Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ը ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՅԱԼ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է



ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԻ ՕՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ԱՍԱԼԱ-Ի մարտիկ

Օգոստոսի 7-ը Նորագույն զինյալ-ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրն է, որն ամեն տարի Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում, նշում են Հայաստանի Հանրապետությունում հաստատված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկները, նրանց համակիրները, ընկերներն ու գործընկերները:

1982 թ. օգոստոսի 7-ին ՀԱՀԳԲ-ի (ASALA-ի) «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը զինյալ հարձակում իրականացրեց Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանի ոստիկանատան բաժանմունքի վրա ու պայթեցրեց այն: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ եւ շարքայիններ, ինչպես նաեւ մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին: Իշխանությունները օդանավակայան բերեցին հայ հոգեւորականների ու քաղաքացիական անձանց, որոնք ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենք. հայ մարտիկները պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց եւ ուշագնաց վիճակում գերի ընկավ Լեւոն Էքմեկչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց, ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով՝ մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 եւ վիրավորվեց 113 մարդ: Հետագայում թուրքական դատարանի կողմից մահվան դատապարտված Լեւոն Էքմեկչյանը կախաղան հանվեց թուրքական բանտում…

Դրանից հետո ամեն տարի այդ օրը նշվում է որպես նահատակների հիշատակի օր:

Տիգրան ՓԱՇԱԲԵԶՅԱՆ
Լուս.՝ Գարիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Պատմության էջերից


13/08/2015