ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Սահմանին և շփման գծում հակառակորդը կրկին արկածախնդիր պահվածք է դրսեւորում, մեծացնում է լարվածությունը, կրակում է խոշոր տրամաչափի զենքերից: Ադրբեջանի արկածախնդիր պահվածքը ստանում է արժանի հակահարված: Հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել առաջնագիծը` հետ մղելով հակառակորդին:
Սահմանային միջադեպերը երկրորդ պլան են մղել երկրում տեղի ունեցող քաղաքական, հասարակական կարևորության շատ խնդիրներ. խաղաղություն ամենից առաջ:
Այսօր հարեւանս կանչեց, թե բա ինտերնետում գրած է, որ մերոնք Արցախի արևելյան հատվածում պատժիչ գործողություններ են իրականացրել եւ ոչնչացրել հակառակորդի երկու կացարան, որտեղից մի քանի օր է՝ խախտվում էր հրադադարի ռեժիմը: Ասացի` ցավը տանեմ մեր երեխեքի. մե՛կ լռեցինք, երկո՛ւ լռեցինք, երե՛ք լռեցինք, բա հերիք եղավ էլի… Գիտեն, թե որ մենք քիչ ենք, իրենք էլ շատ, նավթ ունեն, ուրեմն ամեն ինչ կարող են, ամեն ինչ թույլատրելի է: Մեր զինվոր տղաները պիտի ամեն օր իրենց գործողություններով ցույց տան, որ ուժեղ ենք, պիտի վախի մթնոլորտ ստեղծեն, միայն այդպես դրանց կզսպենք:
Ադրբեջանի պահվածքը պարբերական է, առանձնահատուկ բան չկա, չնայած ամեն անգամ աշխուժացումը ինչ-որ հայտարարության կամ իրադարձության հետեւանք է: Կարծում եմ` հակառակորդի այսօրվա պահվածքը զգալիորեն պայմանավորված է Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջին հայտարարություններով, այսպես ասած` հուշումների կամ լուծումների առաջարկով: Մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը պետք է ի նպաստ բանակի լինի: Կարծում եմ` մարդկային գործոնի շնորհիվ է, որ մենք դեռեւս հավասարակշռություն ենք պահպանում, այդ մարդկային գործոնը գնալով ավելի ու ավելի է շտկվում, ամրանում: Անընդհատ երախտապարտ պետք է լինենք խաղաղությունը պաշտպանողներին:
Ադրբեջանի կողմից սահմանին պարբերաբար լարվածության ստեղծումը պայմանավորված է տվյալ պետության հավակնություններով, նաեւ հետեւանք է միջազգային հանրության ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Ադրբեջանի գերագրեսիվ պահվածքի նկատմամբ աչք փակելու քաղաքականության: Այսօր հիմնական անելիքը դիվանագիտական դաշտում է, եւ հայկական կողմը պետք է անհապաղ բարձրաձայնի երկակի ստանդարտների կիրառման մասին: Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերում հիմա գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, եւ հակառակորդը տեղանքը կրակի տակ պահելու մարտավարություն է կիրառում, որը, ինչպես տեղեկանում ենք, պարտադիր հակազդեցության է արժանանում: Հասկանում ենք, որ հայկական կողմի ռազմավարությունը գծի պաշտպանությունն է, բայց, ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, որոշ գործողությունների նախաձեռնումը, իսկ այդ ներուժը հայկական բանակը հաստատապես ունի, ինչն էլ ապացուցել է թե՛ անցած ամռանը, թե՛ նոյեմբերին՝ ուղղաթիռի խոցման վայրից օդաչուների մարմինների դուրսբերումն իրականացնելիս:
Իմ տպավորությունն այնպիսին է, որ հայկական զինուժը չի ցանկանում լարվածությունը վերածել պատերազմական գործողությունների, փորձում է դիվանագիտական դաշտում ինչ-որ բան անել:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում