ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈՂ ՈՒ ՋՐԻ ՎՐԱ ԱՊՐԵԼ
Շարքային Գոռ Խնկոյանը մարտական հենակետից նոր էր իջել և սպասում էր զորացրման: Հետաքրքիր զրուցակից է, համեստ ու կիրթ: Նա վերջին անգամ էր եղել դիրքերում, շրջել էր իր իսկ ձեռքով մաքրած, նորոգած խրամուղիներում ու դիտակետերում: Կարոտով նայել էր սահմանից այն կողմ: Ասում եմ՝ կարոտով, որովհետև, ինչպես ինքն է ասում. «Սահմանից այն կողմ էլ Հայաստան է, երբեմնի մեր պատմական Գողթն գավառը: -Եվ քիչ լռելուց հետո ավելացնում է,- թիկունքում քո հարազատներն են, հայրենի տունը, որոնք ավելի են ամրացնում քո թիկունքը, իսկ դիմացից քեզ ձգում է անսահման ու անափ մի կարոտ: Եվ ամեն անգամ դիրքեր բարձրանալիս ու կանգնելով մարտական հերթափոխի, ես զգացել, ավելի ճիշտ՝ ինձ համար հայտնագործել եմ մի զգացողություն: Գուցե դա մի քիչ արտասովոր հնչի, սակայն դա այդպես է` ես գտնում եմ, ավելի ճիշտ հասկացել եմ, որ հայ զինվորին ուժ է տալիս իր թիկունքի ամրությունն ու դիմացի ձգողական կարոտը»:
Այսպես հետաքրքիր սկսեց իր զրույցը, մտորումները հայրենիքի, հայրենասիրության մասին Գոռ Խնկոյանը, որն այժմ գտնվում է իր հարազատների, մտերիմների շրջապատում: Եվ չնայած այն բանին, որ նա հիմա իր պարտքը կատարել է, զորացրվել է և զինվորական հագուստ չի կրում, այնուամենայնիվ, ուզում եմ, որ նրա լուսանկարը լինի զինվորական համազգեստով, այնպես, ինչպես նա լուսանկարվեց վերջին անգամ հանձնելով մարտական հենակետն իր ծառայակից ընկերներին: Այդպես եմ ուզում, որովհետև ես հասկացա, որ միայն ծառայության այս երկու տարիները չէին, որ նրան զինվոր դարձրին, այլ նա զինվոր կմնա իր ողջ կյանքի ընթացքում:
-Գոռ, ծառայության ընթացքում դու պարգևատրվել ես «Քաջարի մարտիկ» և «Լավագույն մարզիկ» կրծքանշաններով, ինչպե՞ս աչքի ընկար:
-«Քաջարի մարտիկը» ստացել եմ որպես հրաձիգ մարտական հենակետերում իմ պարտականությունները անթերի կատարելու համար, իսկ դրան մեծապես նպաստում է «Լավագույն մարզիկը»: Այսինքն՝ զինվորը պետք է մշտապես լինի լավագույն մարզավիճակում:
-Ինչպե՞ս սկսեցիր ծառայությունը, ինչպե՞ս ընտելացար, սովորեցիր:
-Ծնունդով Կոտայքի մարզի Քանաքեռավանից եմ: Ավարտել եմ տեղի միջնակարգը: Դպրոցում անցել ենք նախնական զինվորական պատրաստություն:
Եղբայրս` Գեղամը, ծառայել է Արցախի սահմանամերձ զորամասերից մեկում: Դպրոցից հետո եղբայրս է տվել ծանոթությունը, իմացությունը կապված բանակի հետ:
Բայց դա շատ քիչ է, պետք է քո աչքով տեսնես, պետք է ինքդ անցկացնես քո ծառայությունը: Բանակը կյանքի դպրոց է, քեզ հետ կողք կողքի մշտապես կարող են ծագել դժվարություններ` դու պետք է պատրաստ լինես դրանք հաղթահարելու: Սկզբում մի երկու անգամ բարձրացանք ինժեներական աշխատանքների ու այսպես կամաց-կամաց ծանոթացանք դիրքերին: Իսկ ինձ համար անմոռաց է մնացել, երբ առաջին անգամ տագնապով բարձրացանք դիրքեր: Անսովոր էր, ուրիշ էր մթնոլորտը, շատ էր հետաքրքրությունը: Այսպես սովորեցինք ու արդեն էլ մենք չէինք ուզում իջնել դիրքերից:
-Որպես հրաձիգ եղել ես մարտական հենակետերում և արդեն ծառայության ավարտին ինչպե՞ս կբնութագրես թշնամուն:
-Մարտական դիրքերում զգացել եմ, որ վախկոտ են, թվով շատ են, բայց վախկոտ: Դիրքերում լինում էին կրակոցներ, զեկուցում էինք հրամանատարությանը, իսկ երբ համը հանում էին` մի քանի դիպուկ կրակոց էինք արձակում, ու «սսկվում էին»:
-Իսկ ինչո՞վ են զբաղվում ծնողներդ. դու ի՞նչ պետք է անես:
-Ծնողներս աշխատում են «Նաիրիտում», հույս ունեմ՝ մինչև տուն հասնելը կստանան իրենց կուտակված աշխատավարձը: Իսկ ես բանակից հետո կանցնեմ աշխատանքի, կօգնեմ ծնողներիս: Չեմ ուզում դուրս գնալ, ուզում եմ իմ հող ու ջրի վրա ապրել, որովհետև հայրենիքը ամեն պահ կարող է քո կարիքը ունենալ:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Բանակ և հասարակություն