Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՆԿԱՐԿԵԼԻ ՀԵՐՈՍ



ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբրի 20-ի հրամանագրով Վահագն Վարդևանյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: ԼՂՀ նախագահի թիվ 70 հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ»
1-ին աստիճանի շքանշանով:

ԼՂՀ նախագահի 2006 թ. մայիսի 8-ի հրամանագրով պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով, որով պարգևատրվում են Արցախի հերոս կոչմանն արժանացած անձինք:

2014 թ. ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը կազմակերպել էր դասախոսական խմբի այց ԼՂՀ պաշտպանության բանակ՝ զորամասերում զինծառայողների համար դասախոսություններ կարդալու: Ինձ բախտ վիճակվեց լինելու պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Դասախոսությունից հետո, «Հայ զինվոր» շաբաթաթերթի համար թղթակցություն պատրաստելու համար հարցազրույց ունեցա մի քանի զինծառայողների հետ: Թաթուլ անունով զինվորի հետ զրույցի ժամանակ հարցրի, թե արդյոք նրա համար գոյություն ունի հայրենիքի զինվորի ինչ-որ կերպար, որին նա կցանկանար նմանվել: Թաթուլը պատասխանեց Վահագն Վարդևանյան:

Վահագն Վարդևանյանի անձին և նրա անցած մարտական ուղուն ծանոթացա, երբ ընթերցեցի Հովիկ Վարդումյանի «Գրոհայինների հրամանատարը» (Երևան, 1999) գիրքը:

Վ. Վարդևանյանը ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 27-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 173 դպրոցում, որը Վահագնի զոհվելուց հետո անվանակոչվել է նրա անունով: Դպրոցում Վ. Վարդևանյանի առավել սիրած առարկան ռազմագիտությունն էր: Զինղեկ, պահեստի մայոր Կորյուն Գասպարյանի բնորոշմամբ. «Առաջին իսկ դասից Վահագնը իրեն դրսևորեց որպես կարգապահ, ընդունակ, ռազմական գործը սիրող աշակերտ: Նա գերազանց էր կրակում, տիրապետում էր գնդացրին, հակահետևակային նռնակների կառուցվածքին և օգտագործմանը: Բնածին զինվոր էր»:

…1988 թ. փետրվարին սկսվում է Արցախյան ազատագրական պայքարը: Տարերայնորեն սկսվում են կազմակերպվել աշխարհազորային ջոկատներ: Ինքնին հասկանալի է, որ Վ. Վարդևանյանը անմաս չի մնում Շարժմանը: 1990 թ. Երևանի Շենգավիթի շրջանում Հովիկ Գերոյանի գլխավորությամբ կազմավորվում է ազատամարտիկների ջոկատ, որին անդամագրվում է Վահագնը:

1991 թ. հունվարի 19-ին Շենգավիթի ջոկատը մյուս ստորաբաժանումների հետ մասնակցում է մարտական գործողությունների: Համատեղ ուժերով հնարավոր է դառնում հակառակորդի հարձակումները հետ մղել և անվտանգ դարձնել Երևան-Սյունիք մայրուղու Արարատի հատվածը: Ջոկատը մասնակցում է Շուռնուխ գյուղի պաշտպանությանը, ապա մեկնում Իջևանի շրջան և տեղի աշխարհազորայինների հետ պաշտպանում է հայկական բնակավայրերը և Ջողազի ջրամբարը: Այնուհետեւ ջոկատը մասնակցում է Ղուբաթլիի, Մարտունու շրջանների և Սյունիքի Կոռնիձոր գյուղի պաշտպանությանը:

1992 թվականի փետրվարին նախապատրաստվում էր Խոջալու ավանի ադրբեջանական կրակակետերի վնասազերծումը: Գործողությանը մասնակցում էր Վ. Վարդևանյանը:

Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը քայլեր էր ձեռնարկում անջատ-անջատ գործող երկրապահ ստորաբաժանումները միավորելու և բանակ ստեղծելու համար: Վահագնը իր մի քանի ընկերների հետ որոշեց զինվորագրվել նորաստեղծ հայոց բանակին: 1993 թ. հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հրամանով լեյտենանտ Վահագն Վարդևանյանը պաշտոնապես ընդգրկվեց ՀՀ զինված ուժերում և նշանակվեց մոտոհրաձգային բրիգադի (հրամանատար, գեներալ Ֆելիքս Գզողլյան) բաժանմունքի պետի օգնական: Որոշ ժամանակ անց Վահագնին շնորհվում է ավագ լեյտենանտի զինվորական կոչում: Նրա անմիջական հրամանատար, գեներալ Ֆ. Գզողլյանի վկայությամբ. «Ավագ լեյտենանտ Վահագն Վարդևանյանը հայտնություն էր ինձ համար: Այդպիսի նվիրյալները բանակին պետք էին օդի ու ջրի նման: Վահագնի մեջ համակցված էին ուժն ու բարությունը, ինչը ծնում էր մի անգնահատելի մարդկային որակ»:

1994 թ. հունվարի 22-ին կազմավորվեց Երևանի Շենգավիթի կամավորական առաջին վաշտը, որի կազմում առաջին դասակի հրամանատար նշանակվեց Վ. Վարդևանյանը: Հունվարի 29-ին վաշտը մեկնեց Արցախ և հունվարի 30-ին արդեն Աղդամի շրջանում էր: Սկսվեց առօրյա մարտական կյանքը: Վահագնը չէր զլանում՝ նորակոչիկներին առավել խորությամբ ու մանրամասնությամբ ծանոթացնում էր զինատեսակներին, խրամատային պատերազմի առանձնահատկություններին…

Ապրիլի 9-ին հայկական ուժերն անցնում են հարձակման: Հակառակորդը նահանջում է և ամրանում Գոմեր կոչված վայրում՝ ականապատելով տեղանքը: Տանկային գրոհը ձախողվում է, քանի որ մեր տանկերից երկուսը պայթում են ականադաշտի վրա: Իրավիճակը փրկում է Վահագնի գրոհային վաշտը, որը շեշտակի գրոհով կարողանում է հակառակորդին փախուստի մատնել:

Մինչև ապրիլի 19-ը հայկական ուժերը կարողանում են հասնել զգալի հաջողությունների, իսկ հակառակորդը հասցնում է ամրանալ Մարտակերտի և Աղդամի շրջանների մի շարք բնակավայրերում: Հակամարտ երկու կողմերն էլ ամրացնում են զբաղեցրած դիրքերը և նախապատրաստվում ակտիվ գործողությունների:

Օգտագործելով իր թվային գերակշռությունը՝ ապրիլի 21-ին հակառակորդը սկսում է գրոհը: Վահագնը իր ստորաբաժանումով հայտնվում է շրջափակման օղակի մեջ: Սակայն ադրբեջանցիները չեն շտապում գրոհել հայ ազատամարտիկների դիրքերը, այլ բավարարվում են բոլոր զինատեսակներից նրանց գնդակոծելով:

Ադրբեջանական հրամանատարությանը շուտով հայտնի է դառնում, որ իրենց դեմ կռվում է ընդամենը մեկ դասակ, եւ այս հանգամանքը ստիպում է հակառակորդին շարունակել հայկական դիրքերի հրետանակոծությունը՝ նպատակ ունենալով առավել մեծ կորուստներ պատճառել ու խուճապ առաջացնել հայերի շրջանում: Ռադիոյով անընդհատ հուսադրում էին Վահագնին, որ շուտով օգնությունը տեղ կհասնի, սակայն հակառակորդի անընդհատ գրոհները պարզորոշ ցույց էին տալիս, որ օգնությունը կարող է ժամանակին չհասնել:

Վահագնը իր երկու ընկերներին՝ Վանիկին ու Հրաչին հրամայում է ամրանալ խաղողի այգում, իսկ ինքն այդ ժամանակ ապահովում է նրանց նահանջը: Սակայն հակառակորդը ամուր օղակել էր տարածքը և ցանկանում էր գերել Վահագնին՝ վիրավորելով ոտքերից: Վերքեր են ստանում նաև Վանիկն ու Հրաչը: Վահագնը կրկին հրամայում է ընկերներին հեռանալ խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ հնարավոր էր թաքնվել: Կրկին ռադիոկապով հարցնում են նրա գտնվելու վայրը, սակայն արնաքամ եղած Վ. Վարդևանյանը չի կարողանում հստակ ոչինչ ասել: Երբ խնդրում են, որ կրակոցով նշան տա, թե որ ծառի տակ է գտնվում, Վահագնը մերժում է, ասելով՝ մնացել է մեկ փամփուշտ: Բացի այդ, Վահագնը հայտնում է, որ հակառակորդը ցանկանում է իրեն գերել, սակայն ինքը չի հանձնվի:

Վահագնին և ընկերներին օգնության շտապող խումբը խաղողի այգիներում բախվում է հակառակորդի մեծաքանակ ուժերի հետ և չի կարողանում առաջանալ: Նրանք պատահաբար հանդիպում են Հրաչ Հարությունյանին: Վերջինս հայտնում է, որ ծանր վիրավորված Վանիկը մահացել է, իսկ Վահագնի հետ բաժանվել են խաղողի այգինների մոտ:

Հակառակորդի զինվորները սպայի հրամանատարությամբ խուզարկում էին այգին՝ Վահագնին գտնելու ու գերելու հույսով: Ազատամարտիկը գիտակցելով, որ արյան կորստի հետևանքով կարող է կորցնել գիտակցությունը և գերվել, ինքն է մատնանշում հակառակորդին իր գտնվելու վայրը: Եվ երբ հակառակորդի զինվորները մոտենում են Վահագնին, տեսնում են նրան մեջքի վրա ընկած և աչքերը փակ: Վահագնի թևատակերից բռնելով փորձում են բարձրացնել, ու այդ ժամանակ երկու պայթյուն է լսվում. Վահագնը թևատակերի տակ նռնակներ էր դրել…: Վահագնի հետ զոհվեցին չորս ադրբեջանցի զինվորներ:

Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ճակատագրեր


13/08/2015