Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ



Վայոց ձորի մարզում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին` մարզկենտրոն Եղեգնաձորում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նորակոչիկներին բարի երթ, անվտանգ և աչալուրջ ծառայություն մաղթելով նշեց, որ նրանց է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն գործը: Այդ պատասխանատու և սրբազան առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Մարզպետն իր խոսքում ասաց, որ Վայոց ձորի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և մարզի անունը միշտ բարձր են պահել հայոց բանակում: Մարզպետը նորակոչիկների ծնողներին ու հարազատներին շնորհակալություն հայտնեց հպարտ ու քաջարի զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:

Նորակոչիկներին իրենց բարեմաղթանքները հղեցին նաև 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատնքների գծով տեղակալ Վահրամ Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզի համայնքի ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին օրհնեց և բարձր մարտական ոգի ու հաջող ծառայություն մաղթեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, որից հետո նորակոչիկները մեկնեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան:

Հուլիսի 10-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի` Վայք և Ջերմուկ տարածաշրջանների առաջին հավաքը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկներին, վստահություն հայտնեց, որ մեր հզոր հայոց բանակի շարքերը համալրելու են գնում անվախ, աչալուրջ և հայրենասեր զինվորներ: Բարեմաղթանքներին միացան 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Նորակոչիկներին ուժ, ամրություն և անվտանգ ծառայություն ցանկացավ նորակոչիկի հայր Հ. Ավագյանը:

Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանից: Ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին նորակոչիկներին:

Հուլիսի 27-ին Վայոց ձորում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը, որը պատշաճ մակարդակով կազմակերպվել-իրականացվել էր մարզպետարանի և տարածքային զինկոմիսարիատների համագործակցության շնորհիվ:

ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի
օգնական

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ազգային բանակ


30/07/2015