ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԿՈՎԿԱՍԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ
Մոսկվայում դեմ առ դեմ ձևաչափով տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:
Բացի այդ, կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններին ու ռազմական համագործակցությանը վերաբերող հեռանկարները: Մամուլի ներկայացուցիչներին թույլատրվել է մասնակցել հանդիպման միայն արձանագրային մասին, այնուհետև քննարկումները շարունակվել են փակ դռների հետևում:
Տեղին է նշել, որ հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի Երևան կատարած այցից հետո: Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, այցի ընթացքում Սեյրան Օհանյանը և գեներալ Սերգունը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր, ռազմաքաղաքական խնդիրներ, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Այսինքն` Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների բանակցային օրակարգը և այն, ինչի մասին խոսել է գեներալ Սերգունը Սեյրան Օհանյանի հետ Երևանում, ընդհանուր առմամբ, ոչնչով իրարից չեն տարբերվում, սակայն, ըստ էության, պետք է սկզբունքային տարբերություններ ունենային:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներից է և միաժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ: Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմական բազան, որը համարվում է ոչ միայն ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոն, այլեւ կոչված է լուծելու տարածաշրջանային կարևոր խնդիրներ:
Սահմանելով իր տեսակետների առաջնահերթությունը Կովկասում՝ Ռուսաստանը, ըստ էության, կազմավորում է դաշինքային քաղաքականություն:
Ադրբեջանն իր հերթին ակտիվորեն զարգացնում է ռազմաքաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ, որին համարում է տարածաշրջանում իր միակ դաշնակիցը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան փորձում էր հեռակա ազդել իրավիճակի վրա, հանդես գալով որպես Ադրբեջանի դաշնակից, որքան էլ քիչ հավանական է թվում, թե Թուրքիան ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կմիջամտի հակամարտությանը:
Հաշվի առնելով ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության արագ զարգացումը` Անկարան նույնիսկ օբյեկտիվորեն հանդես է եկել Բաքվի ռազմատենչ հայտարարությունները զսպողի դերում, ինչը, այսպես, թե այնպես, կարելի է գնահատել որպես ներդրում տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում, թեև թուրքերը երբեք պաշտոնապես չեն բարձրաձայնել իրենց անկողմնակալությունը:
Տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է: Մի կողմից այն պայմանավորվում է Իրանի միջազգային մեկուսացումից դուրս գալով ու Կովկասում (և ոչ միայն) իր տնտեսական, քաղաքական շահերի ակտիվացմամբ, քանի որ Թեհրանը վաղուց վերլուծական հարթաչափով ուսումնասիրում է նոր Հյուսիսարևմտյան Ասիայի հայեցակարգը, որն ընդգրկում է Պակիստանը, Աֆղանստանը, Իրանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու նույնիսկ Թուրքիան:
Մյուս կողմից Թուրքիան «Իսլամական Պետության» / ԻՊ/ հետ ներքաշված է պայքարի մեջ ու օդային հարվածներ է հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության /ՔԲԿ/ ճամբարներին:
Ըստ թուրք հեղինակավոր փորձագետ, Ռազմավարական հեռանկարների միջազգային ինստիտուտի նախագահ Յուսուֆ Չինարի՝ «Անկարայի և Իսլամական Պետության» պայքարը կարող է տևել նույնիսկ 25 տարի»:
Այսինքն` Թուրքիան դառնում է ռազմատենչ հավակնություններ ունեցող պետություն, ինչպես գրում է Չինարը՝ «իր իսկ պետության ներսում զինված բախումների հեռանկարով»:
Սա նշանակում է, որ երկիրը երկար ժամանակով կկորցնի Ադրբեջանի համար Մերձավոր Արևելքում իր հենարանային նշանակությունը: 2015 թվականի հունվարին «Իսլամական Պետությունը» արդեն իսկ հայտարարել է ռազմական գործողությունների հնարավոր տեղափոխումը երկրի տարածք: Եվ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը մահմեդական երկիր է, որտեղ հիմնականում ապրում են շիաներ: «Իսլամական Պետությունը» չի թաքցնում Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկ հաղորդակցությունները փլուզելու իր ծրագրերը:
Բացի այդ, ինչպես ցույց են տալիս Մերձավոր Արևելքում գրոհայինների գործողությունները, նրանց հաջողվում է ինտեգրվել առկա տարածաշրջանային հակամարտություններին: Այդ է վկայում Իրաք-Սիրիա-Թուրքիա եռանկյունին:
Պատահական չէ, որ ռուս ռազմական փորձագետներն ուշադրության են առնում 2014 թվականին ի հայտ եկած «Մեշա Գարդաշլարի» (Անտառային եղբայրներ ) և «Ջեյշուլլախ» (Աստծո բանակ) իսլամական երկու խմբավորումները, որոնք առաջին անգամ հայտարարեցին Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ իրենց պայքարի սկզբնավորման մասին:
Ու թեեւ Բաքուն շարունակում է վստահություն ցուցադրել իր ուժերի հանդեպ, սակայն Թուրքիան արդեն սայթաքում է:
Իհարկե, խոսել Կովկասյան ջիհադական ճակատի մասին դեռ վաղ է, բայց այդ մասին պետք է մտածել արդեն այսօր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական Պետության» շարքերում կան բնիկ ադրբեջանցիներ: Ամեն դեպքում, տեղական մահմեդականների շրջանում հնարավոր են պառակտումներ արմատական իսլամիստների և աշխարհիկ ապրելակերպի կողմնակիցների միջև: Այդ ժամանակ արդեն իրադարձությունները կզարգանան թուրքական սցենարով:
Հետևաբար Անդրկովկասի պետությունների համար կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ գոյություն ունեցող բազմահարթաչափ հին ու նոր պառակտումները անհրաժեշտ կլինի դիտարկել ընդհանուր տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից՝ մի կողմ դնելով մրցակցությունը, ատելությունը և նեղ ազգային շահերը:
Այնպես որ, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, անշուշտ, ասելիք ունեին փակ դռների հետևում :
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ
«Регнум»
Թարգմանեց
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ