ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
2014թ. հոկտեմբերին Հայաստանում հաստոցաշինական գործարանի հենքի վրա բացվեց հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Լյուբավա-Արմենիան»: Ձեռնարկությունն աստիճանաբար ավելացրեց իր արտադրական հզորությունները՝ փորձելով մտնել միջազգային շուկա: Վերջերս «Լյուբավա-Արմենիայի» արտադրանքը ներկայացվել է նաև Ղազախստանում անցկացվող ռազմական միջազգային ցուցահանդեսին և արժանացել բարձր գնահատականի:
Հայ-լեհական յուրահատուկ բիզնես համագործակցության հաստատմանը նախորդել են մի քանի տարվա լուրջ ուսումնասիրություններ, նախապատրաստական աշխատանքներ: Պատահական չէ, որ բացվելուց անմիջապես հետո գործարանը պատվեր է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մասնավորապես` զինված ուժերին մատակարարվել են ունիվերսալ վրաններ: Այժմ «Լյուբավա-Արմենիան» պատվերներ է ստանում նաև արտերկրից:
Արտադրվող տեսականին որոշվել է և՛ միջազգային շուկայի պահանջների, և՛ հայկական բանակի կարիքների հիման վրա: Ընդ որում, ամբողջ տեսականին միանգամից չի արտադրվում: Ընտրվել է աստիճանական զարգացման տարբերակը: Այսինքն՝ մի քանի ապրանքատեսակի արտադրությունը զարգացնելուց, արտադրամասի ծանրաբեռնվածությունն ապահովելուց հետո անցում է կատարվում նոր նմուշների: Թեև գործարանում հավաստիացնում են, որ տիրապետում են նորագույն անհրաժեշտ տեխնոլոգիաներին, ունեն բոլոր հնարավորությունները և կարող են կարճ ժամանակում սկսել նախապես հայտարարված ամբողջ տեսականու արտադրությունը: Տեսականին շատ մեծ է՝ սաղավարտներ, զրահաբաճկոններ, անհատական պաշտպանական հանդերձանք, փչովի և կեղծ թիրախներ, ունիվերսալ վրաններ, ուսապարկեր, քողարկիչ ցանցեր և այլն:
«Լյուբավա-Արմենիան» ներկայացնում է նաև քաղաքացիական նշանակության արտադրանք: Այն արդեն մեծ համբավ ունի: Հաճախ նույնիսկ անհատներ են գալիս, ցանկանում պատվիրել, ասենք, մեկ կամ երկու վրան, սակայն նման պատվերները ձեռնտու չեն երկու կողմերին էլ, քանի որ օգտագործվող կտորը շատ թանկ է, մշակվում է հատուկ ծածկույթով, ինչը ավելացնում է տվյալ նմուշի շահագործման ժամկետը:
Ձեռնարկության զարգացման համար կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Պատվերներին համապատասխան կազմակերպվում է արտադրության պլանավորումը, մշակվում են արտադրանքը միջազգային շուկայում առավել մրցունակ դարձնելու, իրացման նոր, ավելի մեծ շուկաներ գտնելու ծրագրեր: Բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար առաջին հերթին մեծ ուշադրություն է դարձվում ընկերությունում աշխատող կադրերին: Աշխատակիցները պարբերաբար վերապատրաստում են անցնում արտասահմանում, արտադրամասերից մեկի յոթ կարող բանվորուհիները նոր են վերադարձել Լեհաստանից: Աշխատանքային օրվա ընթացքում էլ բոլոր աշխատակիցները պարտադիր ուսումնասիրում են տարբեր նմուշների պատրաստման չափորոշիչները, տեխնոլոգիաները, արտադրական ողջ գործընթացի վերահսկման, որակի ապահովման համար անհրաժեշտ պայմանները: Նախատեսվում է ամեն տարի արտադրական ծավալների մեծացմանը զուգահեռ մոտ քսանհինգ նոր աշխատատեղ բացել գործարանում:
Ընդհանրապես, որակին այստեղ մեծ ուշադրություն են դարձնում: Ցանկացած արտադրանք պատրաստ լինելուց հետո համապատասխան մասնագետի կողմից լրացուցիչ զննություն է անցնում, փոքր-ինչ թերություն հայտնաբերելու դեպքում խոտանվում: Հենց այդ մոտեցման շնորհիվ էլ ընկերությունում վստահաբար ասում են, որ իրենց արտադրանքը մի գլուխ բարձր է նմանատիպ այլ նմուշներից:
«Լյուբավա-Արմենիան» իր արտադրանքը պարբերաբար տրամադրում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին զորային փորձարկումների համար: Որոշ ապրանքատեսակների պատվերներ արդեն տրվել են գործարանին, ինչպես, օրինակ, վերը նշված ունիվերսալ վրանները և այլն: Պայմանագրով նախատեսված պատվերի դեպքում «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը պատրաստ է կազմակերպել ՀՀ զինված ուժերի համար անհրաժեշտ տարբեր նմուշների արտադրություն՝ ավելի ու ավելի ընդլայնելով իր տեսականին: Հավելենք, որ այժմ ամբողջ հումքը բերվում է Լեհաստանից:
3D ՑԱՆՑԵՐ
Ներկայումս արտադրամասերից մեկում կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերը՝ կարվում են 3D քողարկիչ ցանցեր: Դրանք բազմանպատակ են, որոշակի ռադիոտիրույթներում ապահովում են օբյեկտի ռադիոտեղորոշիչ, օպտիկական, ջերմային անտեսանելիությունը: Տվյալ ցանցերը կարող են քողարկել ինչպես անձնակազմը, այնպես էլ ռազմական տեխնիկան, ամբողջական լրակազմով՝ ավելի քան 200 քմ տարածքի վրա: Անտեսանելիությունն ապահովվում է սկսած 20-25 մետր հեռավորությունից: Տվյալ ցանցերը նմանակում են շրջակա տարածքը:
ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐ
Ամենաբարձր կարգի՝ 5+ զրահաբաճկոն, ապահովում է պաշտպանություն դիպուկահարի կրակոցից: Նախատեսված է ակտիվ ռազմական գործողությունների մասնակցող զինծառայողի համար: Բաճկոնին կցված լրացուցիչ տարրերը ապահովում են վզի, ուսերի, որովայնի լրացուցիչ պաշտպանություն: Կերամիկական ներդիրները պաշտպանում են ինչպես փամփուշտներից, այնպես էլ ականների բեկորներից: Զրահաբաճկոնի կառուցվածքն այնպիսին է, որ ծանրությունը հավասարապես բաշխվում է մարմնի ամբողջ քաշի վրա: Ամենածանր զրահաբաճկոնը կշռում է մինչև 8 կգ:
ՎՐԱՆՆԵՐ
Ձեռնարկությունում արտադրում են տարբեր նշանակության վրաններ: Բազմակի նշանակության վրանների մի խմբաքանակ արդեն մատակարարվել է ՀՀ զինված ուժեր: Դրանք կարող են օգտագործվել ցանկացած վայրում՝ տարբեր բնակլիմայական պայմաններում, -30-ից +50 ջերմաստիճանային փոփոխման դեպքերում: Շրջանակը պատրաստվում է ալյումինից կամ չժանգոտվող պողպատից: Կարվում է պոլիեսթեր կտորից, կարերը մշակվում են հատուկ նյութով ջրակայունությունն ապահովելու համար: Նախատեսված են մինչև 60 զինծառայողների համար:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ