ԱՆՄՈՌԱՑ ՕՐԵՐ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և ՀՀ Վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի գլխավորությամբ Հայրենական պատերազմի մասնակից տասը վետերաններս ճանապարհվեցինք Արցախ: Երկար ճանապարհը կարճվում էր գնդապետ Եսայանի իմաստուն ու հետաքրքիր պատմություններով: Նա անգիր գիտեր ճանապարհի բոլոր գյուղերի, լեռների ու ձորերի, աղբյուրների, եկեղեցիների, պատմական հուշարձանների մասին պատմությունները և դրանք շատ կենդանի ու պատկերավոր լեզվով ներկայացնում էր բոլորիս: Այնպես որ, թե ինչպես հասանք Արցախ, ինքներս էլ չիմացանք:
Ստեփանակերտի մատույցներում գնդապետը սկսեց պատմել Վաչագան Բարեպաշտ թագավորի մասին. «Այս տարածքում է Վաչագանը կանգնեցնում իր ձիերը: Անհամբեր ձիերի դոփյունից աղբյուր է դուրս ժայթքում: Այդ տեղում էլ, ըստ ավանդության, նա հիմնում է այս քաղաքը»:
Ստեփանակերտում, որ մեզ առաջին հերթին հիացրեց իր մաքրությամբ ու գեղեցկությամբ, մենք ամենից առաջ հանդիպեցինք Արցախի Հայրենական պատերազմի վետերաններին: Մեր հասցեին բարի գալուստի ջերմ խոսքեր ասաց Արցախի վետերանների միության նախագահ պարոն Բարսեղյանը: Սրտի ցավով իմացանք նաև, որ այսօր Արցախում ապրում է Հայրենական պատերազմի ընդամենը 98 վետերան: Հետո արցախցի վետերանների ուղեկցությամբ այցելեցինք արցախյան մարտերում զոհված հերոսների թանգարան: Ինչ այնտեղ տեսանք, շատ տպավորիչ էր և հուզող: Պատերով մեկ խնամքով իրար կողք կողքի շարված էին զոհվածների լուսանկարները` բոլորն էլ երիտասարդ, բոլորն էլ գեղեցիկ: Առանց հուզմունքի հնարավոր չէր նայել նրանց աչքերին:
Երեկոյան կողմ վերադարձանք հյուրանոց. հոգնած էինք երկար ճանապարհից ու անչափ տպավորված մեր տեսածով ու լսածով:
Առավոտ վաղ մեկնեցինք գնդապետ Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Զինվորները վետերաններիս բարձրաձայն հուռայով դիմավորեցին: Բոլորիս անունից զինվորներին և սպաներին ողջունեց գնդապետ Եսայանը, շնորհակալություն հայտնեց և բարի ծառայություն մաղթեց բոլորին:
Այդ օրը մենք թարմ ծաղիկներ դրեցինք Անհայտ զինվորի հուշարձանին և ծերունազարդ գլուխներս խոնարհեցինք Անմար կրակի մոտ: Մեր հաջորդ կանգառը Արցախի հայտնի պապիկի ու տատիկի հուշարձանի մոտ էր: Այն բարձունքում էր գտնվում, և ծերունի վետերաններիս համար անչափ դժվար էր այդ ճանապարհը հաղթահարել: Մեզ մնում էր հեռվից հիանալ ճարտարապետական այդ չքնաղ կոթողով:
Հաջորդ օրն արդեն մեզ ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա մեզ դիմավորեց անկեղծ ժպիտը դեմքին և շատ ջերմ խոսքեր շռայլեց վետերաններիս հասցեին. «Տեսնում եմ` դեռ առույգ ու ուժեղ եք: Ուրախ եմ ձեզ ողջունելու Արցախի հաղթական հողում: Թեև դուք ձեր գործն արդեն արել եք` աշխարհը փրկել եք ֆաշիզմից, բայց մենք դեռ ձեր կարիքը շատ ունենք: Ձեզ երկար և առողջ կյանք եմ ցանկանում և հուսով եմ, որ Արցախից Երևան կվերադառնաք անջնջելի տպավորություններով»:
Փոխադարձ ելույթներից և բարեմաղթանքներից հետո Հայրենական պատերազմի վետերան Հենրիկ Խառատյանը և տողերիս հեղինակը նախագահ Սահակյանին նվիրեցինք մեր հեղինակած գրքերը:
Արցախ այցելության երրորդ օրն արդեն Շուշիում էինք: Գնդապետ Եսայանը Շուշիի մասին դարձյալ ամեն ինչ գիտեր, այնպես որ՝ զբոսավարի կարիք բոլորովին չզգացվեց: Նա մեզ լիարժեք տեղեկություններ հայտնեց քաղաքի, նրա ճարտարապետական հուշարձանների, իշխանական տների, հիասքանչ եկեղեցիների, արժեքավոր ու պատմական կառույցների մասին: Ամենափրկիչ եկեղեցում բոլորս մի-մի մոմ վառեցինք ու աղոթեցինք հայ ժողովրդի համար:
Շուշեցիները ամենուրեք մեզ դիմավորում էին սրտաբաց և ուրախ, անհրաժեշտության դեպքում օգնում էին ծերունիներիս, թեև մենք ուղեկցող բժիշկ ունեինք:
Ակնթարթի ու երազի պես անցան արցախյան օրերը: Եվ մենք մեր տեսածով ու լսածով հարստացած` վերադարձանք տուն: Երկար ճանապարհը ինչպես գնալիս, այնպես էլ վերադառնալիս մեզ չհոգնեցրեց. գնդապետ Եսայանը ամեն քար ու թփի մասին ասելիք ուներ:
Արցախյան գեղեցիկ հուշերը դեռ երկար կոգևորեն Հայրենական պատերազմի վետերաններիս:
Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի
երկրորդ կարգի հաշմանդամ