Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՕՊ ԶՈՐՔԵՐՆ ՈՒՆԱԿ ԵՆ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ



Փոխգնդապետ Կարեն Դարբինյանը զինված ուժերում և հատկապես ՀՕՊ զորքերում ճանաչված անուն է, սպա, որը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, զորքը ղեկավարելու բանիմացությամբ, մարդկային բարձր նկարագրով: Որտեղ էլ նա նշանակվել է ծառայության, անխտիր արդարացրել է բանակի ղեկավարության վստահությունը, իսկ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները մշտապես ընդգրկվել են ԶՈՒ լավագույն կառույցների շարքը: Փոխգնդապետը ՀՕՊ ծառայության ուղն ու ծուծն իմացող սպա է, ինչը նա առիթ է ունեցել ապացուցելու ոչ մեկ անգամ: Վերջերս նրան վստահվեց մարտական կարևոր խնդիր կատարող զորամասերից մեկի հրամանատարի բարձր և պատասխանատու պաշտոնը:

Ներկայացնում ենք մեր թղթակից, մայոր Սամվել Հարությունյանի հարցազրույցը զորամասի հրամանատար, փոխգնդապետ ԿԱՐԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հետ:

-Պարոն փոխգնդապետ, Ձեզ պատասխանատու պաշտոն է վստահվել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ համակարգում: Ի՞նչ առաջադրանք է կատարում Ձեր հրամանատարությամբ գործող զորամասը:

-Մեր զորամասի հիմնական խնդիրը ՀՀ և ԼՂՀ օդային տարածքների պահպանությունն է:

Զորամասը իրականացնում է մարտական հերթապահություն, սպառազինությունն ու մարտական տեխնիկան մարտունակ են: Զորամասի ուժերն ու միջոցները ունակ են լիարժեքորեն կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Վերջին ժամանակներս դիվիզիոնների կազմով անցկացված մարտավարական զորավարժությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ անձնակազմերն ու հաշվարկները կարող են ինքնուրույն կատարել խուսավարում, տեղաշարժ, երթ և նոր նախանշված մեկնարկային դիրքում բերվել մարտական վիճակի, տանել մարտական աշխատանք, ինչպես նաև կրել մարտական հերթապահություն ընդհանուր ՀՕՊ համակարգում: Ինչպես արդեն նշեցի, զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում հակաօդային պաշտպանության համակարգում:

-Զորամասի կադրային համալրվածությունը պատշա՞ճ աստիճանի է:

-Զորամասը հիմնականում համալրված է արհեստավարժ սպայական կադրերով: Կարևորը, որ առանցքային պաշտոններն զբաղեցնում են բանիմաց, մարտական խնդրի կարևորությունը հրաշալի գիտակցող զինծառայողներ:

-Ուսումնական տարվա առաջին փուլն ինչպե՞ս փակեցիք:

– Զորամասի հանձնաժողովի ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքում զորամասը գնահատվել է բավարար: Հսկողական ստուգումներից հետո նախանշվել են լուծվելիք խնդիրները, համապատասխան պաշտոնատար անձինք, բոլոր ստորաբաժանումների հրամանատարները ստացել են ցուցումներ նշված թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Համոզված եմ` հետագայում զորամասը կունենա առավել բարձր ցուցանիշներ:

Վերադաս հրամանատարության կատարած ստուգումների արդյունքում զորամասը գնահատվել է դրական: Բացառությամբ մեկ ստորաբաժանման, որտեղ եղել է բացթողում. ինչի համար անցկացրել ենք ծառայողական քննություն, մեղավոր անձինք ստացել են համապատասխան տույժեր: Ինչպես նաև կատարել ենք պատճառների ճշտում, իրականացրել զգալի աշխատանք սխալներն ու բացթողումները չկրկնելու համար:

-Քանի որ զորամասը համալրված է նաև պայմանագրային զինծառայողներով, հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս է կատարվում համալրման գործընթացը:

-Նախքան որևէ մեկին համապատասխան ծառայության ներկայացնելը զորամասի հրամկազմի կողմից կատարվում է ընտրություն, ընդունվում են ստուգարքներ ֆիզիկական և շարային պատրաստությունից, կանոնադրությունների իմացությունից: Քանի որ ՀՕՊ զորամասում ծառայողի համար շատ կարևոր, ես կասեի՝ առաջնային է տեխնիկական, հատկապես ռադիոտեխնիկական գիտելիքների իմացությունը, ստուգում ենք նաև տեխնիկական գիտությունների իմացության մակարդակը, անձնական զրույց ենք անցկացնում նոր միայն կայացնում որոշում` ընդունել, թե ոչ:

-Ձեր դիտարկմամբ՝ ՀՕՊ զորքերում ծառայել ցանկացողների հոսքը բա՞րձր է, թե՞…

-Բարձր է: Բնակչությունը սիրում է զինվորական ծառայությունը: ՀՕՊ զորքերում ծառայել ցանկացողները շատ են և դրանով պայմանավորված մենք էլ ունենք որոշակի ընտրության հնարավորություն, և ինչպես նշեցի` նախապատվությունը տալիս ենք հատկապես ռադիոտեխնիկական գիտելիքներ ունեցողներին:

-Սպաների ուսուցումն ինչպե՞ս եք կատարում:

-Համաձայն հրամանատարական պատրաստության ծրագրի՝ մեր սպաներն ուսուցում են անցկացնում իրենց հրամանատարական խմբերում:

-Մեկնարկել է ամառային ուսումնական փուլը, ինչն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ:

-Ամառային ուսումնական փուլն սկսել ենք ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքներով: Ամրապնդելու և կատարելագործելու ենք զորամասի և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Անցկացրել ենք մարտավարաշարային պարապմունքներ: Այս ուսումնական փուլի ընթացքում մեր զորամասին բավականին լուրջ փորձություններ են սպասվում. ՌԴ զորավարժարանում մեր դիվիզիոնի հաշվարկը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2015» մարտավարական զորավարժությանը` մարտական հրաձգությամբ: Սեպտեմբերին կանցկացվեն օպերատիվ մարտավարական զորավարժություններ, որում նույնպես մեր զորամասից ընդգրկված կլինեն ստորաբաժանումներ: Արդեն իսկ պլանավորված են դիվիզիոնի կազմով տեղաշարժերը, խուսավարումը, ինչպես նաև նոր մարտական խնդրի կատարում լրիվ նոր տարածաշրջանում:

-Նշեք լավագույն ստորաբաժանումները:

-Ամփոփիչ հսկողական և ընթացիկ հանկարծակի ստուգումների արդյունքում լավագույնն է ճանաչվել փոխգնդապետ Ա. Ավետիսյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնը, որը լավագույնն է նաև ԶՈՒ ՀՕՊ համակարգում:

Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/08/2015