Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

11
-Ես միշտ էլ իմացել եմ, հավատացել,- շարունակեց հեքիաթաձայն,- որ երկրագնդի վրա` հազարավոր մղոններ իրարից հեռու, իրարից բոլորովին անկախ, հարյուր կամ նույնիսկ հազար տարին մեկ, տարբեր ազգության պատկանող ծնողներից (իսկ իմ կարծիքով` նրանք ազգություն չունեն) լույսաշխարհ են գալիս երկվորյակ, հարազատ հոգիներ` տղա թե աղջիկ: Ծնվում են, հասակ առնում` մեկմեկու գոյության մասին ոչ մի կասկած չունենալով, մինչև այն օրն ու ժամը, երբ գերագույն կամեցողությամբ, երկնային հրաշքով ինչ-որ տեղ` օտար վայրում, վճռորոշ մի պահի խաչվում են նրանց երկրային ուղիները` շատ առօրեական, կենցաղային պայմաններում, ինչի մասին իրենք էլ գլխի չեն ընկնում, քանի դեռ հարազատ էակների միջև առերևույթ «հակասություն» կա, որը ներքին դիմադրության կախարդանքով էլ աննկատ կարող է վերաճել մի մեծ ու անքակտելի կապվածության: Եվ բացառված չէ` ճակատագրական դառնալ երկուսի համար էլ…և նույնիսկ կործանարար…

Ես կռահում էի ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆԵՐԻ մասին Մարիայի հրամցրած առասպելաբանության շարժառիթը, որ նպատակ ուներ միջնորդավորված, գեղարվեստական պատումի շնորհիվ հասանելի դարձնելու ինձ, այսպես կոչված, «Սեռերի բացասման» իր տեսությունը, որ մատուցում էր իբրև համոզմունք` ավելի ու ավելի խտացնելով գույները` հույս ունենալով, թե, ուր որ է, կբացվեն սրտիս կապանքները…

-Թյու~…ես քու կապ դնողի ինչն եմ ասել, հա~,- ջղերս չդիմացան` ակամա տեղի տալով լարվածությանը,- խեղճը հասկանալի, սրտառուչ լեզվով խրատում է, բացատրում` տես, լսի, դմբոյի մեկը, խելքս իմս չէ քեզ համար, իսկ դու՞… Այ քեզ սադո-մազո,- հասկանում էի, որ չափն անցնում եմ, բայց հնարավոր չէր այլևս սառնասիրտ երևալը:

-Գիտե~մ, ժուռնալիստ, ես ինքս էլ հաճախ զզվում եմ ինձնից,- ի պատիվ իրեն, իմ այսրոպեական հանդգնությունն օդում առկախ մնաց և դեռ հավանության արժանացավ: – Ապացուցված փաստ է, սիրային գործերում տղաներն անհամեմատ դանդալոշ են լինում աղջիկներից. իսկ ինձ միշտ էլ ինքնավստահությունն ու համարձակությունը չեն հերիքել, դավաճանել են այնպիսի տեղերում, երբ հարյուր տոկոսով հավատացած ես` հերիք է ձեռքս պարզեմ…և իմը կլինի: Հիվանդագին զգուշավորությունը (խեղճերի ու թշվառների փեշակը), որ փոքրուց մայրս էր սերմանել իմ մեջ, այն աստիճան կաշկանդում, թևաթափ էր անում, որ երբեք էլ մտքովս չի անցել, թե որևէ մեկը կարող է լրջորեն հրապուրվել ինձնով, էլ ուր մնաց` սիրահարվել ինքնամոռաց, թեպետ աղջիկների երեսից հաճախակի եմ ծեծկռտուքի մեջ ընկել, ինչն ինձ համար միմիայն պատվի ու արժանապատվության հարց էր, ուրիշ ոչինչ:

-Որովհետև նրանց տեսքն էնքա՞ն էլ հաջող չէր, ինչքան գեներալի աղջկանը,- այս անգամ հաստատ հիմարություն դուրս տվի, քանի որ, կամքիցս անկախ, ինձ համակել էր նրա հոգին պղտորելու անառողջ, տղայական մի մարմաջ:

-Որովհետև, ժուռնալիստ,- փոխադարձեց հեգնախառն հանդիմանությամբ, որին, ինչ խոսք, ես արժանի էի,- նրանք բոլորն էլ իմ աչքին միևնույն տեսքն ու կերպարանքն ունեին, բոլորն էլ` իրար նման, ահա թե ինչու նրանց օգնելը կամ, թե բան է, պաշտպանելը, եթե նույնիսկ քիթ ու մռութս պիտի նախշեին, ինչի ականատեսն էր եղել Մարիան և մինչև հոգու խորքը զգացվել, որպեսզի հետո, մահճակալիս նստած, անխնա ինձ կեղեքի, պարզապես պատվի հարց էր` ինքնահաստատվելու պես մի բան:

-Թող որ այդպես լինի,- նկատի առա ոչ առանց տարակուսանքի,- բայցևայնպես նա քո առաջ իր սիրտն էր բացում և հավակնում էր համապատասխան վերաբերմունքի, դրա համար էլ դիմում էր առասպելի օգնությանը, այլաբանության ժանրին, որը դու «գույները խտացնել» կոչեցիր… Ապշել կարելի է, նստածս տեղը քրտնում եմ ուղղակի…Ոմանց բախտը իրենցից առաջ ընկել, քառատրոփ ճամփա է հարթում, իսկ նրանք դեռ մի բան էլ դժգոհում են բախտից… անարդարությունից…Խենթանալ կարելի է: Գոնե հարցնեիր…

-Քեզ ի՞նչ եղավ, բարեկամս,- վրա բերեց հանկարծակիի եկած,- չլինի՞ թե նախանձում ես, կամ գուցե «սրտիդ մեջ անձկավ գեղուհի՞ մը նայեցավ»: Հը~, ի՞նչ կասես, ժուռնալիստ:

Տնավարի ասած` «պորտս տեղը դրեց», վրադիր էլ` քիչ էր մնում նրա լարած թակարդն ընկնեի, սակայն ինքնըստինքյան հանգեցի այն պարզունակ մտքին, որ հազիվ թե ոչ վաղ անցյալի «լենինյան թոշակառուն», ուսման գերազանցիկը, առանց ետին մտքի, խեղաթյուրեր հայտնի բանաստեղծության հանրահայտ տողերը:

Մինչդեռ, ամեն ինչից զատ, ինձ վերջնականապես չափի բերեց հստակ ընկալումն այն գերլարված հոգեվիճակի, որն ինչ-որ պահից սկսել էր պաշարել Սողոմոնին, որի դրդմամբ էլ, ինչպես ինձ էր պատկերանում, նա փորձում էր նորօրյա լույսի ներքո ի մի հավաքել, ապա և նոր հուն մղել տասը և ավելի տարիների վաղեմության իր հույզերն ու զգացողությունները` վերջնագիծը հատելուց առաջ երկրորդ շնչառություն առնելու նման: Եվ ես, որ իսկապես էլ այդ նախանձելի փոխակերպության միակ և բացառիկ վկայորդն էի, ավելի խորունկ հարգանքով լցվեցի նրա ազնիվ տառապանքի, ազնիվ սրտի հանդեպ, որն ունակ էր առաջվա նման սիրել ու հրապուրվել… «սիրել կյանքից առավել», ինչն էլ ակամա փոխանցվում էր ինձ: Ուստի որոշեցի` այլևս ոչ մի հակաճառություն, ոչ մի ձևականություն, մասնագիտական սնափառություն` առավել ևս:

– Խնդրում եմ, ժուռնալիստ, անկեղծ եղիր, կիսվիր ինձ հետ` թե որ իմ փոխարեն դու լինեիր, ինչի՞ մասին կհարցնեիր նրան, խնդրում եմ, ասա առանց ձևականության…

Նա ինձ ակնհայտորեն արգելված գոտի էր ներքաշում, որտեղ իրավիճակի տերը ինքն էր, ուրեմն արժևորելու, գնահատականներ տալու և հետևություններ անելու մենաշնորհը նույնպես միմիայն իրեն էր պատկանում: Մի հոգեբանական փորձություն ևս, որին ես պատրաստ չէի ոչ թե փորձի պակասի կամ իմացության առումով, այլ հենց` բարոյականության, բայց հոժարեցի` ընդունելով «մարտահրավերը»:

-Դժվարանում եմ ստույգ տարբերակ առաջարկել, այնուամենայնիվ ինձ թվում է, թե ցանկալի կլիներ իմանալ Մարիայից` թե «ինչո՞վ է հատկապես հղի երկվորյակ հոգիների մտերմությունը, որ կարող է կործանել երկուսին էլ»: Եթե իրավ է, որ նրանց միացրել է նախախնամությունը,- այսուհանդերձ, հնարավոր չեղավ խուսափել քաղքենիական ոճավորումից, ինչը թեև հատուկ նպատակ չէր հետապնդում, սակայն ամենևին էլ ինքնանպատակ չէր:

Արդյունքը եղավ այն, որ այս խոսքերիս վրա Սողոմոնը կտրուկ վեր թռավ տեղից և նստելով ցանցե մահճակալին` ուղիղ իմ դիմաց, սկսեց անթարթ ու լուռ` համր ճիչ արտահայտող տանջահար հայացքով նայել դեմքիս` ասես ինքնասպան հոր ուրվականն էր հայտնվել անպատեհ ժամի:

-Քեզ երբևէ չեն զգուշացրել, ժուռնալիստ, որ կյանքի համար խիստ վտանգավոր է չափից ավելի խելոք լինելը,- խոսեց լրջմիտ` հայացքը շարունակ չկտրելով ինձնից: Եվ պատասխանի չսպասելով էլ հաստատեց ենթադրությունս: – Ես հենց այդ հարցն էլ տվեցի նրան, հակառակ որ…

Շարունակելի

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Հոգևոր-մշակութային


06/08/2015