Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, եւ ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեեւ փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի…

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձեւանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու եւ ամենքից հաշիվ ուզելու…

…Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովո՛ւրդ, անարգում են քեզ…»:

Կեղծի՜ք ու խաչագողություն` ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:

Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիք ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողեր ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես…

1917թ.

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Բանակ և հասարակություն


06/08/2015