ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է
Օրեր առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրեց, որ զորքերում սեզոնային ինֆեկցիոն հիվանդություններ չկան, ու համաճարակային իրավիճակը կայուն է: Այդուամենայնիվ, ես որոշեցի զրուցել նաև զորամիավորումներից մեկի բժիշկ-համաճարակաբան, բ/ծ մայոր Արմինե Հակոբջանյանի հետ՝ խնդրելով առավել հանգամանալից ներկայացնել զորքերում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները և խոսել դրանց արդյունքների մասին:
-Մայոր Հակոբջանյան, մինչև ամառվա սեզոնային համաճարակների դեմ կանխարգելիչ միջոցառումների մասին խոսելը, ուզում եմ անդրադառնալ 2014 թվականի ձմռանը, երբ ատիպիկ թոքաբորբը տարածվել էր զորքերում, բայց համաճարակը շրջանցեց Ձեր զորամիավորման զորամասերը: Չեմ կարծում, թե դա պատահականություն էր:
-Ո՛չ, իհարկե, պատահականություն չէր: Նախ ասեմ, որ այդ ժամանակ թոքաբորբերը կրում էին կայծակնային բնույթ, կլինիկապես արտահայտվում էին միանգամայն տարաբնույթ ախտանիշներով, և վիրուսի վիրուլենտությունը շատ բարձր էր: Եղել են դեպքեր, երբ ախտահարված թոքերով զինծառայողը չի գանգատվել, և հիվանդությունը բացահայտվել է կանխարգելիչ հետազոտության արդյունքում: Մենք փորձեցինք ամեն կերպ խուսափել համաճարակից և հնարավորինս սահմանափակեցինք շփումը «դրսի աշխարհի» հետ, «փակեցինք վիրուսի ճանապարհը» դեպի զորամասեր: Արգելվեց պարտադիր ժամկետային զինծառայողների շփումը ծնողների ու հարազատների հետ: Արգելվեցին արձակումները և արձակուրդները: Իսկ ամենաթեթև կլինիկական ախտանիշների դեպքում հիվանդ սպաներին ու ենթասպաներին տնային պայմաններում բուժվելու հնարավորություն ընձեռվեց:
Իհարկե, իրականացվեցին նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ` կանխարգելիչ հետազոտություններ, հիվանդների արագ մեկուսացում, բուժում և այլն:
-Այս ամառ աննախադեպ շոգ էր, ինչը աղիքային վարակների տարածման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Օդերևութաբանների հավաստմամբ` սեպտեմբերի կեսերից կրկին սպասվում է տաք եղանակ: Ի՞նչ է արվում համաճարակից խուսափելու համար:
-Աղիքային վարակները փոխանցվում են ֆեկալ-օրալ մեխանիզմով՝ ջրային, սննդային և կենցաղակոնտակտային ուղիներով: Ամռան ամիսներին մեծանում է նաև ճանճերի դերը՝ որպես աղիքային վարակիչ հիվանդությունների կենդանի փոխանցողներ: Առաջնահերթ ուժեղացրել ենք հսկողությունը ջրի և սննդամթերքի որակի նկատմամբ: Սննդի որակին առնչվող ամենաչնչին կասկածի դեպքում արգելվում է սննդի մատուցումը զինծառայողներին: Առավել մեծ ուշադրություն է դարձվում հիգիենային` ինչպես հասարակական, այնպես էլ անձնական: Պարբերաբար սանիտարալուսավորչական աշխատանքներ ենք իրականացնում, հիմնավորում, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել հիգիենայի կանոնների խախտումը, մասնավորապես՝ ամռանը: Նույնիսկ տեսաֆիլմ է ցուցադրվել, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես են անձնական հիգիենայի կանոնների խախտման դեպքում մանրէները կեղտոտ ձեռքերից փոխանցվում մի անձից մյուսին ու ներթափանցելով օրգանիզմ՝ ախտահարում ստամոքս-աղիքային համակարգը: Տեսաֆիլմը գործնականում բավականին ուսանելի էր: Նաև հետևում ենք, որ զինվորները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները:
Կարևորում ենք նաև սննդամթերքի պահպանման կանոնադրական պահանջները և հետևում դրանց կատարմանը: Փոքրիկ շեղումներն անգամ, հատկապես ամառանը, կարող են ծանր հետևանքների հանգեցնել, ուստի աչալրջորեն հետևում ենք, որ սննդամթերքի պահպանման պայմանները, պիտանելության ժամկետները, ճաշատեսակների պատրաստումը, մատուցումը և մյուս տեխնոլոգիական գործընթացները չշեղվեն սահմանված չափորոշիչներից:
Մեծ նշանակություն ունեն նաև կանխարգելիչ պարբերական բժշկական հետազոտությունները, որոնք հնարավորություն են ընձեռում հայտնաբերելու վարակակիրներին և կլինիկական ախտանիշներ չունեցող հիվանդներին: Վաղ հայտնաբերումը հեշտացնում է բուժումը, ինչպես նաև սահմանափակում է վարակի տարածումը:
-Բոլոր զորամասերը ունե՞ն համապատասխան մեկուսարաններ` ինֆեկցիոն հիվանդներին առողջներից մեկուսացնելու համար:
-Այո՛, բոլոր զորամասերում կան մեկուսարաններ` համապատասխան կահավորմամբ:
-Երբ խոսում ենք զորամասի հիգիենայի մասին, տարրական մաքրությո՞ւնը նկատի ունեք, թե՞ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:
-Չգիտեմ` տարրական մաքրություն ասելով Դուք ի՞նչ նկատի ունեք, սակայն զորամասերում պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ, իսկ համաճարակային ցուցման առկայության դեպքում ախտահանման ռեժիմը խստացվում է:
-Զինվորները ճաշարան մտնելուց առաջ ձեռքերը ախտահանում են քլորամինի լուծույթով: Քլորամինը չի՞ վնասում ձեռքերի մաշկը:
-Ո՛չ, լուծույթը թույլ խտության է։ Ամենակարևորն այն է, որ զինվորների գիտակցության մեջ արմատավորվի մաքուր կենցաղավարության կարևորությունը, և այն դառնա կայուն կենսակերպ: Զինվորը պետք է անձամբ հետևի իր անձնական հիգիենայի պահպանմանը, այլապես հսկողությունն ու պարտադրանքը արդյունք չեն կարող տալ: Այս պարագայում շեշտադրվում է համատեղ փոխլրացնող գործունեության խնդիրը, երբ բոլոր օղակները ճիշտ են իրականացնում հիգիենայի պահանջները։
-Որպես բժիշկ-համաճարակաբան՝ քանի՞ տարվա ծառայողական փորձառություն ունեք։
-ՀՀ զինված ուժերում ծառայում եմ 2002 թվականից: Օգտվելով պատեհ առիթից՝ զինվորական համազգեստի ու ռազմական բժշկի գործի նկատմամբ համակրանքս ու պատկառանքս մեկտեղեցի:
-Ձեզ լա՞վ եք զգում զինվորական միջավայրում:
-Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Բանակը, զինվորները, ծառայողական առօրյան սրտամոտ ու հարազատ են ինձ:
-Դուք ավելի շատ բժի՞շկ եք, թե՞ զինվորական:
– Մեկը մյուսից հնարավոր չէ տարանջատել:
-Զինվորական համազգեստը փոխում է մարդուն, Ձեր մեջ ի՞նչ է փոխել այն:
-Ինձ տվել է տարբեր բարդ իրավիճակներում ավելի արագ կողմնորոշվելու ընդունակություն, օպերատիվություն և երբեմն հստակ- կոշտ դիրքորոշում դրսևորելու ունակություն: Բժիշկ համաճարակաբանը ոլորտին առնչվող ամենաչնչին թվացող բացթողումների հանդեպ պետք է լինի կտրուկ և անհանդուրժող, միաժամանակ և զգոն, քանի որ գործ ունի զինվորի- հայրենիքի պաշտպանի հետ: Կարծում եմ` մեր զորամիավորման բժշկական ծառայության հաջողությունները պայմանավորված են ծառայական պարտականությունները մեծագույն պատասխանատվությամբ կատարելու մղումով, գերազանց արդյունք ունենալու մեծ ցանկությամբ: Պրպտում-գտնում ենք միջոցներ, որ հնարավորինս բացառվեն վարակները, դրանց տարածումն ու համաճարակային բռնկումները: Որ զինվորն ու սպան առողջ լինեն: Առողջությունը հզոր ուժ է բանակում:
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Ազգային բանակ