Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ



ԳՐԱԴ ԳԱՐՈՒՆԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է

Հայոց բանակի հրետանին ստեղծվեց և ձևավորվեց ծանր ու դժվարին պայմաններում: Հայ հրետանավորները մարտի դաշտում ցուցաբերեցին անասելի արիություն, խիզախություն, կամք և վճռականություն և իրենց անձնուրաց ու նվիրյալ ծառայությամբ էլ ավելի ամրացրին մեր բանակի մարտունակությունը: Հենց այդ նվիրյալներից մեկն էլ Գարունիկ Խաչատուրի Աբգարյանն է` Գրադ Գարունը:

Գարուն Աբգարյանը 1990-1992թթ. մասնակցել է Շահումյանի շրջանի Էրքեջ-Բուզլուխ-Խարխապուտ-Կարաչինար գյուղերի, Արծվաշենի մարտական գործողություններին, Լաչինի միջանցքի պաշտպանական մարտերին: Տիրապետելով թՐՈՊ (ըԾ-21) կայանքի մարտական կիրառմանը` նա անձամբ էր իրականացնում կրակի վարումը, որի հաշվարկը ենթադրում է` առնվազն 6-7 հոգի, բայց նա ուներ ընդամենը մի վարորդ:

Հերոս հայորդին իր հայրենանվեր ծառայության և բազում սխրանքների համար արժանացել է բազմաթիվ պետական պարգևների` ՀՀ և ԼՂՀ-ի նախագահների «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» -2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան» մեդալներով և հուշամեդալներով:

-Գնդապետ Գարուն Աբգարյանին ես գիտեմ որպես հրետանավորի` սկսած 1992 թվականի հունիս ամսից, երբ սկսվեց հայոց բանակի հրթիռահրետանային զորքերի կազմավորումը, որի շարքերում նա ծառայեց որպես հրետանավոր: Այդ ժամանակահատվածում ծանր մարտեր էին ընթանում Սյունիքում, հատկապես Զանգելան-Կապան և Կուբաթլու-Գորիս հատվածներում, և նա գործուղվեց Կապանի նորաստեղծ մոտոհրաձգային բրիգադ, որի հրամանատար էր նշանակվել Մ. Գրիգորյանը: Հրետանային ստորաբաժանման հրամանատար էր, մարտական գործողություններից մեկի ժամանակ էլ ծանր վիրավորվեց:

…Երբ ձևավորվեց նոր հրետանային ուսումնական զորամասը, գնահատելով նրա մարդկային և մասնագիտական բարձր կարողությունները, անսահման հայրենասիրությունը, ես միջնորդեցի ՀՀ պաշտպանության նախարարի առաջ, որ Գարուն Աբգարյանը նշանակվի նորաստեղծ ուսումնական զորամասի հրամանատարի տեղակալ և ամուր հիմքերի վրա դնի որակյալ մասնագետներ կրթելու գործընթացը: Եվ նա կարճ ժամանակահատվածում կարողացավ փայլուն կատարել իր առջև դրված խնդիրը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության ենթակա զորամասի հրամանատար եղած ժամանակ էլ Գարունը դարձյալ աչքի ընկավ իրեն հատուկ բարեխիղճ և նվիրված ծառայությամբ: Բարձր գնահատելով զորամասում իրականացրած հսկայածավալ աշխատանքը` Գարունին շնորհվեց գնդապետի կոչում:

Մեծ է նրա վաստակը, կատարած աշխատանքը` անգնահատելի:

Գարուն Աբգարյանը ինձ համար միշտ եղել է և կմնա որպես հավատարիմ մարտական ընկեր, քանի որ Արցախյան պատերազմի տարիներին մշտապես միասին ենք եղել, միասին կատարել մարտական խնդիրները: Ու թեև այսօր նա անցել է վաստակած հանգստի, բայց մեր ընկերությունը շարունակվում է…

Շուտով Գարունը կնշի իր ծննդյան տարեդարձը` պատկառելի մի տարիք, որ մի քանի իմաստալից կյանք արժի: Մաղթում եմ քեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ: Երկար-երկար տարիների կյանք, իմ մարտական հրաշալի ընկեր:

Վ. Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
գեներալ-մայոր
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր
բարձրագույն սպայակազմի հանձնաժողովի նախագահ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


13/08/2015