ԱՄՈՒՐ ԵՎ ԱՆՍԱՍԱՆ
Մարտական հենակետի ավագ, ավագ սերժանտ Վաչագան Հովակիմյանի հետ անցնում ենք դիրքերով, և փորձառու սերժանտը ծանոթացնում է տեղանքին, տիրող իրավիճակին:
-Համեմատ իմ ծառայության մյուս վայրերի, այստեղ խաղաղ է:
-Իսկ որտե՞ղ ես էլ ծառայել,- հարցնում եմ:
-Նույն կոչումով ու պաշտոնով՝ որպես ժամկետային զինծառայող, 2 տարի ծառայել եմ Արցախի սահմանամերձ զորամասում: Այնտեղ արդեն մեծ փորձ եմ ձեռք բերել ու ժամկետային ծառայությունից հետո, երբ անցա պայմանագրային ծառայության, ոչ մի դժվարություններ չեղան:
Քիչ անց հանդիպում ենք գետնատնակի դիտորդ Յուրա Խուդոյանին, որը մարտական հենակետի ավագին տեսնելով ձգվում է ու զեկուցում, որ ամեն ինչ խաղաղ է ու տեսանելի:
-Այստեղից սկսվում է մեր սահմանը,-ձեռքով ցույց տալով դիմացը՝ ասում է դիտորդը,- ես շուտով երկու տարվա ծառայող կլինեմ, 2 տարի էլ ժամկետային ծառայող եմ եղել: Ազգությամբ եզդի եմ: Իմ հրամանատարները միշտ էլ գոհ են եղել իմ ծառայությունից: Կարևորը ոգիդ բարձր լինի` ամեն ինչ լավ կլինի:
Բարի ծառայություն մաղթելով շարքային, պայմանագրային Յուրա Խուդոյանին` հենակետի ավագի հետ շարունակում ենք ճանապարհը:
-Ասացի, որ այստեղ համեմատաբար խաղաղ է, սակայն ուզում եմ շեշտել, որ մենք շատ լավ գիտենք մեր այս դիրքերի կարևորությունը: Մենք ապահովում ենք թիկունքը, անմիջապես մեր դիրքերին կից բնակավայրն է: Եթե կրակեն մեզ վրա` գյուղն անպայման կտուժի, և նրանք զգուշանում են, որովհետև գիտեն, որ համարժեք պատասխանը չի ուշանալու:
Ապա ցույց է տալիս բարձունքի մեր ու թշնամու դեմ դիմաց դիրքերը: 2 դիրք մի գագաթի վրա, տեսանելի է հակառակորդի աջ թևը, որտեղ հիմնականում փլված, ավերակ շինություններ են: Հիմնականում քողարկված է, որպեսզի շարժը լինի աննկատ:
Հաջորդ դիտորդը` շարքային Նորայր Գրիգորյանը, Աշտարակի Ձորափ գյուղից է: Երկրորդ տարին է, ինչ անցել է պայմանագրային ծառայության: Ժամկետային ծառայության երկու տարիները նա նույնպես անցկացրել է սահմանային զորամասերում, որը հեշտացնում է նրա ծառայությունը:
Դիտորդը նոր լրացում է կատարում դիտարկման մատյանում, որովհետև իրենից առաջ շարքային Արմեն Խաչիկյանը գրառել է, որ առավոտյան ժամը 7-ից 9-ի սահմաններում թշնամու գետնատնակի մոտից ծուխ էր երևում-բարձրանում: Իսկ հիմա շարքային դիտորդ Նորայր Գրիգորյանը ավելացնում է. «Իմ դիտարկման ժամանակ ոչինչ չեմ նկատել»:
-Բացի «գրանցման մատյանում» գրառումից, ամեն հերթափոխ հանձնող դիտորդ, երբ ծառայության ընթացքում ինչ-որ կասկածելի բան է նկատում հակառակորդի դիրքերում, և հնարավոր է, որ դեռ ինքը չի կողմնորոշվել, թե ինչ վտանգ է սպառնում, հերթափոխի ժամանակ, բացի գրանցումից, բանավոր պետք է իրազեկի,- ներկայացնում է հենակետի ավագը։
Անցնում ենք դիրքերով, և դիտակետի ավագը մանրամասն բացատրություններ է տալիս ինժեներական կառույցների ծանր, խոշոր տրամաչափի զենքերի տեղակայման, ամրաշինական կառույցների մասին:
Հրամանատարական դիտակետի մոտով անցնելիս հենակետի ավագը բացատրում է.
«Աստված չանի, եթե պատերազմ լինի, վաշտի հրամանատարը այստեղից պետք է ղեկավարի դասակի մարտը, գործողությունները, իսկ հրետանային կրակի դեպքում անձնակազմին պետք է հրահանգի. «Ջո՛կ, դեպի թաքստոց»: Սա էլ մեր ջոկի թաքստոցն է»:
Այսպես զրուցելով վերադառնում ենք հենակետի կացարան, որտեղ գիշերային հերթապահությունից հետո իրենց հանգիստն են անցկացնում ջոկի տղաները` շարքային Էդգար Մաթևոսյանը, Արմեն Խաչիկյանը, Արթուր Գրիգորյանը, Գևորգ Մովսիսյանը, հաշվարկի հրամանատար Արման Աղեկյանը: Վաշտի հրամանատար, կապիտան Գագիկ Հակոբյանը (գումարտակի հրամանատար, մայոր Ա. Մուխսյանը մասնակցում էր հրամանատարական հավաքների) գովեստի խոսքեր է ասում տղաների հասցեին: Տղաները պատրաստվում էին ճաշի, և մենք էլ մասնակցում ենք զինվորական համեղ ճաշի: Զրույցը հիմնականում պայմանագրային ծառայության, թիկունքում գտնվող բնակավայրերի ու տղաների պաշտպանած կարևորագույն այս մարտական հենակետերի մասին էր: Երբ խոսք եղավ հասարակություն-բանակ` տեղի բնակչության ու զինծառայողների փոխհարաբերությունների մասին, տղաներից մեկը կատակով ասաց. «Մանավանդ այս շոգերին սառը ջուր են տալիս», և հետո լուրջ ավելացրեց. «Սերը զինվորի հանդեպ, իհարկե, կա, բայց, անկեղծ լինենք ու ասենք, որ ինչ հարգանք ցուցաբերես, այն էլ կստանաս»:
Հետո վաշտի հրամանատարը, հայացքը դիմացի գործարանին, հարցրեց.
-Այսօր տնօրենին տեսել ե՞ք:
Բացասական պատասխան ստանալուց հետո ավելացրեց. «Տնօրենը Ռազմիկ Թևոնյանն է` հրաշալի ու հայրենասեր մի հայորդի: Ամեն առավոտ աշխատանքի գնալուց նա ձեռքով ողջունում է բարձունքներում, դիրքերում կանգնած զինվորներին: Կտեսնեն, թե ոչ, դա չէ կարևորը, դա կարծես մի արարողակարգ է` հարգանք ու մեծարում հայոց բանակին, հայ զինվորին: Առաջին իսկ օրերից Ռազմիկ Թևոնյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ մարտնչել է այս բարձունքներում, և հրադադարից հետո, երբ Ռազմիկը նշանակվել է գործարանի տնօրեն, Սպարապետն ասել է. «Դու լավ գիտես սահմանամերձ բնակիչների հոգսերը, գործ կունենան, կաշխատեն, ամուր կմնան մեր սահմաններին»:
Այդ ցանկությամբ էլ հրաժեշտ տվեցինք տղաներին` ամուր մնացեք ու անսասան հայոց սահմաններին:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Ազգային բանակ