Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ ՄԵԿՕՐՅԱ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ



Զինված ուժերի պատրաստության տարեկան պլանի համաձայն՝ օգոստոսի 7-ին փոխգնդապետ Հ.Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության` ռազմականացված և պահակային ստորաբաժանումների պետերի մեկօրյա մեթոդական հավաք, որը ղեկավարում էր ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանը:

Հավաքի նպատակը տեսական և գործնական պարապմունքների համադրմամբ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների պետերի մեթոդական պատրաստվածության մակարդակի բարձրացումն է, պաշտպանության նախարարության համակարգում գերատեսչական պահպանության իրականացման կարգի իրավական հիմքերի լուսաբանումը և մասնակիցների գործառութային պարտականությունների մանրամասն մեկնաբանումը:

-Պաշտպանության նախարարությունում նոր ներդրված գերատեսչական պահպանության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունը և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի արձակումից հետո 2-րդ անգամ են կազմակերպվում գերատեսչական պահպանության ստորաբաժանումների պետերի մեթոդական հավաքներ: Նախորդ հավաքների արդյունքների համադրմամբ կարող ենք փաստել, որ որակապես բարձրացել է գերատեսչական պահպանության պետերի պատրաստության մակարդակը, լիարժեք տիրապետում են պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության գործող Կարգի հիմնարար դրույթներին,- մեզ հետ զրույցում ասաց վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա.Պետրոսյանը:

Գերատեսչական պահպանության ծառայության առանձնահատկությունն այն է, որ սկզբում քաղաքացիական անձանցից ընտրությամբ կազմավորվում է պահպանության ստորաբաժանում/ջոկ, դասակ, վաշտ/, այնուհետև օբյեկտների պահպանության համար այդ նույն աշխատակիցներից նշանակվում են պահակային խմբեր, որոնք չեն համարվում զինծառայողներ, այլ քաղաքացիական պահակներ են՝ զինված հրաձգային զենքով, և որոնց նկատմամբ բացարձակապես կիրառական չէ ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը, այլ կիրառական է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և գերատեսչական պահպանությունը կանոնակարգող ՀՀ պաշտպանության նախարարի 2013թ. նորմատիվ հրամանը:

Ուսումնական ավանում, ըստ տեղամասերի՝ գործնական պարապմունքները անցկացվեցին կայազորային ու պահակային ծառայության բաժնի պետ, գնդապետ Գ.Մխիթարյանի ղեկավարությամբ: Զուտ գործնական առումով բավականին հագեցած էին ժամապահի և պահակախմբի գործողությունները հրդեհի ժամանակ: Ցուցադրվեցին ինչպես պահակախմբի նախապատրաստումն ու փոխարինումը, պահակային ծառայության կազմակերպումը, այնպես էլ զենքի լիցքավորման և լիցքաթափման կարգը` չմոռանալով պարապմունքների մասնակիցներին հիշեցնել զենքի հետ ճիշտ վարվելու անվտանգության կանոնները:

Գործնական աշխատանքներից հետո սկսվեց տեսական պարապմունքների փուլը, որը հաջորդաբար վարեցին ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾ անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հ.Կարապետյանն ու պահակային ծառայության բաժնի սպաները:

Հավաք-խորհրդակցության մասնակիցների տեսական գիտելիքների յուրացման աստիճանը ստուգելու նպատակով անցկացվեց թեստային ստուգարք: Արդյունքների ամփոփումը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ էր, քանի որ այս անգամ անբավարար գնահատականներ ստացողներ չկային:

Ներկայումս աշխատանքներ են տարվում գերատեսչական պահպանության աշխատակիցների որակական ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ` մեծ ուշադրություն դարձնելով ընտրությանը, անհրաժեշտ հաստիքապաշտոնային փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ընձեռվում քառահերթ ծառայություն իրականացնելու համար:

Իրավանորմատիվային փոփոխության արդյունքում արդեն իսկ նկատելի է աշխատանքի ընդունվել ցանկացողների թվի աճ, որն էլ «կադրային դաշտ» է ապահովում հրամանատարի համար` աշխատակիցների ճիշտ ընտրություն կատարելու, ծառայության որակը բարձրացնելու:

-Գերատեսչական պահպանության զարգացումն ու ընդլայնումը զինված ուժերում հնարավորություն կընձեռի ապահովման բազաներից բացի, այն ներդնելու նաև զորային օղակում, ինչի արդյունքում պահպանության հարցերով կզբաղվեն «քաղաքացիական պահակները», իսկ զինծառայողները կզբաղվեն միայն մարտական պատրաստությամբ: Մենք արդեն այդ ուղղությամբ սկսել ենք աշխատանքներ տանել Երևանի, Շիրակի, Գորիսի, Լոռիի զինվորական կայազորներում,- նշեց վարչության պետ, գնդապետ Հ.Կարապետյանը ու փոքրիկ «էքսկուրս կատարեց» արտասահմանյան փորձից:

Արտասահմանյան մի շարք երկրներում պաշտպանական գերատեսչությունների զորամասերի և կազմակերպությունների, այդ թվում նաև ռազմական օբյեկտների պահպանության գործառույթներն ակտիվորեն փոխանցվում են, այսպես կոչված, «քաղաքացիական պահակներին», ինչպես պահպանության անհատ (մասնավոր) կազմակերպությունների, այնպես էլ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ուժերով: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինծառայողները գործնականում «զրկված են» թիկունքի և սպառազինության օբյեկտների պահպանության գործում պահակային ծառայությունում ընդգրկվելու «հաճույքից»: Այս գործառույթները բոլորովին վերջերս սկսել են կատարել զորամասերի կազմում հատուկ ձևավորված ռազմականացված պահպանության խմբերը:

Նման պրակտիկա վաղուց արդեն ներդրվել է նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների բանակներում, որտեղ զորամասերի ունեցվածքի պահպանման ապահովմանն առնչվող ընթացակարգը իրականացնում են մասնավոր պահպանության ընկերությունները: Իհարկե, խոսքը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության մասին չէ, որոնց նմանատիպ խնդիրները, որպես կանոն, կատարում են հատուկ նշանակության զինվորական ստորաբաժանումները:

Ըստ գնդապետ Հ.Կարապետյանի՝ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում պաշտպանության նախարարության համակարգում ներդնելով գերատեսչական պահպանության համակարգը, ՊՆ-ն լուծում է նաև սոցիալական կարևոր մի հարց՝ աշխատանքի տեղավորման հարց: Ավելի հստակ՝ հանձին գերատեսչական պահպանության ներդրված ծառայության, Հայաստանի Հանրապետությունում առավել քան 700 ընտանիք ապահովված է աշխատատեղով, ինչը նաև ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի սոցիալական ուղղության կարևոր առաջնահերթություններից է:

Պատրաստեց
փոխգնդապետ Ա.ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ազգային բանակ


13/08/2015