Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ



Հայրը զոհվել էր Արցախյան ազատամարտում: Մայրն իր միակ աղջկան թողել էր ամուսնու ծնողների մոտ ու ինքն ամուսնացել-անհասցե հեռացել: Պապն իր վշտի հետ տնից դուրս էր արել թոռնուհուն, որին իրենց խնամքի տակ էին վերցրել մայրական տատն ու մորեղբայրը: Հասակ էր առել, մեծացել էր հերոսի դուստրը` անչափելի ծանրությունը հոգում: Երբ ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ, ոչ մեկը չգիտեր, որ այդ ներամփոփ ուսանողուհին զոհվածի աղջիկ է: Այդպես անցան օրեր, ամիսներ:

Տիկին Սաթենիկը լսել էր, որոշակի մանրամասներ գիտեր ուսանողուհու ապրած կյանքից և փորձում էր ինչ-որ կերպ նրան օգտակար լինել. «Դժվար է ապրել` այդպիսի ծանրությունը հոգու մեջ առած»,- ինքնիրեն մտմտում էր տիկին Սաթենիկը: Աղջկան ընդգրկեց «Վարդանանք» հայրենասիրական ակումբ: Անգամ Եռաբլուր բարձրանալիս աղջիկն ամաչում էր, թաքցնում էր, որ հայրը ազատամարտիկ է, զոհվել է: Դժվար էր, իրոք անչափ ծանր, երևի իր ապրած սև ու դժնի կյանքը արգելք էր դրել այն վեհի ու լուսավորի վրա, որը կապված էր իր հերոս հոր անվան հետ:

Աղջիկը համալսարանն ավարտեց, ընդունվեց ասպիրանտուրա: Հետո նշանվեց, ու համալսարանականները տիկին Սաթենիկի հետ նրան շնորհավորեցին, իսկ մինչ այդ տիկին Սաթենիկը աննկատ, սակայն երկար ու զգույշ խոսակցություններ էր ունեցել նրա հետ, և աղջկա դեմքին արդեն երևում էր լուսավոր ու ողողուն մի ժպիտ, որին նա շատ էր արժանի: Հայր ու աղջիկ գտել էին իրար, հասկացել իրար երկար տարիների ընդմիջումից հետո: Աղջիկն արդեն իր նշանածի հետ էր բարձրանում Եռաբլուր, այցի գնում իր ծնողի, իր ազատամարտիկ հայրիկի գերեզմանին: Արցունքները ողողում էին դեմքը, և արցունքների հետ երջանկություն էր թափվում:

Ու մի անգամ, Եռաբլուրում, արցունքներով ողողված դեմքով, աղջիկն ասաց. «Տիկին Սաթենիկ, մարդ լինում է երջանիկ, սակայն դա չի զգում: Չի զգում, որովհետև երջանկության թափանցիկ վարագույրն ընդամենը բացող է պետք, որ պայծառ շողա լույսը, երջանկության լույսը»:

Գ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ճակատագրեր


30/07/2015