ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական շրջայցն է կատարել հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, որտեղ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին եւ իրականացվող շինարարական աշխատանքներին: Ստուգվել են նաեւ զորամասերի զինվորական ճաշարանների շենքային եւ սանիտարահիգիենիկ վիճակը, զինծառայողների սննդի որակն ու չափաբաժինները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է նաեւ մարտական հենակետերում, տեղում ծանոթացել ամրաշինական եւ ինժեներական կառույցների հուսալիությանը, ստուգել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պարտականությունների իմացությունը, շրջել է խրամատներում եւ կատարել սահմանագծի դիտարկում: Ծառայության մեջ աչքի ընկած եւ իրենց պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին Սեյրան Օհանյանը խրախուսական նվերներ է հանձնել:
Հյուսիսարևելյան սահմանագոտի կատարած այցի շրջանակում զորամիավորման և զորամասերի հրամկազմի հետ քննարկվել են մարտական պատրաստությանը, առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին և ընթացող շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
Բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ: Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նրանց՝ Սեյրան Օհանյանը կարևորել է զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու մտահոգություններին` վստահեցնելով, որ պետական սահմանի պահպանությունը հուսալի ձեռքերում է, և արվում է ամեն ինչ՝ խաղաղ բնակչության առօրյան առավել անվտանգ դարձնելու համար:
Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում