Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ



«Սխալ կլինի, եթե ասեմ՝ իմ կյանքը Հայաստանում է կամ Եվրոպայում.
իմ կյանքը շախմատում է»:

Աշխարհահռչակ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի բազմակի չեմպիոն, համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող, մինչեւ 20 տարեկանների աշխարհի կրկնակի հաղթող, աշխարհի գավաթակիր, բազմաթիվ գերմրցաշարերի հաղթող, «կույր» եւ «արագ» շախմատի «Ամբեր» մրցաշարի քառակի հաղթող:

Ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 6-ին, Երեւանում:

Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում:

* 1996թ. 14-ամյա Լեւոնին շնորհվեց միջազգային վարպետի կոչում:

* 2000թ. նրան շնորհվեց միջազգային գրոսմայստերի կոչում:

* 2001թ.-ից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը:

* 2005 թ. դեկտեմբերին նա հասավ իր կարիերայի առայժմ ամենամեծ նվաճմանը՝ Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը:

* 2006 թ. մարտին նա գերազանց հաղթանակ տարավ Լինարեսի (Իսպանիա) 20-րդ կարգի ուժեղագույն մրցաշարում՝ 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր:

* 2006 թ. հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի եւ Արտաշես Մինասյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այդ հաղթանակի համար նա եւ թիմակիցները պարգեւատրվեցին Մովսես Խորենացու մեդալով:

* 2006 թ. Գերմանիայի Մայնց քաղաքում Պյոտր Սվիդլերի հետ եզրափակիչ մրցախաղում նվաճեց «Շախմատ-960»-ի (Ֆիշերի շախմատ) աշխարհի չեմպիոնի կոչումը:

* Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային օլիմպիադաների հաղթող:

* Բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 եւ 2014):

* 2008 թ.Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց 2006 թվականի իր հաջողությունը՝ դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Այդ հաղթանակի համար Արոնյանը եւ թիմի մյուս անդամները՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը, պարգեւատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

* 2010 թ. կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

* 2011 թ. հուլիսի 17-ից 26-ը Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի հավաքականի կազմում (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան,Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան) դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող:

* 2012 թ. սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երրորդ անգամ հաղթեց համաշխարհային օլիմպիադայում: Այդ հաղթանակի համար Լեւոն Արոնյանը ՀՀ նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

* 2014 թ. հոկտեմբերի 8-ին քաղաքամայր Երեւանի 2796-րդ տարեդարձի առթիվ Լեւոն Արոնյանին շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

* 2013 թ.-ի ապրիլին Արոնյանը մասնակցեց աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին, որի առաջին հատվածը կայացավ Փարիզում, իսկ երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգում, եւ 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ Լեւոնը իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ բաժանեց 1-ին տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց հաղթող:

* 2013 թ. հոկտեմբերին Իսպանիայի Բիլբաո քաղաքում մասնակցեց «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակիչ` «Շախմատային վարպետներ» մրցաշարին եւ 10 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:

* 2014 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի թիմային 9-րդ առաջնությանը, որտեղ 1-ին խաղատախտակի վրա ցույց տալով գերազանց արդյունք (8 հնարավորից՝ 6 միավոր՝ 75 տոկոս)՝ արժանացավ անհատական ոսկե մեդալի:

* 2014 թ. հունվարի 10-ից 26-ը Նիդերլանդների Վեյկ ան Զե քաղաքում հաղթելով Tata Steel Chess ավանդական փառատոնի մրցաշարում` դարձավ մրցաշարի քառակի հաղթող եւ իր անհատական վարկանիշն ավելացրեց 14 կետով՝ այն հասցնելով 2826-ի:

* 2014 թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ը Լեւոնը Ցյուրիխում (Շվեյցարիա) մասնակցեց պատմության մեջ ամենաբարձր՝ 23-րդ կարգի մրցաշարին` ընդհանուր հաշվարկով բաժանեց 2-3-րդ տեղերը` եւս 4 կետով բարելավելով իր անհատական վարկանիշը (դասական շախմատ)՝ հասցնելով իր համար ռեկորդային՝ 2830 ցուցանիշի:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Մարզաշխարհ


03/09/2015