ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Մեկ այլ հայտնի ազատամարտիկ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) կարևոր դեր խաղաց 1894-1896 թթ. հայերի կոտորածների ընթացքում ինքնապաշտպանական շարժման կազմակերպման գործում: Ուսուցիչ և հասարակական գործիչ Դումանը թողնում է ամեն ինչ և զինվորագրվում հայրենիքի պաշտպանությանը: Նա ստեղծում է հատուկ ինքնապաշտպանության ծրագիր, որով պետք է առաջնորդվեին խմբապետները իրենց ջոկատներն առաջնորդելիս:
Դումանը գիտակցում էր ազգային պայքարի անհրաժեշտությունը` զորքի ուսուցման ընթացքում առանձնակի տեղ հատկացնելով որսորդական վարժությանը, քանի որ, ըստ նրա, այս վարժությունն է միայն, որ մարդուն կարող է մոտեցնել պատերազմի արվեստին` իր վրա կրել պաշարի ու ռազմամթերքի ծանրությունը, քայլել երկար, բարձրանալ լեռը, իջնել ձորը, շրջել ճահիճներում ու անտառներում, վարժվել քաղցի ու ծարավի, արագ նշանառության և անվրեպ կրակելու, ինչպես նաև սպանելու` կենդանի էակին դիակ դարձնելու սովորություն մշակել:
Նա կարևորում էր նաև անձնական նախաձեռնությունը յուրաքանչյուր մարտիկի և հատկապես ղեկավարի ուսուցման ընթացքում: «Որսորդութիւնն ունի մի ուրիշ շատ խոշոր առավելութիւն, այն, որ որսորդը գործում է անկախ և ինքնուրույն, և դրանով նրա մեջ զարգանում է հնարագիտութեան ոգին եւ նախաձեռնութիւնը (ինիցիատիվան), որ չափազանց կարևոր է խաղաղ կեանքի մեջ եւ, մանաւանդ, պատերազմի ժամանակ»:
Մեկ այլ ականավոր հայդուկ ազատամարտիկ` Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան), նույն այս շրջանում, թողնելով Առաքելոց մենաստանը, որտեղ նա հոր կամքով պատրաստվում էր մենակյաց դառնալ, սկսում է զենք-զինամթերքի հայթայթմամբ զբաղվել: Մի քանի շաբաթից վերադառնում է Սասուն և անդամագրվում Աղբյուր Սերոբի ջոկատին: Մասնակցում է 1891-1994թթ. Սասունի ինքնապաշտպանական մարտերին` հատկապես աչքի ընկնելով Տալվորիկի կռիվներում: Աղբյուր Սերոբի մահվան համար մեղավորներից անձամբ վրեժ է լուծում:
Ազգային բանակը նոր որակներով վերակազմավորվեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք: Սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին:
«Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» պաշտոնական տեղեկագրի «Զորք» հատվածում նշվում է. «Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ: Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը` շատ բարձր… Գլխավոր շտաբը, ինչպես և առանձին մասերի հրամանատարությունը, կազմված է զինվորական լրիվ կրթություն ստացած, կարգապահ սպաներից, որոնց մեծ մասն ունի ռուսական բարձր աստիճանների շքանշաններ…»:
Պետք է հավելել նաև, որ կադրային սպաների կողքին կային կամավորական խմբավորումներ, որոնց ռազմական փորձն ու վաստակը կասկած չէին հարուցում (Անդրանիկի զորամասը, Պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների ջոկատները և այլն):
Սպաների պատրաստման գործում այժմ էլ իրենց նշանակությունը չեն կորցրել Անդրանիկի զինվորական հրահանգները. «…խմբապետը ամբողջ խումբին ծառան է, և բոլոր մտահոգությունը իր վրա է ծանրացած՝ զինւորներուն կեանքի ապահովութիւնը, գործերու մեջ ունենալիք հեռատեսութիւնը, կառավարութեան ընելիք դավերը նախատեսելը, ժողովուրդը զինելու խնդիրը, զինւորներու պիտոյքները, կռիւներու մեջ ունենալիք քաջութիւնը, քիչ զոհ տալով կամ ամենևին զոհ չիտալով կռիւեն դուրս գալը և ունեցած ճարպկութեամբ երկար տարիներ գործ շարունակելը – այս ամենը խմբապետին հոգալու խնդիրներն են»:
Հայ մարտիկի, հրամանատարի կերպարի ձևավորման գործում հսկայական դաստիարակչական ազդեցություն են ունեցել և այժմ էլ ունեն նաև Գարեգին Նժդեհի բացառիկ հայրենանվիրությունը, հրամանատարական բարձր նկարագիրը և ոգեշունչ կոչերը: Մշտական մարտական պատրաստության վերաբերյալ նրա խոսքերն են. «Պատերազմ է անվերջ, եւ եթէ երբեմն ժողովուրդները կռւադաշտում չեն, ապա նրանք զօրանոցներում են, ուր խելայեղօրեն պատրաստւում են նորանոր բախումների համար»:
Նժդեհի խոսքերը բովանդակում են պատերազմների բովով անցած ռազմագետի հարուստ փորձը և դիտարկումները: Դրանցում կարելի է գտնել հրամանատարի աշխատանքում անհրաժեշտ` մանկավարժական գիտության հիմնարար շատ սկզբունքներ և մեթոդներ: Դրանցից են`
Լավատեսության սկզբունքը. «…Նրա համար մարդը այն չէ, որ տեսնում են, մարմինը չէ, այլ այն, որ կարող է լինել, այն, որ ընդունակ է լինելու մարդը, այն, ինչ որ ինքն է ուզում, որ լինի իր զինվորը, իր առաջնորդութեան յանձնւած մարդը»:
Անձնական օրինակի մեթոդը. «Նրա համար երեք բարձր ճշմարտություններ ունի ժողովրդական ինքնապաշտպանությունը-հոգեբանականը` պետք է լինել արի, բարոյականը` պետք է լինել անձնազոհ, քաղաքականը` պետք է լինել ինքնահարգ: Ահա թե ինչու է կատարեալ առաջնորդը նախ հոգեբանօրեն վերաստեղծում իր բանակը, տալով նրան իր հօգին: Դա ասել է միաժամանակ և դաստիարակ»:
Հրամանատար-զինվոր փոխհարաբերությունները. «Վերջապես նա ընկերն է իր զինւորի: Զօրքը եթե ոչ առաջին, ամենաուշը՝ երկրորդ օրը բնազդաբար ճանաչում է իր առաջնորդներին: Նա շատ շուտ է տարբերում «մեծ»-ը «փքված»-ից: Նա յարգում է գիտակցական կարգապահությունը, բայց չի սիրում պաղ և անհօգի պաշտօնականությունը…»:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Պատմության էջերից