ՆՈՐ ՏԱՐԻ ԿԱՄ ԿԱՂԱՆԴ
Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են եւ՛ քրիստոնյաները, եւ՛ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ հոգեւոր խորհուրդ ունի: Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն եւ լինելություն: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին եւ ընծաներ մատուցում։ Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչեւ Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից եւ ավանդվեց հրեաներին:
Մյուս ազգերը սկսեցին Տարեմուտը տոնել տարբեր օրերի: Լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետները իրենց ընտանիքներն առաջնորդեցին դեպի իրենց վիճակված երկրները, եւ այն օրը, երբ տեղ հասան, Տարեմուտ հայտարարեցին իրենց ազգի համար, եւ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Հայերը Տարեմուտը տոնում էին ամռանը՝ օգոստոսի 11-ին, ըստ հայկական օրացույցի՝ նավասարդի 1-ին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին եւ ազատություն պարգեւել իր տոհմին ու հետնորդներին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:
Եգիպտացիները, եթովպացիները, կապադովկիացիները, վրացիները եւ աղվանները տոնում էին հայերից չորս օր հետո: Հույների ու ասորիների Տարեմուտն աշնանն էր՝ սեպտեմբերին: Հռոմեացիներինը՝ ձմռանը՝ հունվարին:
Եբրայեցիների Տարեմուտը նիսանի 1-ին է, քանզի նրանք նիսան ամսին ազատվեցին Եգիպտոսի ստրկությունից եւ առաջնորդվեցին դեպի իրենց վիճակված երկիրը, ինչը Տիրոջ նախախնամությամբ համընկավ Ադամի արարման օրվա հետ: Տերն այդ օրը կարգեց հրեաների Տարեմուտը՝ ըստ այս խոսքի. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք ԺԲ 2):
Այսօր բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչեւ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մեզ ազատեց հավիտենական մահից եւ առաջնորդում է Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ այդ ամիսը մեզ համար դարձավ ամիսների սկիզբ: Ինչպես հին Իսրայելը Մովսեսի միջոցով ազատվեց մարմնավոր եւ ժամանակավոր գերությունից ու հրաման ստացավ անբան գառների արյունը ցողել տան դռան սեմերին եւ Տարեմուտ տոնել, այդպես էլ նոր Իսրայելը՝ Եկեղեցին, Աստծու Միածին Որդու միջոցով ազատվեց հոգեւոր եւ հավիտենական մահից ու հրաման ստացավ Աստծու անարատ Գառան Արյամբ ցողել հոգու եւ մարմնի սեմերը եւ ուրախությամբ բոլորին հայտնել, որ գերի էինք, եւ Աստված մեզ ազատեց:
Դա մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է, եւ այդ օրը եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում: Այդ օրը հավաքվում ենք միասին, տոնում Տարեմուտը եւ միմյանց ընծաներ մատուցում՝ ասելով՝ «Շնորհավո՛ր Նոր տարի»: Եվ գոհություն ու երկրպագություն ենք մատուցում Տիրոջը, որ անցնող տարին խաղաղությամբ անցկացրինք եւ խնդրում, որ եկող տարում եւս մեզ խաղաղությամբ պահի:
Տասնութերորդ դարում, Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի տոմարով, հունվարի 1-ն ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ հայերիս համար:
Ժողովրդի մեջ սովորություն կա ամանորյա տոների կապակցությամբ տոնածառ զարդարել, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Մեզանում ընդունված է եղեւնի զարդարել, որի մշտադալարությունը խորհրդանշում է Աստծու անսպառ բարիքները եւ անհատնում շնորհները:
Իսկ կեսգիշերին նվերներով մեզ հյուր եկող Ձմեռ պապը, ըստ ավանդության, սուրբ Նիկողայոս հայրապետն է՝ Զմյուռնիա քաղաքի մետրոպոլիտը: Նա 325 թ. մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին եւ եղել 318 հայրապետների թվում: Սուրբ Նիկողայոսը, ում եվրոպացիներն անվանում են «Սանտա Կլաուս», մեծ սքանչելագործ է եղել: Նա իր աղոթքներով օգնության է հասել բազում նեղյալների: Նրա աղոթքներով վերստին բխել են ցամաքած աղբյուրները, բազմացել է հացը, հալածվել են դեւերը, սրբվել՝ ախտակիրները: Սուրբ Նիկողայոսի մահից հետո էլ մարդիկ շարունակել են դիմել նրա բարեխոսությանը եւ ստացել իրենց խնդրվածքները: Այդ պատճառով էլ ժողովրդի մեջ տարածվել է այդ ամենահաս սրբի համբավը եւ հասել մինչեւ մեր օրերը: Սուրբ Նիկողայոսի տոնը Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի տոնի տասներորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր