Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՆ…



Թարթարի ջրերին ականջալուր, հայացքները Մռավի լեռնագագաթներին՝ արդեն քանի՜ տարի Մովսիսյան գերդաստանը ապրում է Քարվաճառում: Այստեղ ծնվեցին Վահագն պապի եւ Սուսաննա տատի անուններով թոռները: Հետաքրքիր ու պատմական շատ իրադարձություններ են կապված այս ընտանիքի ամեն մի անդամի հետ: Նշենք մի քանիսը:

2003 թ. հունվարի 25: Դադիվանքում տեղի ունեցավ պսակադրությունը Վահագնի եւ Սուսաննայի ավագ որդու` Արմանի եւ Գայանեի: Մեկ տարի անց Դադիվանքում տեղի ունեցավ Արմանի եղբոր` Գոռի եւ Քրիստինեի պսակադրությունը: Երկու պսակադրություն էլ կատարեց Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Վիրապը: Դադիվանքի ազատագրումից հետո առաջին պսակադրություններն էին: Երբ ջոկատի տղաները մեկնում էին ռազմի դաշտ, Տեր Վիրապն էր միշտ իր պահպանիչ աղոթքով նրանց ճանապարհում: Հետո տղաները Տեր Վիրապին խոստացան, որ երբ խաղաղություն լինի, կամոքն Աստծո պիտի վերանորոգեն Սուրբ Աստվածածինը: Եվ նրանք իրենց խոսքի տերը եղան: Հետո ջոկատի տղաների եւ Տեր Վիրապի կապը ավելի ամրապնդվեց: Պսակադրությունից հետո Դադիվանքում մկրտվեցին նաեւ Սուսաննան, Մովսեսը, Վահագնը, Դավիթը` Վահագնի եւ Սուսաննայի թոռները:

… Ամեն արարողակարգի ժամանակ Տեր Վիրապը հուզվում էր: Աղոթքի բառերը լռությամբ բարձրանում էին Դադիվանքի գմբեթն ի վեր, որտեղից էլ լույսի ճառագայթներ էին գալիս խաչվում Սուրբ խորանին: Քահանայի դեմքը ողողվում էր լույսերով: Արցունքներ էին գլորվում մորուքն ի վար:

-Փառքդ շատ Տեր, որ ինձ այսպիսի բախտավորություն պարգեւեցիր: Եվ թող օրհնյալ լինեն այն տղաները, որոնք այս լուսավոր պահը պարգեւեցին մեր ժողովրդին…

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Հոգևոր-մշակութային


13/08/2015