Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող զորային հրաձգարանում փոխգնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները տարվա ուսումնական պլանի պատրաստության համաձայն ներգրավված էին դաշտային պարապմունքներում:

Վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանը դասակի հետ պարապմունք էր անցկացնում մարտավարական պատրաստությունից` «Դասակի հարձակումը ընթացքից հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում» թեմայով:

Ծավալված էր երեք ուսումնական տեղ: Առաջին ուսումնական տեղում, որի ղեկավարն էր կրտսեր սերժանտ Արթուր Ստեփանյանը, պարապմունքն ընթանում էր մարտավարական պատրաստությունից. նորմացույց` 15 մետր վազեվազ, 20 մետր սողեսող և 15 մետր վազեվազ` հակառակորդի օբյեկտի գաղտնի մոտեցում:

Երկրորդ ուսումնական տեղում անցկացվում էր hետևակի մարտական մեքենայի ՀՄՄ նստեցում-իջեցում վարժությունը ընթացքից, շղթայի բացազատումն ու հակառակորդի առաջնային եզրի գրավումը, իսկ երրորդում, որը ղեկավարում էր կրտսեր սերժանտ Ստամբուլցյանը, շարքը ներգրավված էր «Սեփական ականապատված դաշտի հաղթահարումը» թեմայով նորմացույցի կատարման պարապմունքներում:

Մյուս վաշտը ընթացիկ ուսումնական պլանի պատրաստության համաձայն անցկացնում էր հրաձգային մարզումներ: Անձնակազմը բաշխված էր ուսումնական կետերով, որտեղ սպաներն իրենց ենթականերին ուսուցանում էին հրաձգության հիմունքները. այն է` ճիշտ և միօրինակ նշանադրում, զենքի քանդում-հավաքում, նռնակի նետում, մարտի սկսման և ավարտի հրամանատրում, նշանակետերի հետախուզում ու նշանացուցում:

Մեր այցի պահին հստակ մարտական հրաձգության առաջին փուլն արդեն ավարտվել էր: Դրանում ներգրավված զինվորները ստացել էին տասնհինգ «գերազանց», ութ «լավ», չորս «բավարար» և մեկ «անբավարար» գնահատականներ:

-Արդյունքները, ընդհանուր առմամբ, վատ չեն, բայց դեռ շատ անելիք ունենք գիտելիքների և հմտությունների կատարելագործման ուղղությամբ,- ասաց գումարտակի հրամանատար, մայոր Արմեն Բեժանյանը:

Քրիստափոր Իվանյանի անվան զորային հրաձգարանի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնի մարտավարական դաշտում մարտական պատրաստության պլանի համաձայն՝ գումարտակը «Մարտական հրաձգություն ուղեգծում» թեմայով անց էր կացնում պարապմունք:

Կրտսեր սերժանտ Արտյոմ Սահակյանի հրամանատարությամբ ուսումնական կետերից մեկում ջոկը սկսեց «Անձնակազմի նստեցումն ու իջեցումը ՀՄՄ-ից» նորմատիվի կատարումը: Կրտսեր հրամանատարը նախ մանրամասն բացատրեց կատարման կարգը, որից հետո դեղին ու կարմիր դրոշներով տվեց համապատասխան ազդանշան` «Մեքենաների մոտ»: ՀՄՄ-ի անձնակազմը մեկ մարդու նման հաշված վայրկյաններում շարվեց մեքենայի առջևում:

Այս պարապմունքի նպատակը անձնակազմին մարտական տեխնիկայի ճիշտ նստեցումն ու իջեցումը, շղթայի բացազատումը, ականապատված դաշտի հաղթահարման ճիշտ ձևն ու կարգը ուսուցանելն է: Օրինակ՝ զինվորը կսովորի մարտի ժամանակ ինչպես ճիշտ մոտենալ հակառակորդի պաշտպանության առաջնագծային եզրին ու այն գրավել, ինչպես գտնել գրոհի շարունակման ճիշտ ուղղությունը և այլն:

Մյուս գումարտակի վաշտն էլ «Տիգրանակերտ» ուսումնական կենտրոնում ներգրավված էր «Դասակի մարտական հրաձգություն» թեմայով շուրջօրյա պարապմունքներում:

-Դասակը մարտական հրաձգությունից առաջ պարտադիր անցկացնում է շուրջօրյա մարտավարական պարապմունքներ` ցերեկը` 2-4, գիշերը` 5-6 ժամ տևողությամբ: Պարապմունքների ընթացքում, ըստ ուսումնական հարցերի, մշակվում են նորմացույցները,- ներկայացրեց փոխգնդապետ Մանվել Գրիգորյանը:

Նախ՝ դասակի մարտական հրաձգությունը մոտեցվեց իրական մարտական վիճակի: Դիտորդները զեկուցեցին հակառակորդի բացահայտ հարձակման մասին: Տրվեց կրակ բացելու ազդանշան: Դիրքի ավագի ղեկավարությամբ նռնականետային կրակով ոչնչացվեցին հակառակորդի հետախուզական խմբերը, այնուհետև արագ արձագանքման խումբը թիկունքից սկսեց մոտենալ մեր դիրքերին` այն ուժեղացնելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակառակորդը նման դեպքերում հնարավոր է նաև մեր թիկունքում ականապատման գործողություններ կատարած լինի` փորձելով խոչընդոտել մեր արագ արձագանքման խմբի առաջխաղացումը, արագ արձագանքման խումբը բացազատում կատարեց, որից հետո շարժվելով առաջ, զբաղեցրեց շրջանաձև պաշտպանություն: Մեր դասակը ուժեղացվեց տանկերով և նախապատրաստվեց հարձակման: Մթության քողի տակ հաջողությամբ հաղթահարելով հակառակորդի առաջնային գիծը, այնուհետև ոչնչացնելով երկրորդ դիրքի հակառակորդին, ապա եւ կասեցնելով հակառակորդի գրոհել փորձող ստորաբաժանումներից մեկի առաջխաղացումը՝ մեր դասակը նպաստավոր կրակային դիրքեր զբաղեցրեց եւ պայմանական թշնամուն ստիպեց նահանջել՝ գլխովին ջախջախելով նրան: Կրակային նոր դիրքեր զբաղեցնելով՝ սպասեց հետագա հրամանների:

Ուսումնական պարապմունքների ժամանակ զինվորները, տեսական ու գործնական անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելուց զատ, կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները և ունակությունները, հղկում իրենց վարպետությունը:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/07/2015