Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ



ԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆ
փոխգնդապետ ,
զորամասի հրամանատարի տեղակալ

Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ: Ինչքան էլ զարգանա տեխնիկան, միևնույնն է՝ մասնագետն է որոշում, ցույց տալիս դրա հզորությունը:

Իմ փորձից գիտեմ, որ այսօր շատ բնագավառներում առաջընթացի բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ այդ գործի գլուխ կանգնած են պատահական կամ էլ մասնագիտական ոչ բավարար գիտելիքներով մասնագետները:

Երբ ինձ գնդի հրամանատարի տեղակալ նշանակեցին, ընկեր-բարեկամներն ուրախացել էին, շնորհավորում էին, իսկ ես մտահոգ էի. ինձ վստահել են մի ամբողջ գնդի սպառազինությունը: Այո՛, մեծ վստահություն էր և ծանր պատասխանատվություն: Առաջին օրերին մտածում էի՝ ես այս ծանր գործի տակից դուրս չեմ գա, թեև փորձի առումով քիչ ճանապարհ չէի անցել: Իմ կասկածները ուժերիս ու կարողություններիս նկատմամբ անվստահության արդյունք չէին, այլ ստանձնած գործի ու պաշտոնի նկատմամբ ակնածանքի ու պատասխանատվության զգացում: Իմ կասկածներն ինձ ստիպեցին ավելի զգոն, ավելի հավաք լինել և ավելի մեծ նվիրվածությամբ լծվել ինձ վստահված գործին: Հետո արդեն, երբ մտա իմ բուն պարտականությունների մեջ, հանկարծ տեսա ու հասկացա, թե ես որքան չիրականացրած հնարավորություններ ունեմ: Ո՞ւմ է պետք այն ղեկավարը, հրամանատարը, որ չի փորձում իրեն վստահված գործը մի քայլ առաջ տանել: Տեղում դոփելը ես համարում եմ ոչ թե կանգ, այլ հետընթաց շարժում:

Հատուկ ուզում եմ առանձնացնել իմ ենթակայության տակ գտնվող ծառայությունների պետերին: Կապիտան Գևորգ Անդրեասյանն ավարտել է Ռյազանի ինստիտուտը, մայոր Արշակ Օհանյանն էլ` Պենզայի ինժեներային ինստիտուտը: Փոխգնդապետ Արմեն Միրզախանյանը, թեև քաղաքացիական բուհի շրջանավարտ է, սակայն պակաս կատարելությամբ չի տիրապետում ծառայության գաղտնիքներին:

Ինչպես տեսնում եք, ես մեր սպառազինության, մարտավարատեխնիկական հնարավորությունների մասին չեմ խոսում, այլ մեր մասնագիտական պատրաստվածության մասին:

Ուսումնական պլանի համաձայն՝ տարին երկու անգամ հավաքներ ենք անցկացնում վարորդների հետ: Ըստ վարժությունների ու կիլոմետրերի՝ ցերեկային ու գիշերային վարումներ, երթեր ենք իրականացնում, որոնց անվտանգությունն ապահովում են զինվորական ավտոտեսչության ներկայացուցիչները: Ճիշտ է, երիտասարդ վարորդները տեսական գիտելիքների ցանկալի պաշար չունեն, սակայն մեր սպաների բարեխիղճ ու կանոնակարգված աշխատանքի շնորհիվ այդ բացը շատ արագ լրացվում է: Մեր ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում այն, որ այսօր այդ տղաներն են իրենց ամրակցված ավտոմեքենաներով իրականացնում մարտական հերթափոխերը:

Բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում թե՛ կրակային պատրաստությունից և թե՛ մեքենավարումից, գիշերային և ցերեկային ժամերին անցկացնում ենք գործնական պարապմունքներ, ինչի արդյունքում թե՛ անձնակազմը և թե՛ հրամանատարական կազմը ամրապնդում ու խորացնում են իրենց մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները: Կատարված աշխատանքի արդյունքները, որ նույնպես գոհացուցիչ են, ցայտուն ձևով երևում են զորավարժությունների ժամանակ:

Բարձր պատրաստություն ունեցող մասնագետը մեզ համար ժամանակակից զենքերից առավել մեծ արժեք է ներկայացնում: Նրանք էլ իրենց հեթին գիտեն զենքի արժեքը: Զորամասում կան տարբեր տեսակի ժամանակակից զինատեսակներ, որոնց պահպանումն ու խնամքը իրականացվում է արհեստավարժորեն, բարձր մակարդակով: Այս գործառույթներին մեծ ուշադրություն է հատկացվում, քանզի դրանով է պայմանավորված հակառակորդի նկատմամբ իրականացվող զսպման գործողությունների արդյունավետությունը:

Նորոգման վաշտի անձնակազմը գիտե, որ մեր տեխնիկան ցանկացած պահի պետք է մարտական առաջադրանք կատարելուն պատրաստ լինի: Ունենք շատ լավ պատրաստված, ես կասեի՝ «աս» մասնագետներ: Առանձնացնեմ դասակի հրամանատար, ավագ ենթասպա Վարդան Հասրաթյանին, որի անմիջական ղեկավարությամբ և՛ մասնագետներն են կատարելագործվում, և՛ աշխատանքներն են անթերի կատարվում:

Ահա այս ամենի արդյունքում էլ Գլխավոր ռազմական տեսչության ստուգման ժամանակ իմ ղեկավարած ծառայությունը արժանացավ դրական գնահատականի: Եվ այս հաջողությունը արդյունք է ամենից առաջ մեր սպաների, ծառայությունների հրամանատարների մարդկային որակների և մասնագիտական բարձր կարողությունների:

Պատրաստեց
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/08/2015