Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԾՆԵՐԸ



Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի եւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների այս տարվա շրջանավարտները վիճակահանության սկզբունքով ընտրեցին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց նորավարտ սպաներին եւ համոզմունք հայտնեց, որ նրանք կծառայեն անձնվիրաբար եւ լիարժեքորեն: Ավանդույթի ուժով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հետաքրքրվեց` կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում: Ծափահարության արժանացան ոտքի կանգնած սպաները, որոնց թիվը ակնհայտորեն շատ էր:

Արտավազդ Մարզպետունին եւ Սերգեյ Թովմասյանը հրետանավորներ են: Նրանք կամովին մեկնում են մարտական հերթապահություն իրականացնող հեռավոր զորամաս: Արտավազդն ընտրյալ ունի, կարճատեւ արձակուրդի ժամանակ պետք է հասցնի ամուսնանալ, իսկ Սերգեյն արդեն ամուսնացել է. «Իսկական ծառայությունը սկսվում է քարքարոտ ճանապարհից, ոչ թե քաղաքային ասֆալտից: Մենք գիտենք, որ անգամ ճոպաններով ենք բարձրանալու դիրք կամ քսան կիլոմետր ոտքով քայլելու ենք, բայց պատրաստ ենք: Ո՛վ, եթե ոչ մենք...»: Ընկերոջը սատարում է Արտավազդը. «Ինչ խոսք, մեր մասնագիտությունը վտանգավոր է: Նախ` հենց այն պատճառով, որ մեզ մարդկային կյանքեր են վստահում: Մեր գլխավոր անելիքն է ճիշտ կազմակերպել ծառայությունը եւ առանց կորուստների պաշտպանել սահմանը: Ահա թե ինչու է սպայի մասնագիտությունը համարվում հերոսական»:

Երբ Գեւորգ Մարտիրոսյանը վիճակ հանեց եւ բարձրաձայնեց զորամասի համարը, ընկերները ոտքի կանգնեցին: Նրանք ծափահարում էին եւ վանկարկում. -Հա՛-ջո՛-ղա՛կ, հա՛-ջո՛-ղա՛կ... Պարզվեց` Գեւորգն ընտրել է իր ծննդավայրում տեղակայված զորամասը. «Ընդհանրապես, իմ բախտը չի բերում, ուսումնառության տարիներին, քննությունների ժամանակ ամենաբարդ տոմսերն էի քաշում, առաջին անգամ է նման բան պատահում: Շփոթված եմ»:

Գեւորգ Ենոքյանն ու Հովսեփ Դունամալյանը, ի տարբերություն մյուսների, սովորել են վեց տարի արտերկրի ռազմական ակադեմիայում: Գեւորգը մեկնում է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս. «Այնտեղ էլ կպարզվի՝ լա՞վ սպա եմ, թե ոչ: Սովորելը մի բան է, սովորածդ կիրառելը՝ այլ: Մեզ ուսուցանել են բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվել, ինքնուրույն որոշումներ կայացնել: Կարծում եմ՝ այս ունակությունները կարեւոր են դիրքերում»: Հովսեփի համար էլ առաջնայինը պետության սպասելիքներն արդարացնելն է. «Վեց տարի պետությունը մեր մասին հոգ է տարել, հիմա մենք պատրաստի մասնագետներ ենք եւ պետք է մեզ չխնայենք»:

Մեկամսյա սպայական դասընթացների ունկնդիր Դավիթ Սահակյանն առաջին մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է, բայց ասում է՝ կզբաղվի իր սիրած գործով, երբ սահմանին վերջնական խաղաղություն հաստատվի. «Մեր օրերում հայ տղամարդու հիմնական անելիքը հայրենիքը պաշտպանելն է: Ես ինքնուրույն եկա այդ եզրահանգմանը՝ հետեւելով առաջնագծում տիրող իրավիճակին: Տարբերություն չկա, թե թերթիկի վրա որ զորամասի համարը գրված կլինի. ես գիտակցաբար եմ կրում համազգեստս»:

Հանրապետության օդային տարածքի մի փոքրիկ կտոր այսուհետ կհսկեն մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ Ձյունիկ Ավոյանն ու Նելլի Գալստյանը: «Ուսումնառության այս մեկ տարվա ընթացքում, իհարկե, երկմտանքի պահեր եղել են՝ արդյոք կկարողանա՞մ: Բայց կասկածներս փարատում էր մետրոյի աշխատակցուհին. երբ առավոտյան դասի էի շտապում, նա պարտադիր հեռվից ինձ ողջունում էր, ձեռքով նշան տալիս, որ չանհանգստանամ... Եվ այդպես ուղիղ մեկ տարի, իսկ այսօր էլ փաթաթվեց եւ բարի ծառայություն մաղթեց... Կարեւոր է, որ մեկը հավատա քեզ... Հիմա արդեն վստահ եմ ոտք դնում զինված ուժեր»,- ասում է Նելլին: Ձյունիկն էլ ավելացնում է. «Այն, որ մենք շարքում ենք, այսքան տղաների մեջ, ինքնին շատ բան է ասում մեր կամային որակների մասին... Ես հաճույքով եմ սովորել եւ հաճույքով էլ ստանձնում եմ սպայի պարտականությունները»:

Ավիացիոն սպառազինության տեխնիկներ Հակոբ Հակոբյանն ու Արտակ Սուքիասյանը գերազանց գնահատականներով են սովորել: «Չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր կուրսանտի առաջադիմություն հրամանատարության ուշադրության կենտրոնում է, ինստիտուտում անհնար է թերանալը: Մի վայրկյան չեմ կասկածում, որ իմ համակուրսեցիներն էլ ոչ պակաս իրենց գործի գիտակներ են»,- ասում է Հակոբը, իսկ Արտակը շարունակում է. «Այսուհետեւ մենք ոչ միայն կատարող ենք, այլեւ կազմակերպիչ, ու թեև պարտականություններն ավելանում են, բայց, մեկ է, կփորձենք գերազանց դրսեւորել մեզ»:

Լեւոն Կիրակոսյան, Վոլոդյա Պողոսյան, Արեն Կարապետյան. երեք ընկերները չմասնակցեցին վիճակահանությանը, նրանք կամովին ընտրեցին ծառայությունը առաջնագծում: Որոշումը մեկնաբանեց Լեւոնը. «Իմ եւ Վոլոդյայի հայրերը մասնակցել են Արցախյան ազատամարտին: Երկուսն էլ վիրավորվել են եւ ֆիզիկական անկարողության պատճառով կիսատ թողել ծառայությունը: Մենք ուզում ենք շարունակել նրանց կիսատ թողած գործը: Մեզ համար կարեւոր է, որ Արենն էլ հավատարիմ մնաց մեր ընկերությանը եւ միացավ մեզ: Մենք ուժեղ ենք երեքով»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/07/2015