Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻՈՒԹՅՈՒՆ 2015 – ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐ». ՄԵԿՆԱՐԿԸ ՇՈՒՏՈՎ



Օգոստոսի 17-ին պաշտոնապես կմեկնարկի «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» ռազմամարզական և կադետական վարժարանների միջազգային երիտասարդական կրթական հավաքը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո՝ ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: 15-օրյա միջոցառմանը կմասնակցեն շուրջ 500 պատանիներ նախկին ԽՍՀՄ 11 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Էստոնիայից, Լատվիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից: Հայաստանը հավաքին կներկայացնի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:

Ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին՝ նպատակ ունենալով երեխաների մեջ սերմանելու հայրենասիրություն, բարեկամություն, նաեւ արժեւորելու Մեծ հաղթանակի կերտման գործում իրենց ավանդը ներդրած ժողովուրդների սխրանքը: Թիմերը մրցելու են 10 մարզաձևերում, կազմակերպվելու է նաև ռազմադաշտային մրցույթ, դիվանագիտական խաղ:

Մրցութային ծրագրից բացի նախատեսված են մշակութային, պատմամշակութային և հայրենասիրական միջոցառումներ, մասնավորապես՝ այցելություն Մայր Աթոռ, «Մայր Հայաստան» թանգարան, Մատենադարան և Ծիծեռնակաբերդ: Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության, «Доблесть отечества» շարժման և «Русь» ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելեցին Ծաղկաձոր՝ տեղում ծանոթանալու հավաքի նախապատրաստական աշխատանքների եզրափակիչ փուլին:

Ինչպես օգոստոսի 12-ին ասուլիսի ժամանակ ասաց «Միություն 2015 – Հաղթանակի ժառանգներ» նախագծի ղեկավար Աննա Բականաչը, միջոցառման կազմակերպման որոշումը կայացվել էր դեռեւս անցած տարի, և հաշվետու ժամանակահատվածում ակտիվ աշխատանքներ են իրականացվել.

-Նախագծի նկատմամբ մեծ է եղել հատկապես պաշտպանության նախարարության ուշադրությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Հավաքը, իրոք, բացառիկ է, քանի որ բացի հայրենասիրական դաստիարակությունից, այն նպաստում է նաև բարեկամական կապերի ամրապնդմանը:

«Միություն 2015 – Հաղթանակի ժառանգներ» մշակութային ծրագրի ղեկավար Վլադիմիր Մազուրն իր հերթին ասաց.

-Վստահ ենք՝ միջոցառումը կանցնի բարձր մակարդակով: Ինձ համար մեծ պատիվ էր՝ գրել հավաքի օրհներգը: Այս տարվա ընթացքում ես երեք անգամ այցելել եմ Հայաստան և ծանոթանալով ձեր երկրին՝ կարողացա ի վերջո գլուխ բերել սկսած գործը: Հուսով եմ, որ այն նաև մեր պատանի մասնակիցների հավանությանը կարժանանա ու մասսայականություն կվայելի: Նշեմ, որ տեղադրվելու է մեծ բեմ՝ աննախադեպ լուսավորությամբ և ձայնային էֆֆեկտներով, ինչը հավաքը կդարձնի առավել ուշագրավ:

«Միություն 2015 – Հաղթանակի ժառանգներ» կազմկոմիտեի համանախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն, գնդապետ Վիտալի Ոսկանյանն էլ հայտնեց, որ հավաքի մասնակցության հրավեր ուղարկվել է ԱՊՀ բոլոր երկրներին, նույնիսկ Ադրբեջանին, բայց Բաքվից որևէ արձագանք այդպես էլ չի եղել:

-Հավաքին մասնակցելու են նաև թիմեր Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետությունից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանից: Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, ԵԿՄ «Պատանի երկրապահ», «Փոքր Մհեր», «Տիգրան Մեծ» կրթահամալիրների սաները,-հավաստիացրեց վարժարանի տնօրենը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ռազմական


13/08/2015