«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Հավաքի առօրյան հագեցած էր ոչ միայն ռազմամարզական և մշակութային միջոցառումներով, այլ նաև փորձառու մասնագետների վարպետության ցուցադրություններով, որոնց ընթացքում իրենց մասնագիտական հնարքները, արտակարգ իրավիճակներում գործելաոճը ներկայացրին ՀՀ ԶՈւ և ՏԿԱԻՆ փորձագետները: Հատուկ մասնակիցների համար կազմակերպվել էր «հետախույզի արահետ», որը հնարավորություն տվեց պատանիներին և աղջիկներին դրսեւորելու իրենց ճկունությունը, հնարամտությունը և արագությունը: Հայ և ռուս մասնագետները ներկայացրին նաև հրաձգության տեխնիկան, պատերազմում զանգվածային խոցման զենքից պաշտպանվելու կարգը, զինատեսակների հնարավորությունները, այդ թվում՝ դիպուկահարի, ինչպես նաև հետախուզական տարբեր զենքեր և դրանց կիրառման եղանակները:
Առավել ջերմ մթնոլորտ էր հավաքի բազայից դուրս ճամբարում, որի նպատակն էր սովորեցնել պատանիներին արտակարգ իրավիճակներում գործելակերպին: Դասերի ավարտից հետո խարույկի շուրջ հավաքված ճամբարականների բազմազգ խումբը վերածվել էր միջմշակութային գունագեղ հարթակի: Տարբեր ազգության պատանիները ներկայացնում էին իրենց ազգային երգն ու պարը, միասին կատարում ընդհանուրի համար սիրված երգերը:
***
Առավոտը ճամբարում սկսվում է մարմնամարզությամբ, որին հավասարապես մասնակցում են թե՛ տղաները, թե՛ աղջիկները: Տողանից հետո սկսվում է մրցումներով և դասընթացներով հագեցած օրը: Մրցումներ լողից, դանակի նետում, հրաձգություն, սուսերամարտ, սվինամարտ, ընդհանուր ֆիզպատրաստություն: Թիմերը մասնակցեցին նաև շարային պատրաստության դասընթացներին, հանձնեցին ստուգարք:
Ինչպես նշեց հավաքի կազմկոմիտեի փոխնախագահ, մարզական միջոցառումների պատասխանատու Վլադիմիր Ֆեդոսովը, թիմերը ֆիզիկապես լավ պատրաստված են, թեև որոշ թերություններ նկատելի էին նախնական զինպատրաստության տեսանկյունից. «Ոչ բոլոր երկրներում են անհրաժեշտ ուշադրություն դարձնում նախնական զինպատրաստությանը, և դա այս հավաքի ընթացքում աչքի է զարնում: Այնուամենայնիվ, բոլոր թիմերը հնարավորություն ստացան շտկելու բացթողումները: Մեր նպատակը թիմային մրցակցության ամրապնդումն էր, և մենք հասանք այդ նպատակին՝ դառնալով ականատեսը, թե ինչպես իրար անծանոթ, տարբեր ազգությունների պատանիները օգնում են, փոխլրացնում միմյանց և միասին ձգտում հասնել հաղթանակի»:
Բացի մրցույթներից, հավաքի մարզիչների և հյուրերի համար անցկացվեցին մասնագիտական դասընթացներ: Կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին նաև բժշկագիտության, լրագրության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության դասընթացներ, քննարկվեցին երիտասարդությանը հուզող տարաբնույթ հարցեր: Կադետները հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցելու դիվանագիտության դասընթացներին, այլ նաև հատուկ մրցույթի, որի ներսում պետք է ձևավորվեին վիրտուալ կազմակերպություններ, ընտրվեին խնդիրներն ու նպատակները, որից հետո փորձեին ներկայացնել օտարերկրյա այլ կազմակերպությունների հետ համագործակցության իրենց տեսլականները:
Ժյուրին բարձր գնահատեց թմրամիջոցների դեմ պայքարող լատվիական վիրտուալ կազմակերպության թիվ 1 «Հետախույզներ» ջոկատի ներկայացումը՝ թեմայի արդիականության, հատուկ պատրաստվածության և ներկայացման որակի համար:
Իրենց ակտիվ դրսեւորեցին նաև մարզիչները: Ռուսաստանցի հայտնի լողորդ, մարզիչ Ալեքսանդր Սավարինսկին հանդես եկավ ինքնատիպ նախաձեռնությամբ՝ Մեծ հաղթանակի պատվին մասնակցելով 5 կիլոմետրանոց լողին, որը նա հաղթահարեց 1 ժամ 43 րոպեում:
-Սա իմ յուրահատուկ տուրքն է Մեծ հաղթանակը կերտողներին, – նշեց նա:
***
Մշակութային ծրագրի շրջանակներում հավաքի մասնակիցները օգոստոսի 25-ին այցելեցին «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղան Էջմիածնում, Գեղարդի վանական համալիրում, ծանոթացան Գառնիի հեթանոսական տաճարի պատմությանը, ինչպես նաև հայաստանյան մի քանի այլ պատմամշակութային նշանավոր վայրերի:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուսանկարները՝
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ