբ: Թողտվությունը կարող է հանգեցնել կարգապահության կտրուկ անկման: Այդ իսկ պատճառով հրամանների կատարման խիստ վերահսկողությունը, սպայի հետևողականությունը, անհրաժեշտության դեպքում նաև` հարկադրման մեթոդի կիրառումը, ենթակաների մեջ մշակում են բարձր պատասխանատվության զգացում:

Ապարդյուն են ցանկացած ճիգ ու ջանք, եթե հրամանատար – ենթակա հարաբերություններում բացակայում է փոխվստահության մթնոլորտը, որի ձևավորմանը պետք է նպաստի սպայի այնպիսի կարևոր մարդկային որակ, ինչպիսին համապրումն է (էմպատիան): Այսինքն` օժտված լինի կարեկցելու, վշտակցելու և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Սպան պետք է նախ և առաջ տիրապետի իր ենթականերից յուրաքանչյուրի մասին առավելագույն տեղեկության` վերջինիս անձնային որակների, ընտանեկան դրության, հակումների, պահանջմունքների ամբողջության, միջանձնային փոխհարաբերություններում առկա խնդիրների և այլնի վերաբերյալ: Նա պետք է ներքուստ կարողանա իրեն պատկերացնել ենթականերից յուրաքանչյուրի տեղում և հասկանալ, գնահատել տվյալ անձի հոգեվիճակը, քանի որ հոգեբանական համապատասխան աջակցություն ցուցաբերելը ամրապնդում է ղեկավար-ենթակա հարաբերությունները: Այստեղ, իհարկե, թույլատրելի չէ ավելորդ ընկերականությունը: Փոխադարձ հարգանքի հստակ սահմանը պետք է մշտապես պահպանվի երկուստեք:

Շատ հաճախ հրամանատարի ազդեցիկությունը կախված է այս կամ այն իրավիճակից: Առավել բարձր մտավոր ունակությունները, պատրաստվածությունը կամ փորձը հաճախ մասնակի նշանակություն կարող են ունենալ: Փոխարենը որոշիչ կարող է լինել գլխավորելու, առաջնորդելու, ինչու չէ, իշխելու հակումը, որը միջանձնային հարաբերություններում դրսևորվում է նախաձեռնողություն ցուցաբերելու ունակությամբ, այլ անձանց ուշադրությունը ուղղորդելու, որոշումներ առաջադրելու և ենթակաների հետ «իրենց իսկ լեզվով խոսելու» ընդունակության միջոցով:

Այսպիսով, համապատասխանո՞ւմ է արդյոք սպան լիդերի դերին, թե ոչ, առաջին հերթին կախված է ենթակաների համար նրա անձի և հեղինակության ընդունումից:

Շարունակելի

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Հոգևոր-մշակութային, Սոցիալ-իրավական


30/07/2015