Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԲԱՆԱԿԸ՝ ՀԶՈՐ



Շարքային Գոռ Շահինյանի մասին սիրով էին խոսում ծառայակից զինվորները, սպաները: Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Դ. Խաչատրյանն ասաց. «Գոռ Շահինյանը այդ սերն ու հարգանքը վաստակել է իր ճշտապահությամբ, ծառայողական պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար»: Գումարտակի զորանոց (գումարտակի հրամանատար, մայոր Խ. Վարդանյան) տանող ճանապարհին էլ հանդիպեցինք զինվորին, և զրույցը Գոռի հետ հետաքրքիր էր, անմոռաց: Նոր է իջել դիրքերից: Արևախանձ, լուրջ դեմք ունի, որի վրա մեկ-մեկ ժպիտ է նկատվում, և դրանից ավելի էր գեղեցկանում զինվորի դեմքը:

-Դե, ինչպե՞ս անցավ հերթափոխը,- հարցնում եմ:

-Ամեն ինչ լավ էր, բարեհաջող. ինչպես անցած հերթափոխների ժամանակ:

-Պատմի՛ր մի քիչ քո մասին:

-Ծնվել եմ Երևանում: Միջնակարգն ավարտելուց հետո սովորեցի պետական թեթևարդյունաբերական քոլեջում, հետո ընդունվեցի Երևանի Գյուղակադեմիա: 2-րդ կուրսի ուսանող էի, երբ զորակոչվեցի: Իսկ զորակոչվելուց առաջ ձեռք էի բերել նաև կապավորի մասնագիտություն։ Այժմ ավագ ռադիոհեռախոսավար եմ: Ծառայում եմ կապի դասակում:

-Գո՛ռ, պատմի՛ր ձեր դասակի տղաների ծառայության մասին:

-Ինչպես ասացի, մերը կապի դասակն է, և բոլորս ապրում ենք մի ընտանիքի պես: Մեր ծառայության հիմնական նպատակն է դիրքերում հենակետերը ապահովել կարգին և անխափան կապով: Ծառայության ամեն մի օր սկսվում է նոր առաջադրանքներով ու խնդիրներով: Մեր ծառայությունը իր դժվարությունների հետ նաև իր հետաքրքրություններն ունի: Մենք լինում ենք համարյա բոլոր մարտական հենակետերում: Դիրքերում բոլորն էլ մեզ ճանաչում են, մեր ընկերներն են:

-Գո՛ռ, շուտով կավարտես ծառայությունը, ամենաշատը ո՞ր զգացումն է, որ շատ ապրեցիր ու քեզ ուղեկից կլինի:

-Միանգամից ասեմ` հպարտությունը: Երբ զինվորի հագուստով մտնում ես քո մանկության բակ և զգում ես այն ժպտուն հայացքները, որոնք ուղղված են քեզ, դու հպարտության զգացում ես ապրում: Հպարտության այս զգացումն ապրելու համար անգամ արժե ծառայել։

-Իսկ կարոտի, ընկերության, հայրենասիրության մասին քո մտորումները, քո պատկերացումները:

-Զինվորը, երբ հպարտություն է ձեռք բերում, հավատացե՛ք, փոխվում են նաև նրա զգացումները կարոտի, հայրենասիրության, ընկերության մասին: Այնքա~ն բան է սովորում զինվորը այս երկու տարիների ընթացքում, որ դժվար է պատկերացնել:

-Գո՛ռ, ըստ քեզ, ի՞նչ է հայրենասիրությունը:

-Ամենաթանկը, ինձ թվում է, սերն է, մերձավորի, ընկերոջ, հարազատների, ծնողների, երկրի սերը: Երբ սիրում ես այս ամենը, հենց դա է հայրենասիրությունը: Եվ այդ ամենը արվում է լուռ, առանց խոսքերի:

-Այս տարի հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն էր. ի՞նչ ապրումներ ունեցար:

-Շատ կուզեի՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանայի ծնողներիս, ընկերներիս հետ, սակայն նաև գիտակցում եմ, թե ինչու եմ այստեղ` հայոց սահմաններին: Ես վստահ եմ, որ մի օր աշխարհը կփոխվի, և բոլորն էլ կընդունեն հայերի դեմ կատարված մեծ ոճիրը: Իսկ այդ գործում կարևորագույն դերը հայոց բանակինն է: Մեր ժողովուրդը պետք է միասնական լինի, բանակը` հզոր, որ միջազգային ասպարեզներում հաշվի նստեն մեզ հետ: Գարեգին Նժդեհը ճիշտ էր ասում.

-Ով խնդրում է, ստանալու իրավունք չունի:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Ազգային բանակ


20/08/2015