Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԵՆՑ ՈՒԽՏԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ



Երևանի Դավիթաշեն թաղամասի «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») մարտական ջոկատը Արցախյան գոյամարտի տարիներին հերոսական մարտական ուղի անցավ: Ռազմի ճամփաներում մարտիրոսվեցին ջոկատի մոտ 20 մարտիկներ: 1992 թվականի հուլիսի 3-ին ջոկատի հրամանատար, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Գևորգյանի հետ Մարտակերտի շրջանում հերոսաբար զոհվեցին ջոկատի 10-ից ավելի մարտիկներ: Նրանց շարքում էր նաև Արսեն Հակոբյանը, որը 1994 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով արժանացել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի (հետմահու), իսկ 1996 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի:

15 տարի է, ինչ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի դպրոցը կոչվում է հերոսի` Արսեն Հակոբյանի անունով: «Սասնա ծռեր» ջոկատի ողջ մնացած ազատամարտիկներն ուխտ են արել և, հավատարիմ իրենց ուխտին, յուրաքանչյուր տարի հուլիսի սկզբին այցելում են Արցախ: Լինում են Մարտակերտի շրջանում, որտեղ զոհվեցին իրենց զինակիցները, ծաղիկներ են խոնարհում և հարգանքի տուրք մատուցում Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում կանգնեցված Հուշարձան-կոթողին:

Այս տարի ուխտագնացներն առաջինն այցելեցին Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորեցին Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Աելիտա Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: ՀՀ ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը ներկայացրեց հյուրերին՝ ազատամարտիկներ Աշոտ Պետրոսյանին, Ռուբիկ Սմբատյանին (Պապո), Սերգեյ Ոսկանյանին, որոնք կազմակերպել էին ուխտագնացությունը, ինչպես նաև՝ Դավիթաշենի վարչական շրջանի սոցապահովության և առողջապահության ծրագրերի բաժնի պետ, ԵԿՄ անդամ Գոհար Ավետիսյանին, նույն բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Մանուկյանին: Հյուրերը դպրոցին նվիրեցին երաժշտական կենտրոն, գրքեր, գրենական պիտույքներ և այլ նվերներ: Դպրոցի այս տարվա երկու շրջանավարտներին տրամադրվեց դրամական աջակցություն:

ԵԿՄ վարչության անունից Արսեն Հակոբյանի անվան դպրոցը պարգևատրվեց «ԵԿՄ-20 տարի» հուշամեդալով, իսկ տնօրենը՝ ԵԿՄ պատվոգրով: Տնօրինությանը տրամադրվեց նաև Արսենի մասին պատմող փաստաթղթերի մի ամբողջ թղթապանակ:

-Այսօր մեծ հպարտություն ապրեցի, հուզվեցի՝ զրուցելով հորս անունը կրող դպրոցի սաների հետ,- ասաց հերոսի 24-ամյա որդին` Սամվելը:- Ճիշտ է, մեծ չէ աշակերտների թիվը՝ ընդամենը 14, բայց կարևորն այն է, որ սիրում են իրենց դպրոցը, լավ են սովորում, ինչպես նաև գիտեն հայրիկիս, նրա սխրանքը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Պատմության էջերից


30/07/2015