Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ, ԶԻՆՎՈՐ



Տիկին Գայանեն նամակ էր ուղարկել «Հայ զինվորին» եւ խնդրել հնարավորություն տալ իրեն թերթի միջոցով շնորհակալություն հայտնելու իր որդու հետ ծառայած դիրքապահ Աշոտ Պողոսյանին, որն օրեր առաջ է զորացրվել: Նման նամակ, որում զինվորի ծնողը մեկ այլ զինվորի իր երախտիքի խոսքն է հղում, ամեն օր չենք ստանում: Որոշեցի հանդիպել եւ զրուցել Աշոտի հետ:

Նա խմբագրության միջանցքում է, լուռ եւ երկար նայում է պատերին փակցված զինվորների լուսանկարներին: Քիչ անց անկեղծանում է.

-Մի քանի օր է, ինչ քաղաքում եմ, եւ հայացքս, ինձնից անկախ, անընդհատ որեւէ զինվորի լուսանկար էր փնտրում… Այդպես էլ ոչ մի տեղ չգտա… Հուսահատվել էի… Զինվորի հանդեպ պետք է յուրահատուկ վերաբերմունք լինի. չէ՞ որ նրա կյանքն ամեն րոպե վտանգված է…

-Ծառայել ես…

-Թշնամուց 50 մետր հեռավորության վրա:

-Այդքա՜ն մոտիկ…

-Ավելի հանգիստ ես, քանի որ հակառակորդի գործելու տարածությունը փոքրանում է…

-Մասնագիտացո՞ւմդ:

-Դիպուկահար: Միշտ պատրաստ եմ նորից ստանձնելու պարտականությունս:

-Ե՞րբ առաջին անգամ դիրք բարձրացար:

-2013 թվականի դեկտեմբերի 20-ին:

-Ի՞նչը հիշվեց մեկընդմիշտ:

-Քայլում էինք, մեկ էլ ավագ զինվորները կանգ առան… Նորեկներս վախեցել էինք` էս ի՞նչ պատահեց… Պարզվեց` Մոնթեի զոհված տեղում ենք… Հետո մենք էլ միշտ կանգ էինք առնում, եւ յուրաքանչյուրս իր մտքում Մոնթեից ուժ էր խնդրում… Մոնթեն զինվորների համար աստվածային զորություն ունի…

-Դիրքապահի մտքում…

-«Թռչեի մտքով տուն» երգն է… Դիրքում կանգնած հաճախ ենք այդ մեղեդին դնդնում…

-Ո՞վ է զինվորի ընկերը:

-Սաղավարտը: Հանձնելիս համբուրեցի, ասացի տղերքի գլուխը լավ կպահես…: Եթե հնարավորություն լիներ, հետս կբերեի տուն. քանի անգամ է կյանքս փրկել, դժվարանում էլ եմ հաշվել…

-Իսկ` թշնամին…

-Գիշերը:

-Քո սիրած խոսքը…

-Ստորաբաժանումն ընտանիք է, զորամասը` տուն, բանակը` ամրոց:

-Ի՞նչն էր ամենից շատ ոգեւորում քեզ:

-Նոր օրը, բացվող առավոտը…

-Ինչն էր ընկճում:

-Զինվորի կորուստը… Եվ բոլորովին էլ կապ չունի` որ դիրքում է դեպքը պատահել…

-Ինչի՞ կարիք ունի դիրքապահը:

-Մի քիչ ուրախության…

-Զինվորը պետք է կարողանա…

-…Առանց դժվարության նշանազարկի բերել իր զենքը:

-Ո՞վ է քո հերոսը:

-Սպան: Հաճախ էի նայում սպայի դեմքին, մտածում՝ 45-50 տարեկան կլինի: Հետո պարզվում էր՝ ընդամենը 35 է, զարմանում էի, բայց եւ հասկանում էի` ծառայության հետքն է…

-Եթե սպա լինեիր…

-Ապա՝ մեր վաշտի հրամանատար, կապիտան Նաիրի Ավագյանի նմանությամբ: Տան ճանապարհին հայրիկիցս հեռախոս խնդրեցի, զանգեցի հրամանատարիս եւ շնորհակալություն հայտնեցի, որ ողջ-առողջ եմ վերադառնում: Հուզվել էր…

-Լավագույն զինվորը՝ ըստ քեզ…

-Դիրքի ավագ, սերժանտ Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա գլխավորությամբ տղաները կասեցրել են հակառակորդի դիվերսիան… Հակառակորդի մռութին հասցրել, տուն են ճամփել…

-Բանակը նման է…

-Ժամացույցի: Յուրաքանչյուր պտուտակ կարեւոր է ճիշտ ու անխափան աշխատելու համար:

-Ամենահիշարժան օրը:

-«Սև հունվարի» օրերն էին: Որոշեցի դիտարկում իրականացնել, մյուս ընկերս` Կամոն էլ խրամատում էր դիտարկում կատարում, նորեկ էր: Մտածեցի՝ «Աստված ջան, կարող է հիմա…», ու «կրակել» բառի վրա նռնականետով իմ ուղղությամբ կրակ բացեցին: Կես մետր շեղվեցին, սակայն հարվածը ուժեղ էր: Մի կողմ նետվեցի, լսողությունս ու տեսողությունս մթագնեցին: Դիտակետի պաշտպանիչ պատը ինձ փրկեց: Ինչքան ուժ ունեի, գոռում էի` Կամո … Նայում էի խրամատի երկայնքով եւ նրան չէի տեսնում… Սարսափելի զգացողություն է… Փառք Աստծո, Կամոն վերջապես ձայն հանեց, աջ ձեռքս թուլացել էր, ձախով նրան քաշեցի մինչեւ թաքստոց… Բայց մտածեցի` հնարավոր է՝ նրանք մեզ շեղում են, որ ներթափանցման փորձ ձեռնարկեն: Ուժերս հավաքեցի եւ շարունակեցի դիտարկում կատարել: Ինձ միացավ դասակիս հրամանատարը` լեյտենանտ Հովիկ Ղարիբյանը: Նրան խնդրեցի կճմթել ձեռքս. մտածում էի` կարող է չկամ… Այդ օրը մեր դիրքի ուղղությամբ 150 անգամ կրակեցին եւ միայն խոշոր տրամաչափի զենքերից…

-Անմոռաց տեսարանը…
-Հիշեցի մեր դիրքի հարեւանությամբ քարուքանդ եղած դպրոցը` քսան տարվա վաղեմության նստարաններով, գրատախտակներով, անգամ երեխայի կոշիկ կտեսնեիր: Այդ տեսարանը ցնցող ազդեցություն էր թողնում: Ամեն անգամ այդ քարուքանդ դպրոցին նայելիս մտածում էի՝ ինչ փխրուն է խաղաղությունը…

-Քեզ հետ ի՞նչ «բերեցիր» բանակից:

-«Քաջարի մարտիկ» կրծքանշանն ու գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանձնած պատվոգիրը… Զինվորի համար միշտ էլ հաճելի է, երբ իրեն նկատում են, իր մասին մտածում են և ջանքերը գնահատում…

-Վստահ եմ` ծնողներդ քեզնով հպարտանում են…

-Ես նրանց չէի ասել, որ դիրք եմ բարձրանում… Հիմա գիտեն …

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/08/2015