ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ. ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԿՈՒՃՆԵՐՈՎ
ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԿԱՐՄԻՐ ՏԱՆԿԵՐՈՎ
Հուլիսի 25-ին Մոսկվայի շրջանի Ալաբինոյում գույնզգույն պարկուճներով վիճակահանությունը որոշեց «Տանկային բիաթլոն-2015»-ի 13 երկրների մասնակիցների համար նախատեսված տանկերի գույնը և մեկնարկի կարգը:
Երկրորդ մրցավազքին ռուսական թիմը մասնակցում է կարմիր տանկերով: Ռուսաստանի հետ երկրորդ մրցավազքին մասնակցում են Անգոլայի և Մոնղոլիայի թիմերը՝ համապատասխանաբար կապույտ և կանաչ տանկերով:
Առաջին մրցավազքի մասնակիցներն են Սերբիան (դեղին), Նիկարագուան (կապույտ), Վենեսուելան (կարմիր) և Տաջիկստանը (կանաչ): Երրորդ մրցավազքին դուրս կգան Հնդկաստանի (դեղին), Չինաստանի (կապույտ) և Հայաստանի (կարմիր) հավաքական թիմերը, իսկ չորրորդին՝ Քուվեյթի (դեղին), Ղրղըզստանի (կարմիր) և Ղազախստանի (կանաչ) թիմերը: Տանկային բիաթլոնի առաջին երկու մրցավազքները կանցկացվեն օգոստոսի 1-ին:
Նույն օրը նմանատիպ վիճակահանություն կատարվեց նաև «Սուվորովյան հարձակում» մրցույթի մասնակից թիմերի միջև: Այս մրցույթում կլինի միայն մեկ մրցավազք: Նրա մասնակիցներ դարձան երեք եզրափակիչ դուրս եկած թիմերը՝ Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանը՝ դեղին, կարմիր և կապույտ գույնի ՀՄՄ-ներով:
Ինչպես նշեց Ցամաքային զորքերի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին, անցյալ տարվա հետ համեմատ, տանկային բիաթլոնի երթուղին դարձել է ավելի բարդ: Դա պայմանավորված է տանկիստների և մոտոհրաձիգների զգալիորեն աճած մարտական պատրաստությամբ: Վոլգոգրադում համաբանակային մրցումների ժամանակ ռուսական թիմի արդյունքը նույնատիպ ուղու վրա կազմել է 28-29 րոպե անցյալ տարվա 23-ի դիմաց:
Պոպլավսկին նշել է, որ ռուսական անձնակազմի կեսն առաջին անգամ է մասնակցում տանկային բիաթլոնին և հավաքականում է հայտնվել համաբանակային մրցումների արդյունքներով: Ռուսական թիմում կան Հեռավոր Արևելքի, Հյուսիսային Կովկասի, Սիբիրի և Ռուսաստանի Կենտրոնական մասի ներկայացուցիչներ: «Մեր անձնակազմը խառն է՝ բաղկացած ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներից»,- ասել է նա:
Բոլոր երկրները, բացի Չինաստանից, կմասնակցեն ռուսական Ձ-72ը3 տանկերով:
Երկրորդ փուլում, որը կանցկացվի օգոստոսի 1-ին, վիճակահանություն կանցկացվի մասնակից երկրների միջև՝ տանկը որոշելու համար: «Թիմը վիճակահանությամբ քաշում է տանկի գործարանային համարը, իրականացնում նրա ընդունումը, այնուհետև տանկը ներկվում է վիճակահանությանը համապատասխան գույնով»,- ասել է գեներալ Պոպլավսկին: Յուրաքանչյուր թիմ կունենա 3 հիմնական և 1 պահեստային տանկ:
Երկու վիճակահանություններից և անվտանգության կանոնների մասին պարապմունքներից հետո անձնակազմերը պետք է ընդունեն տեխնիկան մարտական մեքենաների պարկում, որոնցով պետք է մասնակցեն տանկային բիաթլոնին և «Սուվորովյան հարձակում»-ին: Մեքենաներն ընդունելուց հետո երկու մրցումների մասնակիցները կսկսեն ուսումնասիրել մրցուղիները:
Թարգմանեց Ն. ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ռազմաքաղաքական