Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ



Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ և Իրանի միջև ստորագրված նախնական համաձայնագրի արդյունքում իրանական կողմը հրաժարվել է միջուկային զենքի արտադրությունից` իր դեմ տասնյակ տարիներ կիրառվող պատժամիջոցների փոխարեն: Սա խաղաղարար ջանքերի և հմուտ դիվանագիտության hաղթարշավն է, որը կբերի մեր տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդկանց ցավի ու տանջանքների թեթևացման: Իհարկե, այս պայմանագիրը նախնական կամ ընդամենը նախատեսվող ամփոփիչ պայմանագրի հիմնական չափորոշիչների հայեցակարգային հիմքն է և, ըստ իրանական կողմի, դեռևս իրավական պարտադրանքի կրող չէ:

Իրանին պարտադրած պատժամիջոցները կհանվեն աստիճանաբար` ՄԱԳԱՏԵ-ի հաստատումից հետո` Իրանի ստանձնած պարտավորությունները կատարելուն զուգընթաց: Անկասկած, այս ամենի արդյունքում որոշակիորեն կկարգավորվի արժեզրկման (շուրջ 40%) և գործազրկության չափաբաժինը այդ երկրում, ինչպես նաև` արտադրության կրճատման և նավթի գների անկման հետ կապված սոցիալական լարվածությունը:

Անկասկած, վերոհիշյալ բոլոր գործոնները էականորեն կարևոր են Հայաստանի համար. նախ, Իրանը մեր անմիջական հարևանն է, ապա այդ երկրի հետ մենք կապված ենք ավանդական, ջերմ և փոխշահավետ հարաբերություններով: Ներկայումս էլ արդյունավետ քայլեր են ձեռնարկվում հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման, համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացման ուղղությամբ: Պատժամիջոցների վերացումից հետո մեր մյուս հարևան ու դաշնակից Ռուսաստանն էլ նույնպես կակտիվացնի առևտրատնտեսական հարաբերությունները Իրանի հետ` մասնավորապես էներգետիկայի ոլորտում:

Միայն անցյալ տարի Իրանն ու Ռուսաստանը նախապատրաստել են մոտ յոթանասուն միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ համագործակցության փաթեթ, որն առայժմ դանդաղ է առաջ գնում ԱՄՆ-ի և Եվրամիության միակողմանի պատժամիջոցներ կիրառելու հետևանքով:

Չպետք է մոռանալ նաև, որ անցած տարիներին Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո Ռուսաստանը տնօրինում էր Եվրոպայում գտնվող և նախկինում Իրանին պատկանող շուկաները (միայն նավթային շուկայի 42 %-ը նախկինում վերահսկում էր Իրանը):

Բայց և այնպես արդեն որոշակի ակտիվություն է նկատվում հայ-իրանական տնտեսական համագործակցության մեջ: Արդեն հուշագրեր են ստորագրվել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Ստորագրվել է նաև «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», որում ներառված են տնտեսության բոլոր ճյուղերը` էներգետիկա, առևտուր, բանկային ոլորտ, բնապահպանություն, առողջապահություն, մշակույթ և այլն: Միայն երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ծրագրով հնարավորություն կստեղծվի ԻԻՀ – ՀՀ էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 350 ՄՎՏ-ից հասցնել մինչև 1200-ի: Շինարարությունը պետք է սկսվեր 2015թ. մայիսին և ավարտվեր 18 ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ից Իրան էլեկտրաէներգիայի առաքումը ներկայիս 1 մլրդ. 200մլն. ԿՎՏ-ից հասցնել 7 մլրդ. ԿՎՏ ժամի:

Հայաստանը դառնում է իրանական վառելիքի արտահանման ուղի: Կասկածից վեր է, որ Իրանի շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը, քանի որ այդ երկրի համար ստեղծվում է շահավետ պայմաններով արտահանումներ իրականացնելու հնարավորություն: Իրանը նավթ արդյունահանող երկիր է և գազի ամենամեծ պաշարներն ունի աշխարհում, հետևապես մենք պիտի անընդհատ խորացնենք մեր էներգետիկ հարաբերությունները նրա հետ:

Ի դեպ, վաղուց պատրաստ են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրի տեխնիկական-տնտեսական հիմնավորումները, բայց հնարավոր մեկնարկի ժամկետները դեռ վերջնականապես չեն հստակեցվել ու ճշգրտվել: Բոլոր դեպքերում Իրանի գազի արտահանման ինքնարժեքը աշխարհում նվազագույններից է:

Պատժամիջոցներից ազատվելու շնորհիվ Իրանը դուրս կգա էներգակիրների միջազգային շուկա, որը, ինչ խոսք, կհանգեցնի տարածաշրջանում նրա դերի էական բարձրացմանը:

Չենք կասկածում, որ միջազգային համաձայնությունների կայացումից հետո ավելի կակտիվանան բարձր մակարդակի շփումները Իրանի հետ, ի նպաստ մեր ժողովրդի ու պետության, տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդման:

Համլետ ԶԱՔԱՐՅԱՆ
Տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


06/08/2015