Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾ ՔԱՐՏԵԶՈՒՄ



«Հայ զինվորի» նախորդ՝ թիվ 29-ում տպագրված անկախ Թալիշստանի քաղաքական քարտեզը, արժանացել է մեր թերթի ֆեյսբուքյան էջի ընթերցողների համակ ուշադրությանը: Ի դեպ, խոսքն այս անգամ միայն հայ կամ հայաստանցի ընթերցողներին չի վերաբերում: «Նյութի» նկատմամբ մտահոգ հետաքրքրություն են ցուցաբերել նաև մեր արևելյան հարևանները, խնդրելով մեկնաբանել քարտեզն ընդհանրապես և թալիշերեն տեղանուները՝ մասնավորապես: Տվյալ՝ Թալիշստանի քարտեզի դեպքում, դրա կարիքը չկար. ամեն ինչ ավելի քան պարզ է ու խոսուն: Մանավանդ, որ քարտեզի վերջում նշված են հեղինակների հասցեներն ու անունները:

Ասենք ընդամենը, որ ամեն քարտեզ՝ մանավանդ քաղաքական, տվյալ ժողովրդի՝ մանավանդ պետականազուրկ, մանավանդ օտարի գերիշխանության տակ հածող, ազգային լավագույն ձգտումների արտահայտությունն է: Այո՛, Թալիշստանի ազգային ազատագրական բանակի գլխավոր շտաբին կից քարտեզագրության վարչության տպագրած քարտեզը խոսում է նաեւ թալիշ ժողովրդի քաղաքական հասունության մասին:

Ի վերջո, քարտեզը պարզապես թուղթ չէ, այլ պատմություն, ազգային մշակութային տարածք ու սահման, հայրենքը ճանաչելու դասագիրք…

Իսկ ինչ վերաբերում է մեր ընթերցողին, ասենք, որ քարտեզը առայսօր դիտվել է 3192 անգամ՝ արժանանալով բազմաթիվ ու տարաբնույթ մեկնաբանությունների, ինչն իր հերթին խոսում է մեր ժողովրդի մարդասիրական, ժողովրդավարական լավագույն որակների մասին, այն մասին, որ բռնադատված, բռնակալական ռեժիմի պայմաններում ապրող, հայրենազրկված ժողովուրդների ճակատագիրը անտարբեր չի թողնում և ոչ մի հայի՝ հայրենիքում, թե ի սփյուռս աշխարհի: Օրինակ՝ մեր ընթերցողներից Գարիկ Պողոսյանը հարևան թալիշ ժողովրդին գոտեպնդվելու, ուժերը միավորելու, ամեն կարգի դժվարությունների առաջ չընկրկելու, ազգային իղձերին հավատարիմ մնալու կոչ է անում, ասելով, որ ոչ ոք, ինչպես հայերը, հատկապես արցախցիները, չի կարող հասկանալ թալիշների ցավը և տառապանքը, և թող մեր անցած ծանր ու դժվարին, բայց հաղթական ճանապարհը ձեզ՝ ձեր իսկ ուժերի նկատմամբ վստահություն ներշնչի:

Ամփոփենք. սեփական տեղը աշխարհի քարտեզում մատնանշելն արդեն կարեւոր քայլ է ազգային իղձերի իրականացման ճանապարհին:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Տարածաշրջան


06/08/2015